Մովսես ՀԱԿՈԲՅԱՆ.

«Ես հա­վա­տում եմ իմ զին­վո­րին»


 

Անցյալ շաբաթ ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներով ուղևորվեցինք դեպի Արցախ` Մարտունու պաշտպանական շրջան: Անակնկալ ստուգումների արդյունքում մի քանի անգամ լավագույնը ճանաչված զորամասը ջերմությամբ հյուրընկալեց մեզ: Իսկ մարտական դիրքերում առավել պարզորոշ ուրվագծվեց հայ սպայի ու զինվորի բարձր նկարագիրը...

Ընթացիկ տարին ԼՂՀ Պաշտպանության բանակի համար հագեցած է եղել բարեփոխումներով ու մարտունակության բարձրացմանը միտված ծավալուն աշխատանքներով:

Հսկայական աշխատանքներ են իրականացվել` առաջնագծում իրավիճակը շտկելու ուղղությամբ: Այսօր արդեն զինվորը կարող է առավել հանգիստ պայմաններում դիտարկում կատարել` առանց կյանքը վտանգելու:

Այս տարի հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտելուն զուգընթաց` հակառակորդը դիվերսիոն գործողության 7 փորձ է կատարել, որոնք կանխվել և չեզոքացվել են մեր զինվորների կողմից: Հակառակորդը, կորուստներ տալով, նահանջել է:

Աշխատանքները բոլոր ուղղություններով շարունակական բնույթ են կրում, և արդյունքներն անշուշտ տեսանելի են: Իսկ ասվածն առավել իրատեսական է թվում, երբ այդ մասին հավաստիացնում է ՊԲ հրամանատարը: Գեներալ- լեյտենանտ Մովսես Հակոբյանի խոսքերով`

- Վստահաբար կարող եմ ասել` ես կասկած չունեմ, որ հարկ եղած դեպքում մեր զինվորը դիպուկ է կրակելու` հակառակորդին ոչնչացնելու համար: Ցանկացած վայրում, ցանկացած զենքից: Կասկած չունեմ, որ մեր զինվորը հակառակորդի խրամատ է հասնելու անհրաժեշտ ժամկետում: Ես վստահ եմ, որ մեր զինվորը մարտի դաշտում կարող է գործել այնպես, որ հակառակորդը չկարողանա նրան հայտնաբերել: Այս ամենը մեզ վստահություն է ներշնչում, որ համարձակորեն հայտարարենք` այսօր մեր զինվորը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները: Ես հավատում եմ իմ զինվորին: Եվ գիտեմ` նա այսօր իր խնդիրը կկատարի ցանկացած պայմաններում:

- Ձեր գնահատմամբ` ինչպիսի՞ն է այսօրվա հերթափոխը: Նախազորակոչային տարիքում ո՞ր օղակներն են թերանում իրենց աշխատանքում, որպեսզի նորակոչիկն առավել պատրաստված համալրի Զինված ուժերի շարքերը,- «Ավանգարդի» այս հարցին Մովսես Հակոբյանը պատասխանեց.

- Ամենամեծ թերությունը գալիս է պաշտպանության նախարարից` ինձնից, և այդպես իջնում դեպի ներքև: Կան խնդիրներ, որ մենք պետք է լուծենք և որևէ մեկի վրա բարդել չի կարելի: Ամեն տեղ ունենք թե´ առավելություններ, թե´ նաև բացեր: Ինչի՞ համար եմ սկսում հենց ինձնից. եթե ամեն ինչ բանակում լավ լինի, կնշանակի` ես ամեն ինչ ճիշտ եմ կազմակերպում: Եթե ինչ- որ մի բան սխալ կամ թերի է, նշանակում է` ինչ-որ բան դիվիզիայի հրամանատարին լավ չեմ բացատրում, լավ չեմ սովորեցնում: Որովհետև զորքը ղեկավարում եմ ես` նրա, տեղակալների, զորամասերի հրամանատարների միջոցով: Եթե գումարտակի հրամանատարն ինչ- որ թերություն ունի, պատասխանատուն զորամասի հրամանատարն է: Կնշանակի` զորամասի հրամանատարը թերացել է ինչ- որ հարցերում: Սա մի ամբողջական շղթա է, և բոլորը շաղկապված են իրար: Ամեն մեկս ոչ թե պիտի մեղք փնտրենք կամ փորձենք հասկանալ` ով է մեղավոր, այլ փորձենք անել ամեն ինչ, որպեսզի շտկվեն բոլոր թերությունները: Ես նույնիսկ կցանկանայի շեշտել, որ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ այսօր մեծ աշխատանքներ են սկսել ծավալվել դպրոցներում: Դա, անշուշտ, տալիս է իր դրական արդյունքը: Այսօրվա զինվորը 5 տարի առաջվա զինվորը չէ:

Մեծածավալ քայլեր են իրականացվել նաև մարտական հերթապահության ուղղությամբ: Նախարարի հավաստիացմամբ` արդեն պլանավորված է հերթապահության նոր կարգը, որի համաձայն դիրքապահ զինվորը հերթապահությունը կանցկացնի ոչ թէ 3, այլ 4 հերթափոխով: Այսինքն` հերթապահությունից հետո կկարողանա քնել 4 ժամ անընդմեջ` նախկին 2-ի փոխարեն, ինչն անշուշտ, զգալի չափով կնվազեցնի զինվորի լարվածությունը:

- Երբ զայրացած եմ լինում, երբ խնդիրներ եմ ունենում, բարձրանում եմ դիրքեր, որտեղ իմ զինվորն է ու հանգստանում եմ: Վստահ եմ, որ իմ զինվորը կարող է կատարել մարտական առաջադրանքը` ճիշտ ժամանակին: Սպայակազմի մեծ ջանքերով ուժեղ ու բանիմաց զինվորներ ունենք, և ամեն անգամ նրանց հրաժեշտ տալիս աչքերս արցունքներով են լցվում, ափսոսում եմ, որ զորացրվում են,- եզրափակում է Մովսես Հակոբյանը: