Խրոխտ, հզոր ու հպարտ...


 

Ճանապարհը դեպի մարտական դիրքեր փոշոտ է ու քարքարոտ: Հայացքով փորձում եմ կլանել հնարավոր ամեն ինչ: Ընդամենը 2 տասնամյակ առաջ այստեղ մարտական թեժ գործողություններ են իրականացվել, իսկ այսօր ճանապարհի աջ ու ձախ կողմերին մշակովի հողատարածքներ են: Մարտական այս հենակետին ամենամոտ գտնվող հայկական գյուղը Ճարտարն է, սակայն վտանգը մեծ չէ, քանի որ սահմանից բավականաչափ հեռու է: Ադրբեջանական բնակավայրերը ևս բավական հեռու են դիրքերից: Մեզ ուղեկցում է զորամասի հրամանատարի` մարտական հերթապահության գծով տեղակալ, փոխգնդապետ Երվանդ ԳԱԼՍՏՅԱՆԸ.

- Մարտական այս հենակետը հակառակորդից ընդամենը 200-300 մ հեռավորության վրա է: Ժամանակին այս տարածքում թեժ մարտեր են ընթացել` Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ: Այսօր էլ հակառակորդը բավական հաճախակի է խախտում հրադադարի ռեժիմը` առանց որևէ հստակ պարբերականության: Երբեմն` օրվա մեջ մի քանի անգամ, երբեմն էլ` մի քանի օր կրակոցներ չեն լսվում: Հակառակորդի գնդակից վիրավորվելու դեպքեր չենք ունեցել, իսկ դիվերսիոն խմբեր առհասարակ այս պաշտպանական շրջանի մարտական հենակետեր չեն թափանցել, քանի որ մեր զինծառայողները կանխել ու չեզոքացրել են:

Մոտենում ենք խրամատին: Դիրքի ավագը զեկուցում է փոխգնդապետին, որ իր հերթապահության ընթացքում արտառոց ոչինչ չի կատարվել:

Քիչ անց զրուցում ենք զինվորների հետ: Բոլորն էլ վստահեցնում են, որ մարտական հերթապահության օրերն առավել հետաքրքիր են, քան զորամասում անցկացրած ժամանակը:

Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Սարգսյանը Մոնթեի զինվորն է եղել.

- Ավոյից բացի մեր զորամասում է ծառայել նաև ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը: Եվ հենց հերոսների կերպարն է առաջին հերթին ամրապնդում մեր զինվորների մարտական ոգին: Ես տարբերություն եմ տեսնում մեր և այլ զորամասերում ծառայող զինվորների միջև:

Մթնոլորտն այնքան ջերմ է, բոլորը` այնքա˜ն հարազատ: Այնքան համարձակություն ու ինքնավստահություն կա մեր զինվորների աչքերում, կեցվածքում...

Զույցի ժամանակ դիրքապահ զինվորը իր սրտի խոսքն է փոխանցում ծնողներին: Աչքերս լցվում են, զինվորը մի պահ շփոթվում է, ժպտում... Սրբում եմ արցունքներս...

Մեծ դժվարությամբ ենք հրաժեշտ տալիս զինվորներին ու լքում մարտական հենակետը: Սակայն հոգուցս մի մասնիկ թողնում եմ այնտեղ ու տանում եմ ինձ հետ նրանցից փոխանցված ուժն ու ոգին…

***

Այնտեղ` հեռավոր մարտական հենակետում, ամեն րոպե կանգնած է զինվորը` ինքնավստահ, խրոխտ, հզոր ու հպարտ... Այնտեղ է մեր ժամանակների հերոսը.. նա ամեն օր, ամեն ժամ սխրանք է գործում. հաղթահարում մարդկային վախն ու սևեռուն հայացքն ուղղում դեպի հակառակորդի հենակետը...

Հ. Գ. Զորամասի զինավանում սպաների երեխաների հետ անմիջապես ընկերացանք: Հարցը, թե ճանաչո՞ւմ են Մոնթե Մելքոնյանին` մի փոքր շփոթեցրեց նրանց: Մեզ էլ զարմացրեց հապաղումը... ապա երեխաներից մեկը հանկարծ բացականչեց.

- Դե ասա Ավոն, էլի...

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ       մեր հատուկ թղթակից    Երևան - Արցախ