ՂԱՐԱԲԱՂՆ ԻՐԱՊԵՍ ՀԶՈՐԱՆՈՒՄ Է


 

Ադրբեջանական դիվանագիտությունը սկսել է լուրջ ճաքեր տալ` անընդհատ հայտնվելով պարտությունների մեջ: Մինչդեռ ղարաբաղյան դիվանագիտությունը հանգիստ, անաղմուկ` իր գործառույթներն է իրականացնում` այսպես անկախության ճանաչման տեսլականն օրավուր դարձնելով իրականություն:

Ավստրալիայի նահանգներից մեկը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի ինքնիշխանությունը: Այս փաստը մեզ համար արդեն հնացած է, որովհետև մի քանի օր առաջ տեղեկանալով այս մասին` մենք համազգային ցնծության տոներ չապրեցինք, այլ պարզապես մեր գոհունակությունը հայտնեցինք, որ աշխարհում վերջապես ջանքեր են գործադրում պատմական ճշմարտության վերականգնման համար: Ինչպես նշել ենք, ավստրալիական նահանգից առաջ` ԼՂՀ անկախությունը ճանաչել էին ԱՄՆ երկու նահանգ: Համոզված ենք և հավատում ենք, որ առաջիկայում Արցախի ճանաչումը տեղի կունենա նաև որևէ պետության մակարդակով:

Ադրբեջանում, իհարկե, հերթական հիսթերիան են բարձրացրել, հերթական անգամ բողոքի նոտաներ են հղել, հերթական անգամ վայնասուն են բարձրացրել: Չէ, պատճառն այն չէ, որ այս կամ այն նահանգը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը` չհարցնելով Ադրբեջանի կարծիքը: Այլ այն, որ Ադրբեջանի փչած ստի փուչիկն արդեն պայթում է, ու աշխարհի շատ երկրներում հասկանում են, որ տարիներ շարունակ ադրբեջանական քարոզչամեքենան սուտ ու կեղծիք է տարածում` երբեմն էլ աղիողորմ լացելով ու կոկորդիլոսի արցունքներ հեղելով, թե` հասե˜ք, հայերն օկուպացրել են մեր հողերը…

Ադրբեջանում շատ լավ գիտեն, որ «մեր հողերն» իրենց հողերը չեն, որ դրանք օրինական ու պատմականորեն հաստատված տերեր ունեն` արցախցիները, ովքեր կռիվ են տվել այդ հողերի համար և քսան տարուց ավելի պաշտպանում են այդ հողերն ու մտածում սեփական երկրի բարգավաճման մասին: Ադրբեջանում նաև լավ գիտեն, որ իրենց ավանդական բարեկամների (ովքեր տարիներ շարունակ խոչընդոտել են ղարաբաղյան խնդրի կարգավորմանը) դիմակներն արդեն պատռվում են, որ բացահայտվում են այն խարդավանքները և ծածկադմբոց արված պայմանավորվածությունները, որոնք ընկած են եղել Ադրբեջանի և աշխարհի հզոր երկրներից մեկի հարաբերություններում:

Ուրեմն, այսօր արդեն Ադրբեջանը կանգնած է դիվանագիտական ֆիասկոյի առջև, որովհետև ղարաբաղյան դիվանագիտությունն օրավուր հզորանում է, իսկ ահա ադրբեջանականը թույլ է տալիս կարևորագույն սխալներ: Այդ սխալներից մեկը Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումն էր, ինչը աշխարհում բողոքի ալիք բարձրացրեց և ցույց տվեց այդ երկրի իրական դեմքը: Իլհամ Ալիևը կամենում էր աշխարհին ցույց տալ, թե ինքն այնքան ուժեղ է, որ կարող է արհամարհել բոլոր իրավական «պայմանականությունները», թե թքած ունի աշխարհի կարծիքի վրա: Նա իրեն այդպես է պահում սեփական երկրում` իշխանապաշտ ադրբեջանցիներին հավատացնելով, թե միջազգային հարթակներում ևս իր սուրն աջ ու ձախ կտրում է… Այսպես էր մտածում նաև Հունգարիայի վարչապետը, ով իր երկրի հեղինակությունն ու պատիվը ծախեց ոչ միայն Ադրբեջանի խոստացած մոտ երեք միլիարդ դոլարով, այլև անձնապես իր գրպանը հոսած գումարներով, որոնց մասին արդեն բարձրաձայնում են անգամ Ադրբեջանում: Աշխարհում Իլհամ Ալիևին հասկացրեցին, որ բարոյականությունն ու արդարադատությունը մշտապես քայլում են թևանցուկ, ուստի այս զույգի դեմ ելնողները մշտապես պատժվում են: Իբրև պատժաձև` շուտով սկիզբ կառնի ԼՂՀ անկախության ճանաչման շքերթը:

Սակայն սա միայն աշխարհի` Ադրբեջանի հանդեպ փոխվող վերաբերմունքի արտահայտությունը չէ լոկ: Սա ապացույցն է Լեռնային Ղարաբաղի հզորության: Արհամարհելով բոլոր արգելքները, հաշվի չնստելով Եվրամիությունը ներկայացնող գեղեցկախոս տիկինների կշտամբանքների հետ, ովքեր չեն ընդունում ղարաբաղյան ընտրությունները` ԼՂՀ-ն շարունակում է պետականաշինարարության գործընթացները: Այսպես նաև աշխարհին հասկացնել է տալիս, որ կիրառելով երկակի ստանդարտներ, ճանաչելով Կոսովոյի անկախութ յունը կամ էլ Արևմտյան Թիմորի` աշխարհը մեծ սխալներ է գործում: Իսկ ահա Ղարաբաղը, մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազի բառերով ասած` կանգուն է իր լեռների պես: Ղարաբաղն իր ճանաչման համար ընտրել է լավագույն ճանապարհներից մեկը` մշակութային ինտեգրման քաղաքականությունը, որի շնորհիվ Արցախն աստիճանաբար վերածվում է տարածաշրջանային մշակութային կենտրոնի:

Ավստրալիական նահանգի կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանում համարում են դատապարտելի արարք: Դա իրենց գործն է, որովհետև ճշմարտությունն արդեն դառնում է անկասելի: Ադրբեջանում փրփրակալել են նաև, որ Խոջալուի հորինված «ցեղասպանությունը» չի ճանաչվում շատերի կողմից: Բայց ադրբեջանցիք իրե´նք շատ լավ գիտեն, որ ոչ մի ցեղասպանություն չի եղել, որ եղել է սեփական ժողովրդին կոտորելու փաստը, ինչն արձանագրված է նաև ադրբեջանական աղբյուրներում: Այդ մասին հրապարակավ հայտարարել է Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, ում քաղաքական վտարանդի են հռչակել միայն այն բանի համար, որ համարձակվել է ասել ճշմարտությունը: Թուրքիայում էլ տևական ժամանակ հալածում էին նրանց, ովքեր խոսում էին հայկական ցեղասպանության մասին: Հիմա թուրքական մամուլն ազատորեն օգտագործում է Մեծ եղեռն արտահայտությունը…

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ