Բացառելով «դանդաղ գործող ականի» գործոնը


Հիշո՞ւմ եք, մի ժամանակ, կիսասովետական-կիսասեփական խանութներում ապրանքը եթե փաթեթավորվում էր, ապա փաթեթավորվում էր պոլիէթիլենե սև տոպրակներով: Դրանցով մենք սննդամթերքը առևտրի սրահներից տուն էինք տեղափոխում և «մատակարարում» մեր ստամոքսին: Այն ժամանակ քիչումիչ, այժմ արդեն շատ հստակ գիտենք, հիմա էլ ասենք` չիմացողներն իմանան, պատրաստվում էին թափոններից, և դժվար չէ հասկանալ դրանց վտանգավորությունը մեր առողջության համար: Արժե՞ հիշել. կմտածեն շատերը, այսօր դրանք չկան, և վտանգն անցած է: Բայց անցա՞ծ է որ: Եվ ո՞վ կարող է իմանալ, թե դրա վնասները հետո ինչպես երևան եկան կամ դեռ ի հայտ են գալու: Թե՞ դրանց հետևանքները դանդաղ պայթող ականի ազդեցություն չեն ունեցել սպառողի առողջության վրա: Ժամանակի հետ, բարեբախտաբար, դրանք գործածությունից դուրս եկան, իսկ պոլիէթիլենե տոպրակների կիրառությունը դարձավ առևտրի և սպասարկման բաղադրիչը: Եվ կարելի էր այս մասով մի փոքր ավելի հանգիստ լինել մեր առողջության համար, եթե… Վերապահությունը տեղ գտավ մեր խոսքում, քանի որ այսօր էլ հանդիպում են պոլիէթիլենե տոպրակներ, որոնք յուրահատուկ անդուր հոտ են արձակում և մինչև իսկ կպչում սննդամթերքին, որը դրանցով տեղափոխում ենք կամ պահում, թեև արտաքուստ դրանք մաքուր-հիգիենիկ տարայի տպավորություն են թողնում և կարող են ապահովություն ներշնչել: Սպառողը հոտն է զգում, ոչ` վտանգավորությունը: Ինչ երաշխիք, որ այն չկա: Իսկ լիակատար ապահովություն կարող ենք ունենալ, երբ գործողության մեջ դրվի սննդամթերքին ներկայացվող պահանջների կանոնակարգումը: Հունվարի 1-ից գործողության մեջ մտած «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքին տրամաբանորեն պետք է հաջորդեր վերջերս Կառավարության կողմից ընդունված` սննդամթերքի հետ շփվող նյութերի, դրանց մակնշմանն ու բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը: Այ, սպառողին հենց սա° էր պետք, օրենքով կանոնակարգված ապահովություն: Թե չէ գեղեցիկ փաթեթավորումը դեռ չի նշանակում ապահովություն և անվտանգություն: Երկու նոր կանոնակարգերը վերաբերում են խեցեգործական արտադրանքին և պոլիմերային ու դրա հումքից պատրաստված պոլիէթիլենե արտադրանքին: Նոր կանոնակարգի մասին ծանուցվել է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներին, և դիտողություններ ու առաջարկություններ դրանցից չեն ստացվել: Թերևս կարելի է եզրակացնել, որ սահմանված չափանիշները, սննդամթերքին առնչվող նյութերին ներկայացվող պահանջները համապատասխանեցված են միջազգայնորեն ընդունելի նորմերին: Կանոնակարգը սահմանում է նաև այդպիսի նյութերի որոշակի դասերը` ըստ վտանգավորության աստիճանի: Հատուկ աղյուսակում զետեղված են այդ նյութերի ցանկը և դրանց թույլատրելի պարունակությունը: Մնում է, որ այն ժամանակահատվածում, որ նախանշված է Կառավարության կողմից (մեկուկես տարի), արտադրողները, ներմուծողները, նաև օրենքի կիրառության համար պատասխանատու պետական կառավարման մարմինները կանոնակարգի հետ կապված խնդիրների լուծման, կիրարկման, ինչպես նաև վերահսկողության մեխանիզմների մեջ հետևողական լինեն` սպառողներին լիակատար վստահություն ներշնչելով փաթեթավորման ապահովության նկատմամբ` բացառելով «դանդաղ գործող ականի» գործոնը: