Էլ ի˜նչ տուգանք. աշխարհի վերջն է


 

Որքան մոտենա դեկտեմբերի 21-ը, այնքան ավելի հաճախ կլսենք (գուցե ականատեսը կդառնանք) ամենատարբեր արտառոցությունների մասին: Փաստորեն քիչ չեն այն մարդիկ, ովքեր «խոնարհաբար» սպասում են մոլորակի կործանմանը: Այս պատմության հերոսն էլ կարծես հավատում է դրան, բայց փորձել է այդ «փաստն» ի շահ իր գրպանի շահարկել:

Կեմերովոյի Տյաժինսկի շրջանի բնակիչը հրաժարվել է տուգանք վճարել` դատական կատարածուին բացատրելով, թե շուտով աշխարհի վերջն է, և պետությանը տուգանք վճարելն անիմաստ է: Ճանապարհատրանսպորտային պատահարի մեղավոր լինելով, նա պետք է վճարեր 1000 ռուբլի:

- Սակայն պարտապանը գրավոր հիմնավորում բերեց, թե ինքը չի վճարելու, քանի որ շուտով աշխարհի վերջն է, և մարդիկ պետք է միմյանց ներեն բոլոր պարտքերը,- պատմել է դատական կատարածուն (ՌԻԱ «Նովոստի»):

Ընդ որում, իր հրաժարումը նա հիմնավորել է 10 էջանոց գրությամբ` ներառյալ տարբեր գծագրեր, սխեմաներ, Երկրի ու Արեգակի չափումներ: Ասելիքը սահմանափակել է հետևյալ եզրահանգմամբ.

- Ես հրաժարվում եմ վճարել, որովհետև դա նպատակահարմար չէ:

Եթե «հեռատես» այս հոռետեսն առաջիկա մի քանի օրում չփոխի որոշումը, նրան 15-օրյա կալանք է սպառնում: