Հավկուրություն օրը ցերեկով


ՀԿԿ-ն, հանձին իր նախագահ Ռուբեն Թովմասյանի, մերօրյա քաղաքական դաշտը նմանեցնում է ժայթքելու պատրաստ հրաբխի, որտեղ չի տեսնում այն կուսակցությունն ու գաղափարախոսությունը, որի հետ կցանկանար համագործակցել: Չնայած համագործակցություն ասվածը երևի խորթ է ՀԿԿ-ին, քանզի երբեմնի հզոր անցյալում նրանք իրենց կողքին երբեք էլ չեն ունեցել այլ քաղաքական -գաղափարական ուժ: Իհարկե, նաև մրցակից ու հակառակորդ չեն ունեցել: Իսկ համագործակցության դառը փորձաքարը նրանց համար եղել է 2003-ի ընտրությունները, որոնք էլ ջլատելով կոմկուսի միասնական ներուժը` գրանցել են նրանց պարտությունը: Նոր ընտրություններին միայնակ մասնակցել պատրաստվող կուսակցությունը միշտ էլ շարժվելու է առաջ` զգուշանալով երեք ոչ ցանկալի իրողություններից, ինչպես իրենց մեծանուն առաջնորդ Լենինը` «սնապարծություն, անգրագիտություն, կաշառակերություն»: Նաև չի հարելու որևէ արտաքին ուժի` հատկապես գունավոր հեղափոխություններով հայտնի ԱՄՆ-ին: Չնայած կոմկուսը չի հավատում արդար ընտրապայքարին 2007-ին ևս, այսուհանդերձ շարունակելու է արդարությամբ առաջնորդվել, որ չարժանանա գաղափարապես պարտվածի «տիտղոսին», ինչպես իշխանական բարձունքից գահավիժած, «խայտառակված» ՕԵԿ-ը: ՀԿԿ նախագահ Ռ. Թովմասյանը վստահ է, որ կոմունիստական գաղափարախոսությունը, որը որդեգրել են շատ երկրներ, շուտով տոնելու է իր հաղթանակը... Բայց «շուտով»-ը երևի շատերին կասկած հարուցի, քանզի աշխարհում այժմ զարգացման մատնանշվող ուղիները բավական հեռու են կոմունիստական գաղափարախոսության միահեծան ուղուց:

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ