Դավադրությունը բացահայտվեց


 

Նույնիսկ ամենաքաղաքակիրթ գերտերությունում էլ, ուրեմն, վայրագ բնազդները, արյան բիրտ ծարավը չեն լքում մարդկանց: Որքան էլ Ամերիկան ամենքին ձգտող ավետյաց երկիր է ու որքան էլ նրա քաղաքացիները հպարտ են իրենց պետությամբ, միևնույն է` այստեղ ևս «դեմ չեն» դաժան հաշվեհարդարներին: Այն էլ` պետության թիվ 1 իշխանավորի: Վկան` ընդամենը երկու օր առաջ տարածված` դատախազության տեղեկատվությունը. բացահայտվել է դավադրությունը, որի նպատակն իշխանության տապալումն էր և Միացյալ Նահանգների նախագահի ֆիզիկական ոչնչացումը: Իսկ պետական այդ հեղաշրջումն ու Բարաք Օբամայի սպանությունը պատրաստել էին ամերիկյան բանակի 4 զինծառայողներ` Այզեկ Ագիգին, Մայքլ Բարնետը, Էնթոնի Պեդենը և Քրիստոֆեր Սալմոնը (հաղորդել է CNN-ը):

Նրանք բոլորն էլ շարքայիններ են և Ֆորտ-Ստյուարտ հենակետի մոտոհետևակային դիվիզիայի կրտսեր հրամանատարական գնդի ծառայողներ: Հանգամանք, ինչը խիստ կասկածելի է դարձնում, որ նրանց թիկունքում ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ կամ գուցե այլ ուժեր չկան: Մանավանդ` սրանք նաև տեղի անարխիստական զինված, հակակառավարական խմբավորման ակտիվ անդամներից են:

Հրոսակախմբի ղեկավարը եղել է Ագագին, ով հետաքննական փաստաթղթերում բնութագրվում է որպես «սառնասիրտ մարդասպան»: Իսկ դավադիրներից մեկի տանը հայտնաբերվել է զենք-զինամթերքի իսկական մի պահեստ, որի պարունակությունը գնահատվել է 90 հազար դոլար: Սրանց գործողությունների ենթադրյալ ծրագիրը դեռևս լիովին բացահայտված չէ: Նշվում է միայն, որ պատրաստվում էին բռնագրավել Ֆորտ-Ստյուարտի զինապահեստները, պայթեցնել ներքին անվտանգության շրջակա սարքերը, ապա սպանել Օբամային և բռնությամբ իշխանափոխություն կատարել երկրում: Ասենք թե` դրանք մուլտֆիլմային հսկաներ էին և ծրագրի առաջին 2 կետերը չորս հոգով գլուխ էին բերում: Բա շարունակությո՞ւնը: Ի՞նչ է, Ամերիկան ընդամենն իրեն դիվիզիայի տարա՞ծքն էր, և Օբաման էլ այդ տարածքում նստած պատրաստի թիրա՞խ էր...

Այլ խնդիր է, թե ինչպե՞ս է, որ այդ հանցագործները ոչ թե ազատազրկման վայրերում են, այլ` բանակում: Նրանք 4-ն էլ քրեական մեկ ուրիշ գործի մասնակիցներ են: Առժամանակ առաջ Այզեկ Ագիգին իր հանցակիցներին հրամայել էր սպանել 19-ամյա զինծառայող Մայքլ Ռորկին: Հիմա է պարզվել, որ Ռորկն իմացել էր դավադրության մասին, և Ագիգին վախեցել էր, որ նա կարող էր դա պատմել իշխանություններին: Եվ 2011 թ. դեկտեմբերին զինհենակետից ոչ հեռու Ռորկին ու նրա հարսնացուին գտել էին սպանված: