ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ ՀԵՌԱՑԱՎ ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԵՏ


Կան անհատներ, ովքեր իրենց ժամանակաշրջանն են ստեղծում և դառնում դրա խորհրդանիշը: Արմեն Հովհաննիսյանն այդպիսին էր` հզոր անհատականություն, ով ժամանակաշրջան ձևավորեց և այն տարավ իր հետ` ապրողներին արդեն թողնելով դրա արձագանքներն ու տաք գրգիռները: Ա. Հովհաննիսյանի աշխարհը սկսեց ձևավորվել 1960-ականների սկզբներից, երբ պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինն ավարտելուց հետո աշխատանքի անցավ «Ավանգարդ» թերթի խմբագրությունում: Պատահական չէր, որ նա իր ստեղծագործական կենսագրությունը սկսեց` միանալով այն սերնդին, որը վաթսունականների սերունդ կոչվեց` ունենալով պատմական առաքելություն: Հենց այս սերնդին էր տրված ամեն ինչ փոխելու, նոր մտածողություն բերելու դերակատարությունը` այսպես փշրելով այն բոլոր կարծրատիպերը, որոնք հաստատված էին Խորհրդային Միությունում: Ազգային կերպարվեստում, արձակում և պոեզիայում, կինոյում և երաժշտության մեջ այնպիսի շարժումներ արձանագրվեցին, որոնք մարտահրավեր էին ժամանակին և պատմության թատերաբեմից արդեն հեռացող իրականությանը: Հայրենի լրագրության մեջ «Ավանգարդ» թերթը դարձավ նոր մտածողության, նոր ձևերի և նոր մոտեցումների հաստատողը, քանզի այստեղ հավաքվել էին երիտասարդ ու խանդավառ մարդիկ: Արմեն Հովհաննիսյանը նրանց հետ սկսեց գոյավորել նոր ժուռնալիստիկայի ավանդույթները: «Ավանգարդում» նա դարձավ գրականության և արվեստի բաժնի վարիչ, թերթ բերեց հեղափոխականորեն տրամադրված երիտասարդ գրողների ստեղծագործություններ, իրատես համարձակությամբ անդրադարձավ մեր արվեստի խնդիրներին` համոզված, որ առանց ազատության չի կարող գոյություն ունենալ արվեստ: Իսկ ժամանակի արվեստի գլխավոր ձգտումը հենց ազատությունն էր` ձևի ու բովանդակության ներդաշնակութ յամբ, որն էլ ձևավորում էր շարժման փիլիսոփայությունը: Այնուհետև աշխատեց Երևանի հեռուստատեսության գրական-դրամատիկական հաղորդումների խմբագրությունում` որպես ավագ խմբագիր, հետո տեղափոխվեց Ռադիո և ստանձնեց երաժշտական հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագրի պարտականությունները, ապա դարձավ Հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր… Երբ հեռուստատեսությունում վերակազմավորումներ սկսվեցին, երբ խաթարվեցին հաստատված շատ սկզբունքներ և արժեքներ` սկսեց զբաղվել դասախոսական գործունեությամբ… Ա. Հովհաննիսյանը ռադիոյի և հեռուստատեսության նորարարը դարձավ, ստեղծեց այնպիսի հաղորդաշարեր, որոնք միանգամից գրավում էին ակնդրին ու ունկնդրին, ձևավորում մեծ հետաքրքրություն, ստեղծում հետադարձ կապ: Նրա միջոցով էին ակնդիրները ծանոթանում համաշխարհային էստրադայի աստղերին, նրա զրույցների միջոցով բացահայտում նոր ու անսովոր աշխարհ: Հեռուստաէկրաններին երևալու համար պարտադիր կանոններ կային, կային հագուստի պարտադիր ձևեր. տղամարդիկ պիտի փողկապներով լինեին և սպիտակ վերնաշապիկներով: Իսկ ահա Արմեն Հովհաննիսյանը եկավ գունագեղ վերնաշապիկներով, «էքստրավագանտ» կոստյումներով, խախտելով բոլոր պայմանականությունները` էկրանին հայտնվեց թավշեկաշվյա բաճկոնով և սկսեց խոսել «Բոննի էմ», «Աբբա», «Ռոլինգ սթոունզ» նվագերգական համույթների մասին: Հետո նա ներշնչված-ոգևորված պատմեց շանսոնյեի մեծ տիկնոջ` Էդիթ Պիաֆի, Ժակ Բրելի, Իվ Մոնտանի, Սալվադորե Ադամոյի և վերջապես Շարլ Ազնավուրի մասին` այսպես Հայաստանը դարձնելով ազատության այն կղզյակը, որը հեռու էր խորհրդային կաշկանդող -կապանքող քարոզչությունից: Իր բանավոր պատմությունները հետո ի մի բերեց ու դարձրեց գիրք, որը նույնպես առաջինն ու եզակին էր նախկին կայսրությունում: Եթե ողջ Խորհրդային Միությունում գրքեր էին տպագրում խորհրդային կոմպոզիտորների և երգիչների մասին, եթե շատերի շուրթերց չէր իջնում Ալեքսանդրա Պախմուտովայի «Ես չեմ հեռանում կոմերիտմիությունից» երգը, ապա հայ երիտասարդները խորհրդային երաժշտական կուռքերի կողքին տեսնում էին նաև ֆրանսիական, իտալական, անգլիական երգի կուռքերին` Արմեն Հովհաննիսյանի շնորհիվ նաև ճանաչելով «Բիթլներին», որոնց մասին ևս նա գրել էր իր գրքում: Երաժշտությունն Արմեն Հովհաննիսյանի աշխարհն էր, նրա անպարփակ սերը, սակայն աշխատանքային օրվա վերջում նստում էր գրասեղանի մոտ ու մեծ նվիրումով թարգմանում ռուս գրողներին: Հատկապես նրանց, ովքեր նոր շարժումներ և նոր արտահայտչաձևեր էին բերում, ովքեր փոխում էին մարդու և իրականության մասին պատկերացումները: Հայ ընթերցողն Արմեն Հովհաննիսյանի միջոցով ծանոթացավ Յուրի Օլեշայի, Իսահակ Բաբելի, Ալեքսանդր Կուպրինի, Վասիլի Շուկշինի, ապա արդեն Միխայիլ Բուլգակովի ստեղծագործություններին: Իսահակ Բաբելի զարմանահրաշ այլաբանությունը, Օլեշայի թունոտ հեգնանքը, կուպրինյան հերոսուհիների ողբերգությունը («Յամա» վիպակում) այնպես ճշմարիտ լեզվամտածողությամբ է թարգմանել Արմեն Հովհաննիսյանը, կարծես նրանք հենց հայերեն են ստեղծագործել: Նա դյուրությամբ թափանցեց նաև շուկշինյան գրի առանձնաձևերի, հերոսների լեզվական բնութագրերի մեջ: Իսկ թարգմանությունների պսակը Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը հանդիսացավ, ուր բուլգակովյան միստիկ պատկերներն ու հոգեբանական տարասևեռումները, վառ արտահայտված գրոտեսկն ու ֆարսային դրսևորումները զարմանալի-ինքնատիպ արտահայտություն ստացան… Արմեն Հովհաննիսյանն ապրեց բարդ ժամանակներում, երբ ազատությունը երազանք էր: Ինքն իր ազատությունը ստեղծեց, ստեղծեց ազատության իր ժամանակը: Նա չլռեց և այն ժամանակ, երբ արդեն անկախություն էր հռչակվել, ու ազատությունը շատերի համար սովորական էր դարձել: Հոգին ցավում էր` տեսնելով իրականության աղավաղվող կերպարը: Հանդես էր գալիս հոդվածներով` ապշելով ու զարմանալով այն շրջափոխումների պատճառով, որոնք գետնաքարշությունն էին դարձնում տիրապետող: Նա ապրեց իր մեծագույն արժեքների մեջ ու դրանք էլ թողեց որպես հարուստ ժառանգություն: