Պատերազմը ցանկալի չէ ոչ ոքի


Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրը միշտ էլ եղել և մնում է ինչպես քաղաքական գործիչների, այնպես էլ փորձագետների ուշադրության կենտրոնում: Անկախ փորձագետ Լևոն Մելիք-Շահնազարյանի հավաստմամբ` արդեն մեկ ամիս է, ինչ ղարաբաղյան գործընթացը մտել է նոր փուլ: Ադրբեջանի անելիքը սպառվել է: Միջազգային կառույցների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բազմամյա գործունեությունը հիմնականում ուղղված է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Թե° միջազգային կառույցների, թե° գերտերությունների շահերից չի բխել ու չի բխում պատերազմական գործողությունների վերսկսումը Ղարաբաղում: Նրանք իրենցից կախված ամեն ինչ կանեն` թույլ չտալու համար Ադրբեջանի ռազմատենչ նկրտումները: Այդ ամենին գումարած նաև այն հանգամանքը, որ, համաձայն շրջանառվող տեղեկատվության, Ադրբեջանի բանակը չի հասել մարտականության այնպիսի վիճակի, որ կարողանա պատերազմի միջոցով լուծել ԼՂՀ հիմնախնդիրը: Չնայած սեփական երկրում դա չեն ընդունում և, նկատի ունենալով Թուրքիայի սատարումը, համարում են, որ իրենք կարող են ռազմական ճանապարհով լուծել խնդիրը: Այդպես է, թե ոչ, չդատենք: Այնուամենայնիվ, Հայաստանը պետք է շտապի և օգտվի ընձեռված նպաստավոր հնարավորությունից` առաջիկայում էլ ավելի ամրապնդելու սեփական դիրքերը: Մելիք-Շահնազարյանը նաև ոչ մի հույս չի կապում սեպտեմբերին սպասվող երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հետ: - Դե, հանդիպում է, էլի... Հիմա Ադրբեջանի ձեռքերը կապվել են, մենք պետք է պահից օգտվենք: Բանակցային արդյունքները ոչինչ չեն տա, մեր պատուհանը բացվել է: Ժամանակը կաշխատի նրա օգտին, ով ճիշտ կգործի:

Հասմիկ ՄԱՂԱՔՅԱՆ