ՀԵ´Չ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ՉԷ


 

Նման պահվածքը Լենինը կբնութագրեր որպես «քաղաքական պոռնկություն», սակայն մենք ձգտում ենք գնահատականներ չտալ խեղճ բուլղարների այս քայլին: Չէ՞ որ նրանք հրապարակավ խոստովանում են, որ Թուրքիան իրենց ճնշում է: Սա ավելի վատ է, քան այն, որ այս քաղաքի խորհուրդը լռություն պահպաներ և կատարվածի մասին չբարձրաձայ ներ: Հիմա թուրքական դիվանագիտությունը ստիպված է լինելու արդարանալ, որ իր կողմից որևէ ճնշում չի եղել…

Բուլղարիայի Յամբոլ քաղաքի քաղաքային խորհուրդը չեղյալ է հայտարարել Հայոց ցեղասպանության մասին հռչակագիրը, որն ընդունվել էր 2010 թվականին: Քաղխորհրդի անդամներն այս քայլը պատճառաբանել են նրանով, որ նշված հռչակագիրը խոչընդոտում է իրենց և Թուրքիայի գործնական հարաբերություններին: Յամբոլի քաղաքային խորհրդում երևի մտածել են, թե նման որոշում ընդունելով` կկարողանան դուր գալ Թուրքիային և Ադրբեջանին, և չի ուշանա ադրբեջանական ֆինանսական հոսքը դեպի այս քաղաք:

Իհարկե, թուրքական և ադրբեջանական պաշտոնական շրջանակները դեռևս լռում են, դեռևս Ադրբեջանի նախագահը չի շտապել խոնարհվել Յամբոլի «հերոսներին»: Երևի որևէ արձագանք էլ չլինի, քանզի քաղաքն, այնուամենայնիվ, 2010-ին հաստատել է, որ ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ հիմա էլ իր որոշումը չեղյալ է հայտարարում ոչ թե հերքելով Ցեղասպանությունը, այլ որովհետև ճանաչումը խոչընդոտում է հարաբերություններին: Այսինքն, շարունակում են ընդունել ու դատապարտել: