Սովետական մնացորդ տիեզերքից


 

Ավելի քան 2 տասնամյակ մոլորակի քարտեզներից չքացած Խորհմիության հիշատակը ոչ միայն նրա կարոտախտով այրվողների հոգում է անմարելի, այլև` տիեզերքում:

1983-ին Բայկանուրից այնտեղ ուղարկված հեռացուցային ստուգիչ «Կոսմոս 1484» արբանյակն առաջիկայում կարող է ընկնել Երկրի վրա: Այս մասին տեղեկացրել է ամերիկյան Մարտավարական հրամանատարության կայքը, որի տվյալներով` սարքը մթնոլորտի կարծր շերտեր կարող է ներթափանցել դեկտեմբերի 19-ին:

Արբանյակի գծային չափը 12 մետր է, քաշը` 2500 կգ:

«Կոսմոս 1484»-ը խորհրդային նշանավոր արհեստական այն արբանյակներից է, որոնք նախատեսված էին տեխնիկական, գիտական և այլաբնույթ հետազոտությունների համար` Երկիր մոլորակին մերձակա տիեզերական տարածքներում: Սակայն այն իր նպատակին այդպես էլ չծառայեց` կողմնորոշման համակարգում եղած ինչ-որ անսարքության պատճառով:

Ենթադրվում է, որ արբանյակն ավիրվել է: Նոր հազարամյակի առաջին տարիներին ամերիկյան հետազոտողները տիեզերքում միանգամից մի քանի չկառավարվող օբյեկտներ են նշմարել. դրանց շարքում և` «Կոսմոս-1484»-ը: Դրանց պատճառով կուտակված տիեզերական աղբն առանձնապես մեծաքանակ չէ, և դրանք վայր ընկնելով` մեր մոլորակի համար լուրջ սպառնալիք չեն: Բայց 2,5 տոննանոց սարքի «վայրէջքն» ու մթնոլորտի ճեղքումը հազիվ թե անվտանգ լինի: