ՆՐԱՆՔ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՍՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ


 

«Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ, գրող Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԻ` միշտ ինքնատիպ ու հարուստ գրչին պատկանող գործերին ավելացան ևս երկուսը: «Երեք դիմանկար», «Հայոց հարյուր երեսունմեկերորդ Հայրապետը»:

«Երեք դիմանկար»` մեր ժամանակների երեք նվիրյալներ:

Երջանկահիշատակ Ամենայն Հայոց 131-րդ կաթողիկոս Գարեգին Առաջին վեհափառ: Մարդ, ով իրավամբ մեր ամենաերևելի հոգևորականներից էր` իր վեհ նկարագրով ու մարդկային տեսակով: Անհատ, ով լուսավոր ծիր թողեց բոլոր հոգիներում: Մտավորական, ում ծառայություններն անգնահատելի են քրիստոնեական ու ազգային մեր արժեքների ամրապնդման, Հայ Եկեղեցին նաև աշխարհին ճանաչելի դարձնելու գործում:

Լուսահոգի Անդրանիկ Մարգարյան. ազգային, պետական գործիչ, ՀՀ վարչապետ, լուսավոր անհատ, ով անշահախնդրորեն նվիրվեց իր գործին ու անջնջելի հետք թողեց նորանկախ մեր հանրապետության պատմության մեջ:

Սեյրան Օհանյան. ՀՀ Պաշտպանության նախարար, հմուտ զինվորական, Արցախի հերոս, Հայոց բանակի նվիրյալ, Արցախամարտի կրակներում թրծված գեներալ:

Յուրաքանչյուրն անդուլ նվիրյալն է իր գործի ու յուրաքանչյուրն արարել է հանուն ընդհանուր նպատակի` Հայոց պետականության հզորացման:

- Նրանք ինձ համար իրենց բնագավառի սրբությունն են: Յուրաքանչյուրը յուրովի, ամեն մեկն իր բնագավառում ազգին մեծ ու անգնահատելի ծառայություններ մատուցած անհատներ: Անգնահատելի են Գարեգին Առաջինի հոգևոր ծառայությունները: Նախքան Ամենայն Հայոց կաթողիկոս լինելը, նա Կիլիկիո կաթողիկոսն էր: Անդրանիկ Մարգարյանը նախքան վարչապետ դառնալը խորհրդային տարիներին բավական ծանր հերոսական կյանք է ապրել, երկար տարիներ անցկացրել բանտախցում` որպես ազգասեր: Իսկ Սեյրան Օհանյանը պայքարեց ու դարձավ Արցախի հերոս: Ինձ համար նրանք երեք սրբություններ են, երեք մեծություններ, մարդիկ, ովքեր դաս են այսօրվա ու գալիք սերունդների համար,- ասում է Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆԸ:

Այսուհետ նրանց կյանքի նշանակալի դրվագներն ու տաքուկ պատառիկները ընթերցողի ուղեկիցն են:

- Բոլորս եկել ենք հիշելու մեզ համար սիրելի այնպիսի անձանց, ովքեր ազգային և հոգևոր արժեքների ցոլքն են: Ինչո՞ւ եմ կարևորում այս պահը, որովհետև եթե չհիշենք այն մարդկանց, ովքեր հոգի, սիրտ ու ուժ են տվել մեր ժողովրդին, մենք կաղքատանանք: Իբրև հոգևորական` Գարեգին Առաջին կաթողիկոսն է ներկայացված այս գրքում: Սակայն կաթողիկոսի մեջ տեսնում ենք ոչ թե մեկ անձ, այլ Հայոց Եկեղեցին, Գրիգոր Լուսավորչին, Ներսես մեծ Կաթողիկոսին, Նարեկացուն… Նրանցից որևէ մեկին չհիշելու դեպքում կաղքատանանք ու կտկարանանք: Այս օրերին ցավոք մտավոր և հոգևոր աղքատություն եմ նկատում: Սակայն երբ Ֆելիքս Բախչինյանի նման մարդկանց շնորհիվ մենք հիշում ենք մեզ հույս, հոգի տվող այս մարդկանց, կրկին զորանում ենք: Մարդկանց ժողովրդականացնելն էլ արվեստ է, - համոզված է Էջմիածնի միաբան Տաթև արքեպիսկոպոս ՍԱՐԳՍՅԱՆԸ:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ