Բուսաբանականը` նվաղած


Ամեն անգամ գիտահետազոտական այս կամ այն հաստատության խնդիրներին անդրադառնալիս բախվում ենք այն մտայնությանը, որ ներկայիս գիտական հաստատությունների հոգում ու մտքում մնացել են խորհրդային տարիների ժամանակները. այս 25 տարիների ընթացքում նրանց չի հաջողվել վճարունակ պահանջարկ ձևավորել իրենց ոլորտի նկատմամբ ու առաջ շարժվել: Իհարկե, ունենք նաև բիզնես-մտածողություն ունեցող գիտնականներ, ովքեր նույնպես դժգոհում են, թե իրենց հայտնագոր ծությունը չի հետաքրքրում իշխանություններին:

Գաղտնիք չէ և այն, որ գիտական նվաճման հասնելու համար ժամանակ և ֆինանսավորում է հարկավոր, ինչը փաստորեն չկա: Եվ ստացվում է փակ շղթա. գիտնականը չի կարողանում իր միտքը գեներացնել ու դրանով գումարներ բերել հաստատությանը, որն էլ գնալով քայքայվում է` չկարողանալով միջոցներ տրամադրել: Նման անբարենպաստ իրավիճակում է նաև ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտը, որը գիտական «փորձություններից» բացի, ստիպված է լինում դիմակայել նաև տարածքային և տարածքում աճեցվող եզակի նմուշների դեմ իրականացվող հարձակումներին: Ստեղծված իրավիճակում ինչպե՞ս է հաջողվում պահպանել եղածը, և ի՞նչ է հարկավոր` Բուսաբանական այգու երբեմնի համբավը վերականգնելու ու առաջ շարժվելու համար: Այս և այլ հարցերի մասին է զրույցը Բուսաբանական ինստիտուտի փոխտնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու

Գագիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ հետ:

- Ամեն տարի այգու տարածքում մի քանի հրդեհ է բռնկվում` բավականաչափ վնաս հասցնելով հաստատությանը: Երկու օր առաջ նույնպես հրդեհ բռնկվեց, որը մարվեց ԱԻՆ-ի ջանքերով: Ինչո՞ւ է նման փորձությունների ենթարկվում գիտական կառույցը, և մինչև ե՞րբ պետք է տարածքում պահպանվող եզակի նմուշների նման կորուստներ արձանագրվեն: Ի՞նչ է արվում պետական մարմինների կողմից` կառույցը պահպանելու և երբեմնի գիտական համբավը վերականգնելու համար:

- Ամեն ինչ գալիս է ֆինանսավորումից, որի պակասի հետևանքով համապատասխան ծառայությունները կամ չեն գործում, կամ գործում են շատ թերի: Օրինակ` պահակային ծառայությունը: Մեզ մոտ երեկոյան ժամը 4-ից մինչև առավոտյան ժամը 8-ը օրական երկու պահակ է հսկում և բնական է, որ չեն կարողանում իրենց ուժերով 80 հեկտար տարածքը լիարժեք հսկել: Եվ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում` հրդեհ, անօրինական հատումներ և այլն: Այսինքն, եթե լինի ֆինանսավորում, ապա նման բարձր տոկոս չի լինի վնասը, որը մեզ ամենօրյա վտանգի առջև է կանգնեցնում:

- Ջրամատակարաման հարցն ի՞նչ վիճակում է:

- Նույն անմխիթար վիճակում է նաև ջրամատակարարման հարցը: Բյուջեով նախատեսված գումարների շրջանակներում է հարցը լուծվում, բայց պահանջարկը նախատեսվածից կրկնակի, եռակի շատ է: Ամեն ինչ փող է, որը մենք չունենք և որքան բյուջեով նախատեսված է, այդքանի մեջ ենք փորձում տեղավորվել: Խորհրդային տարիներին տարածքը 30 ոստիկան էր հսկում, 24-ժամյա հերթապահություն կար, ունեին մեքենա, որով շրջում էին ողջ տարածքում, և եթե դա համեմատենք ներկայիս իրավիճակի հետ, կտեսնենք, որ անհնարին է 2 պահակով, ոտքով այդ ողջ տարածքը հսկել, կամ ջրել:

- Իշխանությունները տեղյա՞կ են ձեր խնդիրների մասին, և ի՞նչ է արվում` վիճակը բարելավելու համար:

- Կառավարությունում տեղյակ են: Անցյալ տարի դիմեցինք, մեզ տարան-բերեցին, տարան-բերեցին, հետո մերժեցին: Եվ եթե ես վստահ լինեմ, որ Բուսաբանական այգու պահպանման համար անհրաժեշտ գումարները մեզ չեն տալիս, բայց ուղղում են երկրի անվտանգության` սահմանների վերահսկողության բարելավմանը, գոնե այդքանով հանգիստ կլինեմ, որ կարևորագույն հարցեր են լուծվում: Մենք էլի այս վիճակով մի կերպ կգոյատևենք: Եվ եթե նախորդ տարիներին խոստանում էին որոշ գումարներ ավելացնել, ապա այս տարիներին ասում են, որ նման բան մի սպասեք:

- Քանի՞ աշխատող ունեք:

- Ունենք 65 աշխատող, որոնք աշխատում են բուսաբանական ինստիտուտում: Այն ունի երեք բուսաբանական այգի` Երևանում, Սևանում և Վանաձորում: Աշխատողներից մոտ 21-ը` գիտությունների թեկնածուներ ու դոկտորներ են, իսկ մնացածը` տեխնիկական աշխատողներ:

- Միջազգային կապեր կարողացե՞լ եք ստեղծել այս ընթացքում:

- Փառք Աստծո, նման կապեր կամաց-կամաց ստեղծվել են, և դա շատ կարևոր է հատկապես երիտասարդ գիտնականների համար: Մենք աշխատում ենք պետական պատվերի շրջանակներում, իսկ պետական մակարդակով գլոբալ ծրագրեր չեն մշակվում, որ կարողանանք միջազգային ասպարեզ դուրս գալ և խոշոր նախագծերի մասնակցել: Այ դա արդեն լուրջ ֆինանսավորում կլիներ, որը բավականին հարց կլուծեր:

- Նախաձեռնությամբ հանդես չե՞ք գալիս:

- Գոյություն ունի Գիտությունների Ազգային Ակադեմիա: Ծրագրերն այդտեղից են գալիս, մենք էլ իրականացնում ենք: Իհարկե, մենք նույնպես ծրագրեր ենք ներկայացնում, բայց, միևնույնն է, աշխատավարձի հաշվարկը կատարվում է միջին աշխատավարձի չափով, և գիտնականը ստանում է այնքան, ինչքան նախատեսված է:

- Այսինքն, այստեղ կառավարման մոդելների բախում կա: Մի կողմից ազատ եք և կարող եք սեփական նախաձեռնություններով գումարներ բերել, մյուս կողմից ստանում եք այնքան գումար, ինչը որ նախատեսված է բյուջեով: Փաստորեն, գիտական ներուժը կա, որը, սակայն, չի կարողանում սեփական նախաձեռնությամբ եկամտաբեր դարձնել իր գաղափարները և դրանով հարստացնել իր հաստատությունը

- Դրսում գիտություն, արտադրություն կապը կա, որը հնարավորություն է տալիս ներդրողներին մեծ գումարներ աշխատել: Մեզ մոտ դա չկա: 40 տարի է` այս համակարգում ենք աշխատում և ոլորտի լավն էլ գիտենք, վատն էլ: Բայց փաստն այն է, որ առայժմ շարունակում ենք կոտրած տաշտակի առջև մնալ: Ներկայումս, եթե մենք ցանկանանք բուսաբանությունն իր ուղղություններով դնել հզոր հիմքերի վրա, պետք է նախ կարողանանք վերականգնել ոռոգման և ջեռուցման համակարգերը, ջերմատնային տնտեսությունները, ինչը հիմա հեքիաթային բան է թվում: Խորհրդային տարիների եղածը կոտրվեց, թալանվեց, բայց, բարեբախտաբար, մի քանի տարի առաջ Հրանտ Վարդանյանը 50 հազար դոլար գումար տրամադրեց, որով կարողացանք ջերմատնային տնտեսությունը վերականգնել և ինչ-որ մի տեղ պահպանել տրոպիկական բուսատեսակների հավաքածուն: Ժամանակին ունեինք մոտ 1200 տեսակի կոլեկցիոն բուսատեսակներ: Ավերվելուց հետո մնաց մոտ 300-ը, իսկ հիմա ունենք մոտ 600-ը: Եթե ունենանք արտադրական տարածքներ, ապա այդ նմուշները կարելի է բազմացնել և վաճառել, բայց այն չկա և հազիվ կոլեկցիաներն ենք պահում:

- Կիսատ-պռատ ֆինանսավորմամբ ինչպե՞ս հնարավոր կինի զարգացնել Բուսաբանական այգին, առավել ևս, որ այն ամեն տարի նաև բավականին լուրջ փորձությունների է ենթարկվում: Ո՞րը կլինի Ձեր հորդորը:

- Գիտության զարգացման համար լաբորատորիաներ են պետք. մերն այնքան հին է, որ չի համապատասխանում ներկայիս պահանջներին: Այսինքն, խնդիրներն այնքան շատ են, և այդ մասին գիտեն բոլորը, բայց… Մեզ ոչ մեկն ուշադրություն չի դարձնում: Իշխանություններին ուզում եմ ասել, որ եթե կա հնարավորություն, թող մի քիչ մեզ ավելի լավ նայեն: Եթե խթան լինի նրանց կողմից, պետական բյուջեով նախատեսված 80 հազարը մեր աշխատանքի շնորհիվ կդառնա 800 հազար և կկարողանանք լրացուցիչ գումարներ վաստակել ու բարելավել գիտնականների կարգավիճակը: Իսկ ազգաբնակչությանը ուզում եմ ասել, որ Բուսաբանական այգուն պետք չէ վերաբերվել որպես սեփական տարածքի, որպեսզի գան ջանդեն, փշրեն, եղածն ավերեն: Գալիս են, ուտում-խմում, աղբանոցներ են սարքում: Մեկ հավաքարար ունենք ողջ տարածքում, ով մեկ շաբաթում չի հասցնում թափածը հավաքել: Իրականում սա արժեք է, որը պետք է ոչ թե ոչնչացնել, այլ պահպանել:

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ