ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՄՏՔԻ ՄՇԱԿ Է


Հրապարակախոս, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի դասախոս Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆԻ բնորոշմամբ` մտավորականը մտքի մշակն է կամ միտք մշակող անհատ: - Մենք լավ մտավորականություն ունենք: Մենք էն գլխից մտավորական ազգ ենք եղել, այսինքն մտքի ազգ, միտք արարողների ազգ և այդպիսին ենք նաև այժմ,- ասում է նա:

- Ի՞նչը կարող է միավորել մտավորականներին:

- Դժվար հարց է: Իմ կարծիքով մտավորականությանը կարող է միավորել միայն այն գաղափարը, որը համահայկական է, չնայած դրան էլ եմ կասկածում: Բայց չմիավորվելու պատճառը բնավ էլ հայ մտավորականության յուրահատկությունը կամ նրա թերությունը չէ, ինչպես հաճախ փորձում են ներկայացնել: Մտավորականությունը բնույթով է այդպիսին: Ամեն ինչ չէ, որ նրան կարող է համախմբել, բացի այդ` յուրաքանչյուր հարցի վերաբերյալ ամեն մի մտավորական ունի սեփական կարծիք, և այդ կարծիքը հաճախ հակառակ կարող է լինել մյուսների կարծիքին: Այնպես որ…

- Ի՞նչն է տարանջատում մտավորականությանը:

- Տարանջատո՞ւմ… Նախ հարկավոր է միասնական լինել, ինչը երբեք էլ չի եղել: Ղարաբաղյան շարժման ժամանակ կար որոշ միասնություն, բայց այն ուժերը, որոնց հարմար չէր մտավորականությունը, հարմար չէր նրա փշոտ դիրքորոշումը, հարմար չէր նրա ոչ միանշանակ մոտեցումը, այնպես արեցին, որ մտավորականությունը հեռացավ: Հեռացավ` առաջին հերթին իր բնույթին հավատարիմ լինելով, քանի որ մտավորականությունը ոչ այդքան ժամանակ ունի, ոչ էլ կառչուն-կպչունություն… Նորմալ հասարակությունների մեջ մտավորականությունն ունի իր դերն ու կշիռը, և նրա դիրքորոշումն էլ ինչ-որ տեղ հաշվի առնվում է, իսկ Հայաստանի նման երկրում չինովնիկական ապարատն այնպես է անում, որ մտավորականությունը չեզոքանում, հեռանում է: Եվ դառնում է սայլի հինգերորդ անիվ: Խոսքն այստեղ բնավ էլ պահեստային անիվի մասին չէ կամ ոմանք ասում են` «զապաս պակրիշկա»:

Պահեստային անիվն անհրաժեշտություն է: Պետական ապարատը, եթե անհրաժեշտություն լինի, նաև կանվանարկի մտավորականությանը, միայն թե սեփական շահերը պաշտպանված լինեն, միայն թե վերարտադրվելու հնարավորություն ունենա: Եվ այդ պայքարում մտավորականն ու մտավորականությունը շատ թույլ հակառակորդ են նրա համար:

- Ի՞նչ հասարակական պահանջ է դրված մտավորականի առջև:

- Մեր հասարակության մեջ` ոչ մի պահանջ: Մեր հասարակությունը միայն քննադատել գիտի: Շատերը, առանց այսօրվա որևէ գրողի կարդացած լինելու, հայտարարում են, թե գրականություն չկա: Այդպես էլ` առանց մտավորականի ու մտավորականության էության մեջ խորամուխ լինելու, հայտարարում են, թե մտավորականությունը վախկոտ է, անտարբեր է…

- Ո՞րն է մտավորականի տեղը:

- Մտավորականի տեղը իր գրասեղանն է, իր աշխատասենյակը, իր գիտական լաբորատորիան է, քանի որ, եթե չզբաղվի նրանով, ինչի համար նրան ստեղծել է Աստված, ապա նա կդադարի մտավորական կոչվել: Նա պիտի միտք արարի, գաղափար երկնի, գյուտ անի, գիրք գրի, այլապես ի՞նչ մտավորական: Իսկ եթե ցանկանում են, որ ես հրապարակներում լինեմ, դա ուրիշ հարց է: Ես չեմ ցանկանա այնպիսի ժամանակներ լինեն, որ մտավորականությունը ստիպված լինի փողոց ելնել: Եթե ազգի ու ժողովրդի համար շատ կարևոր պահ լինի, անպայման մտավորականությունը դուրս կգա: Ես խոսում եմ իմ անունից, իհարկե: Որպես մտավորական` ես իմ ասելիքն ասում եմ իմ գրքերի մեջ, ասում եմ իմ հոդվածներում, ասում եմ իմ հարցազրույցներում. բոլորվին այլ բան է` դա որևէ մեկին հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոչ:

- Ի՞նչն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:

- Ամենաթողությունը: Իր չարածն ուրիշի վրա գցելը: Հարուստների ու աղքատների անչափ տարանջատված լինելը: Նրանց շահերն այնքան տարբեր են, այնքան հակասական, որ կարծես նույն երկրի ու նույն ազգի ներկայացուցիչներ չլինեն: Վերջերս Ազգային ժողովի մի պատգամավոր բողոքում էր, թե իր աշխատավարձն այնքան քիչ է, որ ինքը չի կարողանում այնպիսի բաճկոն գնել, որ Ադրբեջանի պատվիրակների հագուստին համարժեք լինի… Բան չեմ ասում, մարդն իրավունք ունի այդպիսի բաճկոն պահանջելու, գուցե թե դա անհրաժեշտություն է, բայց ինչ ասես, երբ նրա կողքին կա անօթևան ու անհաց ընտանիք և արյունաքամ եղող երկիր… Անհանգստացնում է արտագաղթը: Երիտասարդության անգործ ու պարապ լինելը, որի պատճառը բնավ էլ այն չէ, որ մեր երիտասարդներն անբան են, այլ` որովհետև աշխատանք չկա, որը արժանապատիվ կյանք ապահովի: Պետական ապարատի կաշառված ու կոռումպացված լինելն է անհանգստացնում: Նայեք Ձեր շուրջը և ցույց տվեք մի բնագավառ, որտեղ գործերը լավ են գնում և որտեղ չկա կաշառակերություն: Իսկ դա ներսից քանդում-քայքայում է մեզ: Մեր հարուստներին ես նմանեցնում եմ մարդու, ով կտրում է այն ճյուղը, որի վրա ինքն է նստել: Կտրում է` աչքերը փակած, թքած ունենալով, որ ինքն էլ է տապալվելու…

- Մի՞թե Հրաչ Բեգլարյանը հիասթափված է:

- Ոչ, Հրաչ Բեգլարյանը հիասթափված չէ: Նախ նա քրիստոնյա է, իսկ մեր Տերը մեզ պատվիրում է չհիասթափվել: Սա մեկ, երկրորդ, ես էությամբ լավատես մարդ եմ, երրորդ` ավելի շատ կարելի է ասել, որ Հրաչ Բեգլարյանը իր երկրի ձախուծուռ բաները տեսնելով` պայքարում է: Պայքարում է խոսքով, քանի որ նա գրող է, իսկ գրողի ամենամեծ զենքը, համաձայնեք, խոսքն է: Հենց երեկ վերջացրի մի գրքի մաքրագիրը, որի մեջ անդրադառնում եմ Ձեր առաջ քաշած բազում հարցերի: Միայն թե չգիտեմ` ե՞րբ կտպագրվի, քանի որ իմ գրականության մեծ մասն անտիպ է: Եթե չչափազանցեմ, ապա կասեմ, որ ունեմ տպագրելու մի 15 գիրք…

- Ի՞նչ երազանքներ ունեք:

- Երազանքնե՞ր: Եթե մեծ մասշտաբի երազանքների մասին խոսեմ, ապա կասեմ, որ կուզենայի ազգս բախտավոր ու հզոր հայրենիք ունենար: Կուզենայի, որ ամեն մի երիտասարդ մարդ, կամ հայ մարդ առհասարակ, իրեն ապահով ու պահանջված զգար սեփական հայրենիքում: Իսկ անձնական երազանքներս... Դրանք շատ են` սկսած նոր գործեր գրելուց, դրանք տպագրված ու կարդացված տեսնելուց, մինչև թոռնիկիս մեծացած տեսնելն ու նրա հարսանիքին պարելը… Առանց երազանքի էլ ի՞նչ մարդ: Ասեմ նաև այն երազանքներիս մասին, որոնք դժվար թե իրականություն դառնան: Օրինակ` Մասիսի գագաթ բարձրանալը, օրինակ` օվկիանոսի հատակ իջնելը, օրինակ` Վանա լճի ափին ճգնարան ունենալը, օրինակ` Բասենի գավառի Ազատ գյուղում իմ նախնյաց տները վերակառուցելն ու այնտեղ ապրելը… Շարունակե՞մ:

- Իսկ մեր ավանդույթների հետ ինչպե՞ս վարվենք:

- Մեր ավանդույթները պահպանենք: Հայը չի կարող այնպես ապրել, ինչպես, ասենք անգլիացին, ֆրանսիացին, հոլանդացին… Այդ ավանդույթները ստեղծվել են դարերով և անպայման` կյանքի փորձից ելնելով: Եվրոպական ամեն բան չէ, որ մեզ հարմար է: Ես առաջավորի կողմնակից եմ, բայց եկեք չմոռանանք, որ հայի ամենաուժեղ կողմերից մեկը նրա ընտանիքն է, հայկական ընտանիքը, նրա լեզուն, Առաքելական եկեղեցին… Այս ավանդույթները հանիր հայի միջից, և նա կդառնա ոչինչ կամ կվերանա արդեն երկրորդ սերնդում: Դրա համար, առաջավորը ընդունելով, մեր կարևոր ավանդույթներին հավատարիմ պետք է մնալ:

- Խոսք` ուղղված հայ մտավորականներին:

- Ասված է, չէ՞. «Ինձ ո՞վ դատավոր ընտրեց»: Ես մեր մտավորականությանը դիմելու լիազորություն չունեմ: Ես հարգում եմ յուրաքանչյուր մշակի` լինի նա հողի, մտքի, թե` հոգու մշակ: Իմ կարծիքով մտավորականությունը մտքի մշակ է: Ուստի կուզենամ, որ յուրաքանչյուր մշակ ուշադիր լինի, որ իր արորը սուտվար չտա:

- Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:

- Ես մինչև այժմ էլ ասել եմ այն, ինչի մասին հարցրել են, կամ ինչը ես եմ անհրաժեշտ համարել: Իսկ այս պահին ոչ ուսուցչի կեցվածք եմ ուզում ընդունել, ոչ մարգարեի կերպար առնել, մանավանդ, որ բերանս երբևէ չեն փակել: Իսկ եթե փորձել են բռնել բերանս ու թույլ չտալ խոսել, ես իմ ասելիքն ասել եմ մի այլ ճանապարհով:

Զրուցեց Գարիկ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ