ՍԵՅՐԱՆ ՍԱՐՈՅԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ


 

Պարզվում է, որ գեներալ, ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանը սեփական հիվանդանոց ունի: Իսկ այդ հիվանդանոցն էլ գտնվում է մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայի հարևանությամբ, կոչվում է թիվ 2 հիվանդանոց և համարվում է ամենաթանկարժեքներից մեկը: Այստեղ չափազանց թանկ են բուժման համար սահմանված սակագները, այստեղ հայտնվողը ստիպված է լինում մի քանի հազար դոլարին համարժեք դրամ թողնել ու հեռանալ…

Բայց ամենաարտառոցն այն է, որ արդեն մի քանի տարի այստեղ բժիշկներն աշխատավարձ չեն ստանում: Ինչպես մեզ տեղեկացրեցին հիվանդանոցից, բժիշկներն ապրում են հիվանդների հաշվին: Որքան գումար տվեց հիվանդը բժշկին` բացի պարտադիր վճարումներից, հենց դա էլ համարվում է բժշկի աշխատավարձը: Եվ պատահական չէ, որ այս հիվանդանոցը հայտնվել է չնչին հարկեր վճարողների ցանկում, երբ բոլորը գիտեն, թե տարեկան ինչպիսի եկամուտներ են ապահովվում այստեղ: Օրերս երկրի վարչապետն ասաց, որ առողջապահության ոլորտում տարեկան ստվերային շրջանառության մեջ է գտնվում 70-80 միլիարդ դրամ:

Ազգընտիրի հիվանդանոցի հարկային վճարումների մասին տեղեկատվություն ստանալ մեզ չհաջողվեց, չհաջողվեց նաև տեղեկանալ, թե մայրաքաղաքի ո՞ր հիվանդանոցներն են, որ շատ ավելի քիչ հարկեր են վճարում, քան որոշ մարզային հիվանդանոցներ: Սակայն հասկացանք, որ հռետորական հայտարարություններ անելուց զատ, հարկավոր է վճռական պայքար ծավալել: Հարկավոր է, ավելի ճիշտ` պարտավո´ր են այնպես անել, որ ծննդատներում ավելորդ գումարներ չվերցնեն մարդկանցից այն դեպքում, երբ մեր պետական քաղաքականության բաղկացուցիչներից է համարվում անվճար ծննդօգնությունը…