Աշխարհից հոգնած…


 

Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներն օրերս ինքնասպանության փորձի դեպք են կանխել: Կեսօրին մոտ ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի փորձում է ցած նետվել Արարատյան 1-ին զանգվածի թիվ 16 շենքից:

Անմիջապես դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը կանխել է Դուրյան փողոցի 16 շենքի թիվ 31 բնակարանում վարձակալությամբ բնակվող, 85-ամյա Արշակ Պողոսյանի ինքնասպանության փորձը:

Ըստ թոշակառու տղամարդու խոստովանության` տանը գտնվելով միայնակ, կենցաղային պայմաններից դրդված, ինքնասպանություն գործելու նպատակով փորձել է ցած նետվել բնակարանի բաց պատշգամբից:

«Հոգնել էի աշխարհից, ապրել չէի ուզում»,- պահի ազդեցության տակ այդ ծայրահեղ քայլին դիմած և ոստիկանների միջամտությունից հետո իր արարքից, իր խոսքով` «փոշմանած»` անկեղծացել էր Արշակ պապը:

Իսկ այդ նույն օրն առավոտյան ինքնասպանության մեկ այլ ցավալի դեպք ավարտվել է ողբերգությամբ:

Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Բյուրավան գյուղում: 49-ամյա Քաջիկ Մուրադյանն առավոտյան ահազանգել է ոստիկանություն` հայտնելով, որ նույն հարկի տակ ապրող մայրը` 77-ամյա Վարդիթեր Մուրադյանը, ինքնասպանություն է գործել:

Բյուրավան գյուղ մեկնած ոստիկանները պարզել են, որ գիշերը կինն իր ննջասենյակում, շորի կտորը քթի և բերանի մեջ մտցնելու միջոցով` ինքն իրեն շնչահեղձ է արել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: