Նոտարն արտոնել է երկկնություն


 

Կաթոլիկ Բրազիլիայում դժգոհության մեծ ալիք է բարձրացրել բազմակնության օրինականացումը: Նոտարը վավերացրել է ամուսնական միությունը մեկ տղամարդու և երկու կնոջ մեջ, ովքեր երեք տարուց ավելի ապրում են համատեղ: Կին իրավաբանը գտնում է, որ բրազիլական օրենքներով այդպիսի ամուսնությունն արգելված չէ, թեև ուրիշ իրավաբաններ դա անհեթեթություն են համարում և համոզված են, որ իրենց գործընկերուհու որոշումը չեղյալ է համարվելու (գրել է Newsru.coΗ-ը):

Նույն հարկի տակ ապրող եռյակը որոշել է գրանցել իրենց ամուսնությունը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը պաշտպանի իր իրավունքները` ամուսնալուծության կամ զուգընկերոջ մահվան դեպքում. փաստաբան Նաթանիել Սանտուշ Բատիստա Ժունիորն այսպես է բացատրել կատարվածը: Իսկ երկկնությունը փաստաթղթավորող նոտար Կլաուդիա դու Նասիմենտու Դոմինգեշն իր որոշումը շատ ավելի պարզունակ է հիմնավորել.

- Մենք ուղղակի պաշտոնապես գրանցում ենք այն, ինչը գոյություն ունի վաղուց: Մենք ոչինչ չենք հնարում:

Պատահական չէ, որ ամուսնական եռյակը հատկապես Դոմինգեշին է դիմել: Այս իրավաբանուհին, ExΖΗe.coΗ-ի տվյալներով` իր դոկտորական թեզը նվիրել է երկկնության հիմնախնդրին: Նա բազմաթիվ եռյակ-ընտանիքներ է ճանաչում, թեև դրանցից ոչ մեկը դեռևս չի օրինականացրել իր բազմասիրությունը:

Մինչ մյուս իրավաբանները դատապարտում են իրենց գործընկերուհու քայլը, օդում կախված է մնում մեկ այլ հարց. նոտարի վավերացրած այս փաստաթուղթն օրինական կճանաչե՞ն դատարաններն ու ապահովագրական ընկերությունները: