ԽՈՍՔ ՀՐԱԺԵՇՏԻ


Էլի տխրություն ու թախիծ, էլի տխուր բաժանում: Էլի թանկ մի գոյություն պակասեց մեզնից, բեղուն մի գրիչ, զգայուն, մարդու ու հայի ճակատագրով բաբախող մի սիրտ: Պանթեոնում էլի թանկ մի շիրիմ ավելացավ: Հայ ժողովուրդը դեպի հավերժություն ճանապարհեց իր հուզերի ու տառապանքների փայլուն խոսնակին, իր սիրելի բանաստեղծուհուն` ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻՆ: Սիլվա Կապուտիկյանի թողած գրական ժառանգությունն ու ստեղծագործական տարեգրությունը գնահատելը գրականագետների խնդիրն է: Մենք խոսում ենք այն չքնաղ հուզաշխարհի մասին, որի մեջ իրեն զգում է Կապուտիկյանի ընթերցողը: Ամեն մի տողը` հոգեհարազատ, սրտամոտ ապրում, ամեն մի տողը` հոգու բանաձև ու սահմանում: Այո°, հոգու խոսք է Սիլվա Կապուտիկյանի պոեզիան, զգացմունքների չափազանց գունեղ ներկապնակ` ծանոթ ու անծանոթ մարդուն, մանավանդ հայ մարդուն հարազատ ու հասկանալի երանգներով: Զգացմուն քայնությունը մինչև վերջ մնաց Սիլվա Կապուտիկյան բանաստեղծուհու պոեզիայի ամենահնչեղ ու լսելի լարը, Սիլվա Կապուտիկյան մարդու ամենաբնորոշ հատկանիշը: Ականջալուր եղավ իր դժվար դարի ամեն մի իրադարձության, անտարբեր չեղավ ժամանակների վայրիվերումների նկատմամբ: Խոսեց, բանաստեղծեց, հուզվեց ու հուզեց: Մարդկային ամեն մի ապրում, իրական կյանքի ամեն մի իրադարձություն ու դիպված նրա գրչի տակ դարձավ չքնաղ պատկեր, հոգու զուլալ խոսք, բողոքի ազդանշան` ի սեր և հանուն նորին մեծություններ ՃՇՄԱՐԻՏԻ և ԱՐԴԱՐԻ: Քանի՜ սերունդ է դաստիարակվել նրա հայրենաշունչ, հայրենապաշտ պոեզիայով: Ամեն մի հայ մանուկ աշխարհի բոլոր ծագերում լսել է, ու հարյուրավոր տարիներ, քանի դեռ հայ մարդը կապրի երկրի երեսին, լսելու է, որպես պատգամ, իր «սիրող մոր խոսքը սրտանց» և նրանից ստանալու է «հայոց լեզուն հազարագանձ»: Ահա արդեն քանի՜ սերունդ է թրծվում այս քուրայում, քանի՜ տարի է` «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը չի իջնում հայ մանկանց շուրթերից: Սփյուռում այս բանաստեղծությունը դարձել է հայոց հիմն ու օրհներգ, սերնդի հայրենասիրական դաստիարակության ամուր պատվար: ...Անտես մի կրակ է իմ սրտում թեժանում, անիմանալի մի հուզում է սիրտս մրրկում, ու շուրթերս ինքնաբերաբար շշնջում են. «Գնա°ս բարով, սիրելի բանաստեղծուհի: Դու մերն ես հավիտյանս... Բախտավոր ենք մենք»:

«ԱՎԱՆԳԱՐԴ»