Գալիքը` թվային կանխատեսումներում


Տեղեկատվական սովի դարում պայծառատեսներն ապագան կանխատեսելու իրե´նց մեթոդներն ունեին: Ու թե դրանք ո՞ր չափով են իրականացել` դժվար է ասել: Իսկ ամբողջ աշխարհից տեղեկատվություն կուտակող ԿՀՎ-ն իր կանխատեսումները հիմնավորում է դրանց վերլուծությամբ: Ամերիկացի վերլուծաբան Մեթյու Բաթոուն, ով ժամանակին աշխատել է ԿՀՎ-ում, ԱՄՆ կառավարության համար կազմել էր աշխարհի երկարաժամկետ զարգացման կանխատեսում` «Աշխարհաքաղաքական միտումներ» վերնագրով: Նա նաև գիրք է հրատարակել` «Ապագա. գաղտնազերծված է», ուր հանգամանորեն ներկայացնում է, թե ինչ է սպասվում աշխարհին` 2030 թ. նախաշեմին: Ընդգծենք` «գաղտնազերծումները» մեկ հեղինակի վերլուծությունն են ընդամենը, որոնք մասամբ ճշմարտանման են` աշխարհաքաղաքական ներկա իրավիճակը հաշվի առնելով:

ԲԱՐԵԿԵՑՈՒԹԱՆ ԱՃ

Առաջիկա 20 տարիներին մոլորակի բնակչության կեսը` 8,3 միլիարդից 4 մլրդը, կկազմի բարեկեցիկ միջին խավը, և կկրճատվի նրանց անջրպետը` զարգացող ու զարգացած երկրներում: Եթե Ասիայում միջին խավի տարեկան ծախսերը կավելանան 9 %-ով, ապա Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում` 0,6 %-ով: Սակայն նույնը չես ասի եկամուտների առումով: Համեմատության համար` ասիական երկրներում տարեկան եկամուտը կհասնի 15 հազար, իսկ արևմտյան պետություններում` 64 հազար դոլարի:

Եթե ճգնաժամ չսկսվի, կնվազի աղքատության մակարդակը: Մերձավոր Արևելքում, Արևելյան և Հարավային Ասիայում 2 անգամ կպակասեն աղքատները: Այսուհան դերձ, աֆրիկյան մայրցամաքում կմնա 300 միլիոն չքավոր:

ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Չորս ցուցանիշներով Ասիան կգերազանցի Հյուսիսային Ամերիկային ու Եվրոպային. բնակչության թվաքանակով, ՀՆԱ-ի աճով, տեխնոլոգիաների ներդրմամբ և զինվելու ծախսերով: Ասիական երկրների այս թռիչքը կվերականգնի տարածաշրջանի ուժը և ի չիք կդարձնի արևմտյան գերիշխումը:

Տարածաշրջանի աճը հնարավոր կլինի Չինաստանի և Հնդկաստանի շնորհիվ: Չինաստանն աշխարհում առաջին տնտեսությունը կունենա, իսկ Հնդկաստանը կհասնի ՉԺՀ-ի ներկա մակարդակին:

Նույն ցուցանիշներով Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Թուրքիան, Բրազիլիան, Կոլումբիան և Մեքսիկան, որպես միասնական խումբ, առաջ կանցնեն Եվրամիության 28 երկրներից: Սակայն դրանք աշխարհի մասշտաբով առաջին դերակատար չեն դառնա, որովհետև կզիջեն Չինաստանին ու Հնդկաստանին, բայց կդադարեն «երրորդ երկիր» համարվել:

Եվրոպայում տնտեսական առաջնորդի դերը Գերմանիայից «կխլի» Մեծ Բրիտանիան. պատճառը վերջինիս ժողովրդագրական առավել բարվոք վիճակն է:

ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԾԵՐԱՑՈՒՄ

Զարգացած երկրներում միջին տարիքը 37,9-ից կհասնի 42,8-ի: Գերմանիայի բնակչությունն արդեն անցել է 45-ի սահմանը: Հարավային Կորեայում և Եվրոպայի մյուս երկրներում բնակչության միջուկը կազմում են 65-ից բարձր տարիք ունեցողները: 25-ից ոչ բարձր միջին տարիքով բնակչություն ունեցող երկրների թիվը 80-ից կիջնի մինչև 50: Դրանց մեծ մասը կենտրոնացված կլինեն Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Աֆրիկայում: Հարավային Ասիայում կմնա Աֆղանստանը, իսկ ամերիկյան մայրցամաքում` Գվատեմալան, Բոլիվիան ու Հաիթին:

Ծերանալու արդյունքում իրավիճակը դառնում է երկակի: Մի կողմից, քանի որ քաղաքացիական զինված բախումների 80 %-ը տեղի է ունենում միջինը 25 տարեկան բնակչություն ունեցող երկրներում, ուրեմն կնվազեն այդ բախումները: Բայց մյուս կողմից` կկրճատվի աշխատունակ մարդկանց քանակը:

ՊԱՐԵՆԻ ԵՎ ՋՐԻ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Բնակչության աճի հետևանքով 35 %-ով մեծանում է նաև սննդամթերքի պահանջարկը և 40 %-ով` ջրի պահանջարկը. նաև, իհարկե, ոռոգման ջրինը: AiF.ru