-ԶԻՆՎՈՐԻ ՍԵՐԸ` ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇ


Զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Գարեգին ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ համոզմամբ` մարդու ամենամեծ առաքինությունը արդարամտությունն է ու հարգանքը կողքինի հանդեպ: ԳԵներալն ունի աշխատանքի գնահատման ուրույն չափանիշ` զինվորի սերն ու հարգանքը: «Ես իմ յուրաքանչյուր զինվորի ավագ ընկերն եմ ու բարեկամը ամբողջ կյանքում»,- ասում է հրամանատարը: ց Դուք Շամխորի շրջանի Չարդախլու գյուղում ծնված 13-րդ գեներալն եք, մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը նույնպես Չարդախլուից են: Որտեղի՞ց են գալիս Ձեր ծննդավայրի ռազմական ավանդույթները: - Չարդախլուի ռազմական ավանդույթները դարերի պատմություն ունեն: Մենք գեներալներ ենք տվել ցարական Ռուսաստանի բանակին, օրինակ` Ջահանբեկ Մարգարյանը: Բավական է կարդալ գյուղի կենսագրությունը` հասկանալու, թե ինչու և ինչպես են ծնվել ուժեղ և կենսունակ լինելու անհրաժեշտությունը, պայքարի ոգին և սերը ռազմարվեստի հանդեպ: Թուրքերով շրջապատված գյուղը միշտ կանգնած է եղել իր հողն ու օջախը կորցնելու վտանգի առաջ և հասկացել է, որ գոյատևելու միակ պայմանը կորովի ու հայրենասեր զավակներ դաստիարակելն է: Մարշալներից ու գեներալներից բացի Չարդախլուն տվել է բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ, ովքեր այսօր էլ ծառայում են ազգային բանակում: Ավանդաբար` ամեն տարի Չարդախլուից 3-4 շրջանավարտ դիմում են ռազմական բուհ. գրեթե չկա որևէ գերդաստան, որ զինվորականներ չունենա: Իմ տոհմը նույնպես հայտնի է զինվորական ավանդույթներով, պապիս եղբայրը` Խաչատուր Գաբրիելյանը, մայոր էր, հորեղբայրս` Սուրեն Գաբրիելյանը, գնդապետ, իսկ պապս` Գարեգին Գաբրիելյանը, պատվարժան մարդ էր` բառի բուն իմաստով: Հայրս վարորդ էր: 18 տարեկանում գնացել էր պատերազմ, հետո բազմանդամ ընտանիքի հոգսն էր քաշել ու կրթությունը շարունակելու հնարավորություն չէր ունեցել, սակայն ներքին կուլտուրան, բարեկրթությունն ու մյուս առաքինությունները ժառանգել էր գենով, խիստ էր ու ազդեցիկ, գիտեր ուսման հարգն ու առանց խոսքի, առանց ճառերի դաստիարակելու ձևը: - Իսկ Դո՞ւք ինչպիսին էիք մանկության տարիներին: Առանց խոսքի ու ճառերի դաստիարակված տղան պիտի որ հնազանդ լիներ: - Չեմ ուզում պատմել բազմաթիվ «քաջագործություններիս» ու արկածներիս մասին, որ «վատ օրինակ» չդառնամ զինվորներիս համար, միայն ասեմ, որ դպրոցն ավարտել եմ գերազանց գնահատականներով, զինվորական ուսումնարանը` նույնպես, զբաղվել եմ սպորտով: Զինվորական դառնալու մտադրությունս վերջնականապես հաստատվեց, երբ խանդավառությամբ, պատիվներով, շուքով ծառայության էինք ճանապարհում հորաքրոջս որդուն (նա այժմ նույնպես զինվորական է): Ինձ հրապուրում էր զինվորական մասնագիտության վեհությունը, հեղինակությունը, արտաքին փայլը: Սակայն ուսումնառության առաջին օրվանից հասկացա, որ պիտի բազում դժվարություններ հաղթահարեմ, պայքարեմ, ջանամ: Արժանապատվությունս թույլ չէր տա պարտված ու ամոթահար Չարդախլու վերադառնալ. Չարդախլուն պարտվողներին չէր սիրում: - Պարոն գեներալ, անկեղծ ասած, ես միտք չունեի խոսել այդ մասին, սակայն պահը եկել է, ու պիտի հարցնեմ` ինչո՞ւ ընկավ մարշալների ու գեներալների, բարձրաստիճան զինվորականների ծննդավայր Չարդախլուն: Պարտություն չհանդուրժող Չարչախլուն ինչպե՞ս պարտվեց: - Ձեր հարցի մեջ և° ցավ կա, և° մեղադրանք, ու ես դրան ըմբռնումով եմ մոտենում: Չարդախլուն չի պարտվել: Գյուղը երկար դիմադրեց ու հերոսաբար: Թուրքական գյուղերով շրջապատված Չարդախլուում ոչ մի թուրք չէր ապրում, չէր կարող ապրել: 86-ին Ադրբեջանի կառավարությունը ցանկանում էր գյուղում թուրք նախագահ նշանակել, փոքրով ու մեծով ոտքի կանգնեցին, թույլ չտվեցին: Նրանք էլ` իրենց էությանը հավատարիմ, սկսեցին հալածել, ամբաստանել, սուտ մեղադրանքով քրեական գործեր հարուցել հայ նախագահների դեմ: 88-ին հակամարտությունն ավելի սրվեց, մնացինք շրջափակման մեջ, առանց օգնության: Այդ օրհասական պահին անգամ թուրքերը վստահ չէին, որ հայերը թողնելու են Չարդախլուն, ու ոմանք ցանկանում էին գնել հայերի տները, սակայն գյուղից հեռացող գյուղացիներից ոչ մեկը տուն չվաճառեց թուրքին. նրանք համոզված էին, որ հետ են գալու: Մի հատկանշական դրվագ հիշեմ. երբ բարձում էին թանգարանի իրերը, թաց, անձրևոտ եղանակ էր, բայց ոչ ոք սիրտ չարեց ցեխոտ ոտքերով թանգարան մտնել: Այդ մարդիկ թույլ չեն տա, որ պղծվեն իրենց սրբությունները, այդ մարդիկ չեն հաշտվի Չարդախլուն անվերադարձ կորցնելու մտքի հետ: Ժամանակը կարող է մեղմել ամենամոտ հարազատի կորստի ցավն անգամ, բայց հայրենիքի կորուստը չի ամոքվում, ցավը մնում է միշտ, փոխանցվում է սերնդեսերունդ: - Դուք այն զինվորականներից եք, ովքեր թողեցին իրենց պաշտոնները խորհրդային բանակում, վերադարձան հայրենիք` պաշտպանելու վտանգված հողը, փակելու թշնամու ճանապարհը, ու ես ուզում եմ, որ միասին հիշենք այդ օրերի խիզախությունը, միասնությունը, հայրենասիրությունը, նվիրումը, սերը... - Հայաստան եկա Գերմանիայից, սումգայիթյան դեպքերի ժամանակ: Սկզբում ծառայության անցա զինկոմիսարիատում, հետո նշանակվեցի Վարդենիսի պարետ: Արցախյան պատերազմն ինձ համար բացահայտեց այն բարոյական ներուժը, որն ունի մեր ազգը, որն ի հայտ է գալիս, երբ դրա անհրաժեշտությունը դառնում է կենսական: Մենք պետք է ողջախոհություն ունենանք` արդյունավետ օգտագործելու մեր հնարավորությունները նաև առօրյա կյանքում` Հայրենիքի հանդեպ սերը, նվիրվածությունը ազգային արժեքներին, միմյանց վստահելու պատրաստակամությունը, անձնական շահը մեծ գաղափարներին ստորադասելու պատրաստակամությունը դարձնելով ապրելակերպ ու հավատամք: - Սեպտեմբերի 2-ին ազգովի կտոնենք Արցախի անկախության տարեդարձը: Ադրբեջանական լրատվամիջոցները, ինտերնետային կայքերը յուրովի են «նախապատրաստվում» տոնին, ստահոդ լուրեր ու անհեթեթ բարբաջանքներ տարածելուց զատ` փորձելով հասկանալ, թե ինչն էր պակասում իրենց արցախյան պատերազմում, ո՞րն էր պարտության բուն պատճառը: - Թուրքին հայի կենսունակությունն էր պակասում, իր խորքերից ուժի ու հերոսության անսպառ ակունք հանելու ունակությունը, ամեն օրհասական պահին անգամ հաղթանակին հավատալու կամքն ու պայքարելու ոգին, ապրելու հրաշքը: - Պարոն գեներալ, Դուք ղեկավարել եք մայրաքաղաքային գունդը, Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասը, այժմ զորամիավորման հրամանատար եք, Ձեր կարծիքով ո՞րն է հրամանատարի ամենակարևոր հատկանիշը: Շատերն առաջին հերթին նշում են զինվորին սիրելու ունակությունը: - Իսկ ես գտնում եմ, որ հրամանատարը պետք է ինքն իրեն սիրի առաջին հերթին` իր պատիվը, հեղինակությունը, անունը: Պետք է հարգանքով վերաբերվի իր կոչմանը, համազգեստին, ուսադիրների աստղերին, այդ դեպքում կսիրի նաև զինվորին, կաշխատի ողջ ավյունով, կանի ամեն ինչ, որ սեր ու հարգանք վաստակի: Ընդամենը 14 տարվա պատմություն ունեցող բանակում օրինաչափորեն մեծ դեր է խաղում անհատի գործոնը: Ավանդույթներ ու հստակ գործող մեխանիզմ ձևավորելու համար ժամանակ է պետք, իսկ մինչ այդ յուրաքանչյուր զինվորական կառույց կրելու է իր ղեկավարի բարոյական նկարագրի ու աշխատուժի կնիքը: Բանակը միակ ասպարեզն է, որտեղ անձնակազմի աշխատանքը համարվում է ծառայություն, և այդ բառը մեծ խորհուրդ ունի: Զինվորականի մասնագիտություն ընտրող յուրաքանչյուր հայորդի պետք է հարց տա իրեն` ֆիզիկապես և հոգեբանորեն պատրա՞ստ է ծառայելու հայրենիքին ու ժողովրդին, միայն այդ դեպքում բանակը կմաքրվի այնպիսի պատեհապաշտներից, ում համար մունդիրի պատիվն ու սպայի արժանապատվությունը դատարկ խոսքեր են, իսկ ժողովրդի սերն ու հարգանքը ոչինչ չարժեն: - Պատեհապաշտները շա՞տ են բանակում: - Բանակի այսօրվա ձեռքբերումները, զորքերի մարտունակությունը, հայոց զինված ուժերի բարի համբավն ինքըստինքյան պատասխան են Ձեր հարցին: Սակայն մի քանիսն էլ կարող են լրջորեն խոչընդոտել առաջընթացն ու կասեցնել հաջողությունները, քանի որ մեկի թերացումից կարող է թերանալ ենթակա կառույցն ամբողջությամբ, կարող են արմատավորվել անբարո, նույնիսկ հանցավոր բարքեր: Ծանոթ լինելով Ձեր հարցազրույցներին` համոզված եմ, որ քիչ հետո հարցնելու եք կաշառակերության, հովանավորչության, Ձեր խոսքերով ասած` զինվորին լրացուցիչ արձակուրդ տալու կամ արտոնյալ ծառայություն ապահովելու «սակագների» մասին, փորձելու եք պարզել, թե ժողովրդի մեջ շրջող նմանատիպ լուրերը ի՞նչ ակունք ունեն, որքանո՞վ են հավաստի: Կանխելով հարցը` ասեմ, որ մեկ նման դեպքը կարող է հազար անգամ հիշատակվել, շրջել տնից տուն, ձևավորել կարծիք: - Ինչի՞ց եք սկսում զորամաս եկած զինվորի հետ առաջին շփումը: - Պարզ, մարդկային զրույցից: Ասում եմ, որ հիմա իրենք մի ընտանիք են, եղբայրներ են, ու ես, որպես ընտանիքի ղեկավար, խնդրում ու պահանջում եմ սեր, հարգանք, հանդուրժողականություն, աջակցություն, պատասխանատվություն մեկը մյուսի հանդեպ: Կարևորը զինվորի հավատն ու վստահությունը շահելն է, դրանից հետո ինքնաբերաբար կլինեն և° սեր, և° հարգանք, և° փոխըմբռնում: Իսկ զինվորի վստահությունը շահելու համար պիտի նրա բարեկամը դառնաս, չասես` զինվորի այս կամ այն հոգսը ինձ չի վերաբերում, քանի որ դուրս է ծառայության շրջանակներից, քանի որ սրտացավությունը, կարեկցանքը, հոգատարությունը չեն կարող մասնակի դրսևորում ունենալ, այլապես կլինեն կեղծ, սարքովի: Ուրեմն` զինվորի ցանկացած հոգս վերաբերում է հրամանատարին` ֆինանսական վիճակը, ծնողների առողջությունը, սիրած աղջկա վերաբերմունքը... - Կցանկանայի՞ք, որ Ձեր որդին հրամանատար դառնա: - Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ, առավել ևս` զինվորական, եթե սիրում է իր գործը, կցանկանա հետևորդներ ունենալ, սակայն հակված եմ մասնագիտության ընտրությունը թողնել երեխաներիս կամքին, քանի որ ոչ մեկը պարտադրաբար զինվորական չի դառնում, խոսքս հոգով ու կոչումով զինվորականի մասին է:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ