Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը


 

(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-62-ում)

Մարդու իրավունքների և բարոյականության ներդաշնակությունը

Նախ և առաջ օրենսդրությունը պետք է զգայուն լինի բարոյականության նկատմամբ: Օրենսդրության մեջ պետք է արտացոլվեն հասարակության մեծամասնության կողմից ընդունվող բարոյական նորմերը:

Երկրորդը, պետք է լրացվի հասարակության մեջ առկա բարոյական դաստիարակության պակասը: Անհրաժեշտ է նախապատրաստել քաղաքացիներին օգտվելու ազատությունից ու իրավունք ներից` հաշվի առնելով բարոյական նորմերը: Դրանով պետք է զբաղվի պետությունը` սերտորեն համագործակցելով բարոյական դաստիարակության հասարակական ինստիտուտների հետ` ներառյալ դպրոցը և երկրի կրոնական համայնքները: Դա ենթադրում է, որ պետությունը պետք է մտահոգ լինի կրթության, սոցիալական ծառայության ու առողջապահության հասարակական կառույցներ և բանակ մուտք գործելը կարգավորող օրենսդրական ակտերի մշակմամբ:

Այս ոլորտներում պետք է բացառվի միսիոներական մրցակցությունը` խուսափելու համար միջկրոնական հակամարտությունից, որին անխուսափելիորեն հանգեցնում է նոր հետևորդներ ունենալու կրոնական կազմակերպությունների պայքարը:

Նշյալ ներդաշնակման գործում շատ կարևոր է ԶԼՄ-երի դիրքորոշումը: Նրանք պետք է ներկայացնեն ազատությունը կիրարկելու դրական օրինակները: Այնինչ այսօր որպես հաջող ապրելակերպ է մատուցվում սպառումը, բռնությունը, այլասերումը, մոլությունը և այլ արատներ: Արդարացնելով իրենց, նրանք ասում են, որ նման արտադրանքը պայմանավորված է հասարակական կարիքով և լավ է վաճառվում: Սակայն անվիճելի է, որ արատը հեշտ է վաճառվում, քանի որ մեղքին հակված մարդն այն հեշտ է ընկալում: Նման գործողությունները կոչվում են գայթակղություն:

Բայց ժամանակակից մարդը միայն արատի կարիք չունի, նա երջանկություն, խաղաղություն, իսկական սեր և այլ առաքինություններ է փնտրում: Ուշագրավ է, որ այսօր մարդիկ ավելի շատ են դիտում հին խորհրդային կինոները, որտեղ արծարծվում են գոյության լուրջ խնդիրները:

Պետք է մերժվեն ազգի և էթնիկ խմբի իրավունքների, կրոնի, լեզվի, մշակույթի նկատմամբ ոտնձգությունները, դավանանքի ու սեփական ապրելակերպի սահմանափակումները, կրոնական ու ազգային հողի վրա կատարվող հանցագործությունները, չինովնիկների ու գործատուների կամայականությունները, զինակիցների անիրավ վերաբերմունքը զինվորի նկատմամբ, սոցիալական հաստատություններում երեխայի, տարիքավոր մարդկանց ծաղրանքը: Անթույլատրելի է ու հակազդեցության ենթակա դեստրուկտիվ աղանդների կողմից մարդկանց գիտակցության մանիպուլյացիան, ստրկավաճառությունը, պոռնկությունը, թմրամոլությունը, խաղամոլությունը, քանի որ նման երևույթները մարդուն հեռացնում են իր արժանապատվությունից: Նման արատների դեմ պայքարի կոչ պետք է արվի հասարակությանը և այդ պայքարի մեջ պետք է մտնի եկեղեցին:

Ուղղափառ քրիստոնեության տեսակետից հենց սա է իրավապաշտպան գործունեությունը: