Էներգետիկ եռանկյունի


 

Երևանում տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամուջը հայտարարել է.

- Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք իհարկե առաջընթաց գրանցել ենք, բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով որոշակի դանդաղել է այդ ծրագրերի ընթացքը: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի` խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար:

Ինչի՞ց է դժգոհ իրանական կողմը` պարզ չէ: Ո՞վ է խոչընդոտում հայ-իրանական էներգետիկ պայմանավորվածությունների բնականոն և գոհացուցիչ առաջընթացին: Արդյո՞ք Ռուսաստանը թույլ չի տալիս խորացնել հայ-իրանական էներգետիկ գործակցությունը, մտավախություն ունենալով, որ դա կարող է Հայաստանին օգնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը նվազեցնելու հարցում: Միգուցե Արևմուտքի՞ քիմքին հաճո չէ, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերվի առավել արդյունավետ:

Ուշագրավ է, որ հայ-իրանական էներգետիկ գործակցության արդյունավետությունից իր դժգոհությունն Իրանը որոշեց բարձրաձայնել` էներգետիկայի ոլորտում հայ-ամերիկ յան գործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումից հետո: Դրանով ԱՄՆ մասնավորապես ստանձնեց Հայաստանի գործող ատոմակայանի շահագործումը ևս տասը տարով երկարաձգելու հարցում տեխնիկական օժանդակության պատրաստակամությունը: Ատոմակայանը փաստացի մնացել էր Հայաստանի հույսին, երբ այն կառավարող Ռուսաստանն ամիսներ առաջ հրաժարվեց դրանից:

ԱՄՆ փաստացի փակեց նաև ատոմակայանի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի հայտնի պնդումների ճանապարհը. այլ կերպ ասած` «մեծ ու պուճուր ախպերների» բերանը:

Մյուս կողմից, չի բացառվում, որ ԱՄՆ-ն Հայաստանին էներգետիկ ձեռք է մեկնում պայմանով, որ Հայաստանը ստիպված լինելով որոշակիորեն հրաժարվել իրանական ծրագրերից, այսպես ասած չմնա ձեռնունայն: Իսկ Հայաստանը հնարավոր է, որ ստիպված լինի իսկապես հրաժարվել որոշ ծրագրերից, եթե Իրանի շուրջ միջազգային պատժամիջոցների օղակը շարունակի սեղմվել, էլ չասած հնարավոր ռազմական բաղադրիչների կիրառման մասին:

Այսինքն, տարածաշրջանում ըստ էության տեղի ունեցավ բավական լուրջ քաղաքական ռեզոնանսի հեռանկարով էներգետիկ մինի-հեղափոխություն կամ հեղաշրջում, և գուցե պատահական չէ, որ Թեհրանը դրանից հետո որոշեց բարձրացնել հայ-իրանական էներգետիկ ծրագրերի ընթացքից իր դժգոհությունը:

Եվ միգուցե պատահական չէ նաև, որ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ թեև Հայաստանը էներգետիկ ծրագրերի հարցում որոշակիորեն կարող է հետ քաշվել, այդուհանդերձ հետ չի քաշվի ազատագրված տարածքներից: Ինչպես հայտնի է, Իրանի համար դա չափազանց կարևոր ռազմավարական խնդիր է:

Ընդ որում, դա էլ մի հարթություն է, որի վրա կարող են հարթվել նաև ամերիկա-իրանյան սուր անկյունները` ըստ էության ձևավորելով ամերիկա-հայ-իրանական մի յուրօրինակ եռանկյունի:

Մարիամ ԳԵՎՈՐԳՅԱՆ