Էրոտիկ շոկոլադ


 

Իրենց սպառողների հակումնե՞րն են հաշվի առել ղազախստանցի արտադրողները, թե՞ պարզապես որոշել են արվեստի մի գործ քաղցրացնել` դժվար է ասել: Բայց Կոստանայի մարզի խանութներում վաճառքի են հանվել ձևավոր շոկոլադներ` սեքսով զբաղվող մարդկանց պատկերներով: Շոկոլադի հատիկները փաթեթավորված չեն. 1 կգ-ն արժե 2000 թենգե (375 ռուբլի կամ` մոտ 4875 դրամ) (գրել է Vesti-ն): Առավել տպավորիչ է դրա անվանումը` «Կամասուտրա»:

Լրագրողները պարզել են, որ խանութին առընթեր «Օբժորկա» (թարգմանաբար` փոքրիկ որկրամոլ) խոհարարական արտադրամասը սահմանափակ քանակով է արտադրել այդ շոկոլադները` որպես հուշանվեր և Ռուդնի քաղաքից բացի, այլ վայրերի վաճառակետեր չի առաքվել:

Գնորդները հավանել են էրոտիկ արտադրանքի համը (գուցե նաև` շոկոլադապատկեր տարփածուներին): Ու որքան էլ այն շատ արագ է սպառվել, այնուամենայնիվ, անսովոր այդ արտադրանքով հասցրել է հետաքրքրվել քաղաքի դատախազությունը: Եվ այն դիտարկվել է մեկ այլ տեսանկյունից. չէ՞ որ բացահայտ սեքսուալ նկարներով քաղցրավենիքը նաև երեխաներն են կերել: Դե, ուտելուց առաջ էլ տեսե˜լ են... Եվ պարզվում է, որ արտադրողների մտքի նման թռիչքը դատապարտելի է Ղազախստանի քրեական օրենսգրքով` որպես պոռնոգրաֆիկ նյութերի ապօրինի պատրաստում և տարածում:

Արտադրողներն, իհարկե, չեն ընկրկում: Նրանք շարունակում են պնդել, որ «Կամասուտրան» ոչ թե պոռնոգրաֆիա է, այլ հնավանդ էրոտիկա: Բայց դատախազությունում, կարծես, չեն ուզում իրենց բերանը քաղցրացնել հնարվեստ հեշտասիրությամբ: