ՀՈՒՍԱ´ՆՔ


 

Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը դատախազական համակարգի ներկայացուցիչների հետ շատերի ուշադրության կենտրոնում է հայտնվել: Չվախենանք և ասենք, որ տեղեկանալով հանդիպման մասին, շատերս մտածում էինք, թե նախագահն արդյո՞ք կասի այն ամենի մասին, ինչը քննարկվում է հանրային տարբեր շրջանակներում: Անկեղծ ասած` համակարգը վաղուց սասանել է մարդկանց հավատն ու վստահությունը: Նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն «մարդկանց սրտերից ջուր խմեց», այլև չափազանց խիստ ու սկզբունքային խոսակցություն ծավալեց, հետ տարավ «վարագույրներն» ու ցույց տվեց կեղծ օրինապաշտության «դեկորները».

- ... Պետք է փաստեմ նաև, որ շարունակում է արդիական մնալ առանձին դատախազների անփութության կամ չարամտության խնդիրը, որը, ցավոք, արժանի գնահատականի չի արժանանում:

Մեր նորանկախ պետության պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը ցնցող բացահայտումներ արեց: Նա խոսեց մի երևույթի մասին, որին բազմիցս են անդրադարձել լրագրողները, սակայն դատախազությունում կարդացել ու արհամարհանքով շպրտել են մի կողմ.

- ... Դատախազի թողտվությամբ հանցանք կատարած մի քանի անձինք գործով դառնում են վկա, նույնիսկ ոչ թե թողտվությամբ, այլ նրա ակտիվ մասնակցությամբ..., դատախազը օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու փոխարեն լկտի պահվածքով վիճաբանում է իրավապահ այլ մարմնի աշխատակցի հետ: Վիճաբանությունն էլ, երևի, այստեղ ճիշտ բառը չէ: Ոստիկանության աշխատողին նրա պետի միջոցով հրավիրում է իր աշխատասենյակ և լկտիաբար նրան ապտակում, այսինքն` ծեծում: Եվ անպայման ես պետք է միջամտեմ, որպեսզի այդ մարդը ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկվի, այլ ուղղակի նրան ազատեն դատախազության համակարգից: Եթե դատախազը ինքը պետք է ինքնադատաստան տեսնի, ինքը պետք է այդպես վարվի, դատախազը ուրիշներից ի՞նչ կարող է պահանջել...

Հիմա, երբ բարեբախտաբար, ամեն ինչ բարձրաձայնել է երկրի նախագահը, հուսա՞նք, որ մեր դատախազությունը կկերպարանափոխվի, որ վերջապես կսկսեն վերանայել իրենց գործունեության մեջ արմատավորված շատ «բացասական սկզբունքներ»: