Սեր և խաղաղություն աշխարհին


Սա ամենօրյա անպաճույճ մաղթանք է սրտաբուխ, արտաբերողի հոգուց պոկված: Եվ մոլորակի տարբեր ծայրերում ապրող, բայց աշխարհին նույն բարությամբ նայող երկու հայուհիներ հենց այդ մաղթանքն են ընտրել որպես իրենց գրքի վերնագիր: Իսկ գիրքն իսկապես ինքնատիպ է: Երկու մտավորական կանանց վիրտուալ զրույց` մայր բնության հրաշագործ ազդեցության մասին: Իհարկե, նրբանկատորեն նրանք չեն խոսել պարզ մի ճշմարտությունից. բնության հետ վեհանալ, բնության հրաշքով սքանչանալ ունակ են միայն բնության չափ մաքուր հոգիները: Այստեղ խոսվում է մարդ և բնություն փոխհարաբերության, և նրանով աշխարհում սիրո ու խաղաղության տարածման մասին: Այո, մարդն ամենուր նույնն է: Նրան նույն կերպ կարող է սիրո ու խաղաղության մղել Մեծ կիրճն Ամերիկայում, ինչպես Լոռվա Ձորը` Հայաստանում: Գրքի համար նյութը մատուցելու հետաքրքիր յուրօրինակ ձև է ընտրված: Այն հեռախոսային խոսակցություն է տարբեր մայրցամաքներում ապրող երկու հայուհիներիս միջև:

Մի խոսքով, ամերիկաբնակ Նորա ԱՀԱՐՈՆՅԱՆԸ և երևանաբնակ Շուշանիկ ՆԱԼԲԱՆԴՅԱՆՆ «ընդամենը» համացանցային իրենց զրույցների շարադրանքն են ներկայացրել ամփոփ գրքով, որի ընթերցողներից ոմանք գուցեև տարակուսեն մի պահ` Ամերիկայից Երևան ա՞յս թեման են արծարծել: Բայց նրանց մտերմացրած հույզերով համակվելով` բնությամբ ներշնչված յուրաքանչյուր ոք կհասկանա, թե որքան ամոքիչ, գոտեպնդող կարող էին լինել այդօրինակ զրույցները:

Նորա Ահարոնյանը ծնվել է Երևանում, ավարտել Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտը, աշխատանքային մկրտությունը ստացել մայրաքաղաքի թիվ 124 միջնակարգ դպրոցում` որպես անգլերեն լեզվի ուսուցչուհի:

Հետո, մեր շատ հայրենակիցների նման, Նորան ևս բնակություն է հաստատել Լոս-Անջելես քաղաքում: Մանկավարժությունը կոչում է նրա համար, և օվկիանոսից անդին էլ շարունակել է կրթել երեխաներին: Շուրջ 35 տարի ավագ դպրոցում դասավանդել է անգլերենը` որպես երկրորդ լեզու: Այնուհետ` որպես խորհրդատու դպրոցի երեխաների և ծնողների շրջանում:

Ինչպես ինքն է այսօր պատմում`

- Տարիների ընթացքում կուտակած փորձի շնորհիվ օգնել եմ ԱՄՆ ներգաղթած տարբեր ազգերի երեխաներին` հաղթահարելու սոցիալ-կենցաղային, լեզվական, մարդկային շփումներին առնչվող այլ դժվարություններ: Իհարկե` ինչպես նաև ճիշտ ընտրություն կատարելու հետագա ուսումնառության գործում, հաջողությամբ քննություններ հանձնելու բարձրագույն դպրոց, քոլեջ կամ համալսարան ընդունվելու համար:

«Ստեղծել երազանքների Ամերիկա»,- ահա ամերիկյան կրթությանը հետաքրքրող մի հարց, որն իրականացնողների շարքերում աշխատել եմ սեփական մեթոդաբա նության սկզբունքներով: Պետք է դաստիարակենք կատարյալ մարդ, որը պահպանելով իր սեփական ազգային արժեքները, ունենա առողջ միտք ու ջերմ սիրտ: Սա է եղել իմ մեթոդաբանության հիմքում: Այս ուղղությամբ իմ աշխատանքների ընթացքում համոզվեցի, որ բոլոր ազգերի ներգաղթ երեխաներն ունեն նույն խնդիրները` կապված սիրո, կարոտի, մարդկային, ընտանեկան շփումների և տարատեսակ զգացմունքներն արտահայտելու հետ:

Հետաքրքրական է, որ հայ աշակերտներ չունենալով, Նորան ինքն է հագել ազգային տարազ ու ինքն է ներկայացրել իր ազգի պատմությունը, ավանդույթները: Կարդացել է հայ գրողների ստեղծագործություններ` բացատրելով դրանց իմաստն ու նշանակությունը: Նմանատիպ միջոցառումներ անպայման եղել են յուրաքանչյուր ապրիլի 24-ին, կամ` դրան նախորդող, հաջորդող օրերին:

Հախուռն ու հագեցած կյանքով ապրած հայուհու ստեղծագործ միտքը չէր կարող նիրհել` վաստակած հանգստի անցնելուց հետո: Սկսել է գրել, և երախայրիք առաջին գիրքը հրատարակվել է Ամերիկայում: Այնուհետև նույն` «Իմ սրտի մեղեդին» գիրքը որոշ կրճատումներով հրատարակվեց Հայաստանում:

- «Իմ սրտի մեղեդին» իր ակունքների հետ հանդիպման էր մղում ինձ: Ուստի, 35 տարի հետո եղա Հայաստանում: Չեմ խոսի Արարատի մասին, որի պատկերը պաշտամունքի պես է, հատկապես, դրսում եղողներիս համար: Ուզում եմ ասել, թե ինչ մտորումներով այդ գրքի օրինակները նվիրելու տարա տարբեր գրադարաններ` Երևանում: Լավ իմանալով, որ «Իմ սրտի մեղեդին» գիրքը գիտական նշանակություն չունի, բայց հայրական հիշատակի առջև ներքին հուզումներիս տուրք տալով, գրքի օրինակներից նվիրեցի նաև Ակադեմիայի գրադարանին: Ժամանակին հայրս մասնակցել էր Ակադեմիայի շենքի կառուցմանը: Այդ օրերին թաքուն երազանք է ունեցել` դստերը տեսնել կիրթ ու գրագետ, ով արժանի լիներ այդ շենքը մտնելու: Ճակատագրի բերումով հորս կյանքը շարունակվեց ու հանգավ Ամերիկայում... Այլ գրադարաններ ևս տարա: Տխուր, վիրավորական իրավիճակների շատ հանդիպեցի: Բայց դրանք անդարմանելի չէին, որովհետև գրադարաններից մեկի աշխատակցուհի Շուշանը, կարծես «նոտաներով» զգաց իմ սրտի մեղեդու ելևէջները և սիրով վերցրեց գրքերը: Նրա հետ իմ շփումը շարունակվեց մի շատ հետաքրքիր պատմությամբ, որի մասին մենք գրեցինք միասին հեղինակած մեր «Սեր և խաղաղություն աշխարհին» գրքում:

Հիմա ես զուգահեռաբար աշխատում եմ երկու գրքի վրա. Անգլերեն մի գրքի վրա, որով ներկայացնում եմ հայ կնոջ կերպարը` որպես կին, մայր, դուստր ընտանեկան և այլ հարաբերություններում: Թող բոլորն իմանան որքան համբերատար, հարգալից, սիրառատ է հայ մայրը, որքան նվիրված է հայ կինն իր ընտանիքին: Ամերիկայի նման վտանգավոր խառնարանում ես աշխատում եմ նպաստել, որ հայուհին չմոռանա, թե ովքեր են եղել իրենց մայրերը և մեծ մայրերը: Ու միևնույն ժամանակ` օտարները ևս ծանոթ լինեն հայ կնոջ առաքելությանը` որպես օջախի կրակը վառ ու մաքուր պահողներ: Հաջորդ` հայերեն գրքի վրա կրկին միասին ենք աշխատում ես և Շուշանիկը: Այստեղ կրկին մարդու թեման է: Մեր ժամանակներում, մեր կողքին ապրող մարդկանց օրինակներով պատմում ենք նրանց մասին, ովքեր չեն վախենում դժվարություններն ազնիվ ձևով հաղթահարել ու դրա արդյունքում իմաստնանում, երջանկանում են:

Այսպես, մարդու թեման հետաքրքրել, ուղեկցել է ինձ իմ կյանքի Հայաստան-ԱՄՆ ճանապարհին, դարձել իմ սրտի մեղեդին, որը մերթ հանդարտահոս, մերթ էլ` սրտիցս դուրս թռչել է ուզում: Բոլոր պարագաներում, ինչպես բոլոր երգերը, այն կրկնվող տողեր ունի, որը բարձրաձայնելու առիթի համար անչափ շնորհակալ եմ «Ավանգարդի» մի բաժակ սուրճի հրավերին: Ես ձեզ սիրում եմ...

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ