«ՀԱՅԵՐՍ ԱՌԱՎԵԼ ԱՊԱՀՈՎ ԵՆՔ»


 

Սիրիայում կրոնական տոնի առթիվ երեքօրյա հրադադար էր հայտարարվել: Բայց, ինչպես տեղեկացրեցին լրատվամիջոցները, ապստամբ կոչվողներից ոմանք խախտել էին հրադադարը, շարունակել ռազմական գործողությունները: Մենք հեռախոսազրույց ունեցանք Հալեպում ապրող մեր հայրենակցուհիներից մեկի` գործարար և մշակութային գործիչ Անի ՉԻՐԻՇՅԱՆ-ՍԱՐՅԱՆԻ հետ, ում ընտանիքը, բացառությամբ կրտսեր որդու, ռազմական գործողությունների ողջ ընթացքում չի հեռացել Հալեպից և շարունակում է կրել պատերազմի պատճառած դժվարությունները:

- Անի, ի՞նչ վիճակ է տիրում հիմա Հալեպում:

- Ինչպես գիտեք` հայտարարված է հրադադար, որի նպատակն է փոքր-ինչ խաղաղ պայմաններում կազմակերպել կրոնական հանդեսները, որոնք համընկնում են նոր տարվան: Հատկապես Հալեպի մի շարք թաղամասերում խաղաղություն է տիրում, այլևս կրակոցներ չկան: Սակայն հեռվից լսելի են կրակոցների և բախումների արձագանքները: Որքան էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, այնուամենայնիվ ծայրահեղականներն ու իրենց ապստամբ կոչողները ոչ միայն հրադադարի մասին են մոռացել, այլև ժողովրդական տոնի: Նշանակում է, այս մարդիկ կապ չունեն այն արժեքների հետ, իբրև թե, որոնց համար պայքարում են: Իսկական ժողովրդավարները նրանք են, ովքեր հարգում են միջազգայնորեն ընդունված օրենքներն ու պայմանավորվածությունները:

- Ինչպե՞ս եք դիմագրավում ստեղծված կացությանը:

- Արդեն տասնհինգ շաբաթից ավելի պաշարման մեջ ենք: Հալեպում փակ են գրեթե բոլոր խանութները, դրամատներն էլ չեն գործում, որպեսզի կարողանանք գոնե ինչ-որ նյութական խնդիրներ լուծել: Մեր ընտանիքին պատկանող մերձքաղաքային ամառանոցը գրավված է, բնականաբար, չենք կարող գոնե այնտեղ մեկնել և պաշտպանվել: Շատ հայ ընտանիքներ կան այստեղ, որոնք մնացել և իրենց զորակցությունն են հայտնում իշխանություններին, պաշտպանում են իրենց և մյուսների ունեցվածքը:

- Շա՞տ են հայերի շրջանում նրանք, ովքեր դարձել են տնանկ, կորցրել բնակարանները:

- Բարեբախտաբար` հայկական թաղամասերում ավերածությունները շատ չեն, չնայած համայնքն էլ լուրջ վնասներ է կրել` ինչպես մարդկային, այնպես էլ նյութական: Բայց պետք է ասեմ, որ հայերս առավել ապահով ենք, որովհետև պաշտպանում ենք մեր տները, մեր կառույցները, շատերս դեռ կարողանում ենք գոյատևել մեր ունեցածի հաշվին: Բայց ահա շատ ու շատ արաբների վիճակը բացարձակապես ողբերգական է: Շատերը հայտնվել են փողոցներում, որովհետև այլևս բնակվելու տեղ չունեն, կորցրել են ամեն ինչ... Քիչ չեն սովահար լինող արաբները... Այն Հալեպը, որը միշտ ուրիշներին է աջակցել, այսօր ինքը մեծ օգնության կարիք ունի:

Հայաստանը կանգնած է հալեպահայության կողքին, արդեն մարդասիրական բեռներ են ուղարկվել: Անգամ շատ օլիգարխներ չեն զլացել և օգնություն են տրամադրել:

Գիտենք և հպարտ ենք, որ Հայաստանը մեր կողքին է: Հենց դա նկատի ունենալով է նաև, որ նշում եմ մեր առավել ապահովված լինելու մասին: Մենք ակումբում շատ մեծ աշխատանքներ ենք կատարում: Առավոտից իրիկուն այստեղ ենք, դասավորում ենք ստացված օգնությունը, ցուցակներ կազմում, առաջին հերթին բաժին հանում օգնության կարիք ունեցողներին: Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են պարզում: Նշեմ, որ ողջ Սփյուռքը կանգնած է սիրիահայերի կողքին: Տարբեր տեղերից օգնություն ենք ստանում, զանգահարում են, իրենց զորակցությունը հայտնում: Օրվա մեծ մասն ապրում ենք մութի մեջ, Հալեպում երեկոյան ժամը 5-ից հետո արդեն մութ է: Սա նշանակում է, որ մենք գրեթե խավարի մեջ ենք, բայց մեր հայրենակիցների քաջալերող խոսքերը մեզ ուժ են տալիս:

- Հուսանք, որ շատ շուտով այս մղձավանջն իր վերջը կունենա:

- Էհ, հուսանք: Թող Աստված քո խոսքը լսե: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հալեպահայությունը չպառակտվի, առմիշտ չհեռանա Սիրիայից: Նրանք, ովքեր ժամանակա վորապես բնակություն են հաստատել Հայաստանում, Եգիպտոսում, Հորդանանում, Լիբանանում` անպայման պիտի վերադառնան: Մեր թշնամիները շատ են կամեցել, որ Սփյուռքը քայքայվի, հատկապես Հալեպի մեր գաղութը ոչնչանա, որովհետև մենք մեծ ուժ ենք: Սակայն համոզված եմ, որ մի օր նորից իրար հետ ենք լինելու: Միշտ էլ խառնակությունների ժամանակ տուժում են նրանք, ովքեր համարվում են եկվորներ: Մենք չենք ուզում մեզ եկվոր համարել, որովհետև Հալեպը մեզ համար հայրենիք է ու ծննդավայր: Այստեղ մենք պիտի պահենք մեր ազգային կառույցները, քանի որ դրանց միջոցով ենք մեր տղաներին հայ պահում: Եթե պատերազմի պատճառով հեռանան և այլևս չվերադառնան, նրանք նաև հայեցիությունից կհեռանան: Անգամ Հայաստանում, ուր հիմա լավ պայմաններ են ստեղծվում սիրիահայության համար, նրանք չպետք է մնան և անպայման պետք է վերադառնան:

- Բոլորիդ ուժ և կորով եմ մաղթում և հույս հայտնում, որ շուտով Սիրիայում խաղաղություն կտիրի:

- Մենք էլ այդ մեծ ցանկությամբ ենք ապրում: Թող Աստված մեզ օգնական լինի:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ