Մահապատժի վերածնունդ


 

Առանց մարդասիրության, ասում են` մոլորակը չէր դիմանա: Երևի ճիշտ է: Բայց մարդասիրություն ասվածն էլ, թերևս, որոշ դեպքերում չպետք է այսքան տարփողվի, որքան հանցագործների հանդեպ է արվում: Իհարկե, հանցագործի հանդեպ գթասիրտ կարելի´ է լինել, եթե նրան վերափոխելու հույսը դեռ մարած չէ: Սակայն հասարակությանն անվերջ չարիք պատճառողների, անմեղ մարդկանց կյանքից զրկողների, կողոպտողների համար կալանավայրերում հարմարավետություն ստեղծել` նույն թալանված հանրության, նրանց սպանած մարդկանց հարազատների վճարած հարկերի հաշվին… Ներեցեք, անընկալելի է: Ավելին, այսօր ազատազրկվածների իրավունքները պաշտպանող, նրանց համար պայքարող զարմանազան կազմակերպություններն ավելի շատ են ու ավելի բարձրագոչ, քան օրինավոր քաղաքացիների, ընչազուրկ մտավորականների «դարդը լացողները»: Ու դժվար է ասել` մահապատիժ հղացողներն արդյո՞ք սոսկ անգութ պաշտոնյաներ են եղել, թե՞ հանրությունը հանցագործ կոչվող չարիքից զերծ պահելու մտահոգությամբ առաջնորդվողներ:

Համենայն դեպս` նույնիսկ զարգացած տերություններում մահապատիժն իսպառ վերացված չէ: Իսկ Գամբիայում 37 տարի անց` վերականգնվել է ծայրահեղ այդ պատժատեսակը:

Այո, մինչ Նովեգիայում շքեղաշուք հարմարավետություն են ստեղծում ավելի քան 70 ջահել կյանք լափած ու հազարավոր մարդկանց սարսափներ պատճառած ոմն Բրեյվիկի համար, Գամբիայի նախագահ Յայա Ջամեն որոշել է վերականգնել մահապատիժը: Այս երկրում 37 տարի այսպես կոչված սառեցվել էր այդ պատժատեսակը: Սառեցվել էր` այսինքն չէր կիրառվում, բայց 47 դատապարտյալի նկատմամբ հենց այդպիսի վճիռ է կայացվել: Նրանցից 9-ն անցյալ շաբաթ արդեն մահապատժվել են. ևս 38-ին առաջիկայում սպասում է նույն ճակատագիրը: Ի դեպ, նրանցից մեկը կին է, երեքը` Սենեգալի քաղաքացիներ (նշել է BBC-ի ռուսական ծառայությունը):

Իրավապաշտպան AΗnesty InternΖtionΖl կազմակերպության փոխտնօրեն Պոլ Ռիգոն Գամբիայի իշխանությունների այդ որոշումը որակել է «վիթխարի» հետընթաց քայլ: Եթե այդ մարդիկ իսկապես քաղաքական մոտիվներով են դատապարտվել` իրավապաշտպանի որակման հետ կարելի է համաձայնել: Իսկ եթե կրկնահանցագործներ են, անուղղելի քրեական տարրեր, ապա մահապատիժը նախ սթափեցնող նախազգուշացում կլինի նրանց նմաններին, իսկ հասարակությունն էլ իրեն ավելի պաշտպանված կզգա: