Ամաչում եմ…


 

«Սկզբում էր Բանը. և Բանն Աստծո մոտ էր. և Բանն Աստված էր: ...Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» (Հովհաննես 1:1, 44)

Խորհրդարանական ընտրություններից առաջ էր: Ինչպես միշտ` մարդիկ խիստ քաղաքականացված էին, օդը շիկացած էր քաղաքական քննարկումներով: Եվ ինչպես միշտ` գաղափարներ չկային: Գաղափարախոսություն ասվածը մեզանում նշանակում է միայն այս կամ այն կուսակցությանը հարել կամ համակրել` առաջնորդվելով նեղ-անձնական շահով կամ հեղինակավոր ծանոթ-բարեկամի խնդրանք-թելադրանքով:

Հերթական սուրճխմության ժամանակ, ընկերուհիս առաջարկեց աջակցել կուսակցություններից մեկին: Համաձայնեցի` մտածելով, որ կկարողանամ հիմնովին հասկանալ, թե ի՞նչ են ուզում, և իրականում ի՞նչ նպատակ է հետապնդում մարդկանց շիկացած այս խառնաշփոթը: Ու նաև կկարողանամ արտահայտել մտքերս` մնալով անկուսակցական և չենթարկվելով այս ու այն ուժի կամ անձի թելադրանքներին:

Նախ ուզում եմ հասկանալ, ի՞նչ է կուսակցությունը: Դա նույն գաղափարները կրող մարդկանց անշահախնդիր` կուսական համախմբում պետք է լինի, անհատականություն ունեցող, նույն նպատակին ծառայող անձանց միավորում: Իսկ քանի որ գաղափարը հզոր ուժ է` դառնում է ուս ([կ]ուս+ա+կից), հենարան` աստվածային այդ սերն իրականություն դարձնելու:

Հոյակապ է: Հիսուս Քրիստոսն էլ ծառայում էր Աստվածայինը, Լույսը, գաղափարը, Երկնքի արքայությունը մարդկանց նվիրելուն: Կարելի է ասել` Հիսուսն էլ կուսակցություն ստեղծեց` աստվածայինին սպասող ու կատարելությունը փնտրող, ազնիվ ու գործունյա, երկնքի արքայությունը երկրի վրա տեսնել երազող, կուսականորեն անապակ մարդկանցից: Սրտեր քննող Նրա աչքն այդ անաղարտ կուսականությունը տեսավ ձկնորսների, մաքսավորի մեջ: Նրա թույլտվությամբ միացավ նաև հուդա տեսակը, ով իր նյութապաշտությամբ երկնքի արքայությունը նյութական բարեկեցութ յան մեջ տեսնելով` մեղանչեց և ինքնաոչնչացման գնաց: Մյուսները չվարակվեցին այդ ախտով, և դարերով աճում է Քրիստոսին հետևողների, քրիստոնյաների բանակը, և թող փառավորվի Աստված` այդ քրիստոնյաներով:

Նա, ով մնում է իր գաղափարական հենքի վրա` կծառայի գաղափարը իրականացնելու նպատակին, այլ ոչ թե գաղափարը գործիք դարձնելու ճանապարհով նյութ դիզելուն: Նա, ով մաքուր, անաղարտ կմնա, աստվածայինին հարազատ, թեկուզ մեռնի էլ, հարություն կառնի:

Ցավոք ոմանք, նյութապաշտությունից կարծրացած և սեփական ցանկություններին հագուրդ տալու նկրտումներով կուսակցություններ են խցկվում և այդ ախտով վարակում մյուսներին: Մարդիկ, որոնց վերաբերյալ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված II թղթի ԺԱ գլխի 3 խոսքում ասում է. «Բայց վախենում եմ` միգուցե ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային, այնպես էլ ձեր միտքն ապականվի...»:

Այդ ապականված մտքով որդերն ուտում են, փչացնում կուսակցության գաղափարները` այն վերածելով փտած, որդնած միջուկով խնձորի: Իսկ գաղափարը մնում է միայն որպես կեղև` որդերի ելումուտի անցքերով: Այդ անցքերից մերթընդմերթ դուրս են գալիս` տեսնելու, թե ինչ է կատարվում դրսում: Դա լինում է չորս-հինգ տարին մեկ: Արդեն խառը` թթխմորով խառնակված հոգեբանութ յամբ և շատակերի բթացած ժպիտներով ու մի քանի փրփրակալած, արագախոս վարձկանների բերանով մոլորեցնում են կիսասոված ու վաղվա օրվա հանդեպ հույսը կորցրած մարդկանց: Հետո նորից քաշվում են խնձորի մեջ` խնձորամիս ուտելու, եթե դեռ մնացել է: Իսկ եթե չի մնացել` ուրիշինը կխլեն կամ իրար կուտեն:

Երբ տեսնում են, որ ծոռան ծոռի համար իրենց պատկերացրած երկնքի արքայությունը գնելու նպատակով կուտակած միլիոնները չերջանկացրին իրենց, չբավարարվեց հոգին, անցնում են փառք և իշխանություն, ծափահարություններ կորզելու: Խեղճ թոռն ու ծոռներ. դեռ չծնված` ձեզ դատապարտում են անդամալույծ, թմրամոլ կամ վատնող լինելու:

Ցավոք` դա ամբողջովին սատանային հագնելն է, և այդպիսիներին Հիսուսն ասում էր` «Իժի ծնունդներ, ձեր հայրը սատանան է»:

Հիսուսի հետ շրջողները, գաղափարակիցները` համախոհները, Նրան չէին ծափահարում կամ կուռքացնում: Նույնիսկ, երբ Պետրոսը թեթևակի ակնարկեց, Հիսուսն արգելեց և ասաց` «Ետիս գնա, սատանա»,որովհետև դա Իրեն կվնասեր, որովհետև Նա փառքը միայն Հորն էր համարում` երկնքի և երկրի Արարչինը, Բարձրագույն Բանականությանը:

Ո˜ւր է հասել առաջին քրիստոնյա ազգը. իր ներսի աստվածայինը խոնարհեցնում է հանուն մի կտոր հացի:

Երբ Հիսուսը մկրտվելուց հետո Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ, այդ որդը, օձը, սատանան Նրան էլ մոտեցավ, առաջարկեց միասին գործել և աշխարհի բոլոր բարիքները, որ իր իշխանության տակ էր, կտրվեր Նրան: Հիսուսը մերԺեց այդ փառքը, իշխանությունը և պալատամոլությունը, ասելով` երկրպագել միայն Աստծուն: Դա էր Նրա գաղափարախոսությունը` Նրա անաղարտութ յունը:

***

Ընտրություններից հետո հերթական սուրճխմության ժամանակ, ընկերուհիս տրտմած էր:

- Տխուր ես, որովհետև չընտրվեցի՞ր,- հարցիս նա պատասխանեց:

- Տխուր չեմ: Ամաչում եմ, որ ես էլ էի մտել քստմնելի այդ խաղի մեջ: Դիրք, պաշտոն ու փող փախցնելն իմը չէ, իմը արդարությունը պահելն է. մնացածի Տերն` Աստված: Էդ կաշվե վերնաշապիկը ինձ կամ մեծ կլիներ, կամ փոքր:

- Ես կասեի` քո հոգու համար շատ փոքր էր: Զգուշանանք գառան դիմակով գայլերից:

Հետո մենք երկար լռեցինք... Ու ես նկատեցի, որ սրճարանում բոլորն էին լուռ: Մարդաշատ սրճարանում քար լռություն էր, ես կասեի` սառցե լռություն: Իսկ մարդիկ` սառցաբեկորներ:

Նորից` ունայնություն...

Անահիտ ԳՐԻԳՈՐՅԱՆ