.Ընդդիմության միավորումն անխուսափելի է


(Սկիզբը` նախորդ համարում) Ինչպես հիշում ենք, անկախ Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը դեռ 1992-ին, իր անսպասելի հրաժարականից հետո, հաջողությամբ կարողացավ ձեռք բերել «անմեղ տուժողի» իմիջ: Եվ մի քանի տարի անց միայն որոշ լուրջ քայլեր ձեռնարկեց մեծ քաղաքականության մեջ հիմնավորապես ընդգրկվելու ուղղությամբ: Ի պատիվ իրեն` իշխանությունների կանխատեսելի դիմադրությանը նա ոչ թե վերացական հայհոյանքներով արձագանքեց, այլ ավելի նպատակահարմար գտավ տրվելու դատավարությունների հայաստանյան երկարաշունչ գործընթացներին` այդպիսով գործելով օրինականության դաշտում և ավելի արտահայտիչ դարձնելով իր անձի շուրջ արդեն ձևավորված «անմեղ տուժողի» կերպարը: Եվ չնայած մեկը մյուսից հարմար առիթներին` Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ոչ հրապարակային գործունեության կողմնակից է: Եթե ավելի անկեղծ լինենք, ասվածի ամենահարմար բնորոշումը քաղաքական պասսիվությունն է: Սակայն ընդհանրապես և առավել ևս առաջիկայում հայրենի քաղգործիչների հաջողության հասնելու լավագույն գրավականը ակտիվությունն է, հասարակության և պոտենցիալ ընտրազանգվածի հետ ինտենսիվ շփումները. անգամ եթե դրանք արտահայտվելիս լինեն դեպի Սևանա լիճ անիմաստ ճամփորդություններով: Կոնկրետ դեպքում խոսքը բոլորովին էլ հայտնի վերլուծական կենտրոնի գրասենյակային գործունեության մասին չէ և ոչ էլ «ժառանգության» առաջնորդի տիկնոջ ղեկավարած մանկական բարեգործական կազմակերպության: Մինչև այսօր դժվար է համակերպվել այն մտքի հետ, թե որքան հլու խոնարհությամբ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունեց նախագահական ընտրություններում և ԱԺ ընտրություններում իր ղեկավարած դաշինքի գրանցման դժվար հիմնավորելի մերժումները: Ավելի թարմ է Սահմանադրական հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակը, երբ հրապարակում խմբված հակաիշխանական զանգվածի հետ մի քանի օր դրսում մնալուց հետո Հովհաննիսյանը լուռ և անտրտունջ տուն գնաց` դրանով իր մյուս ընդդիմադիր գործընկերների հետ միասին ընդունելով իրենց կասկածելի պարտությունն ու իշխանության փայլուն հաղթանակը: Վերոնշված մոտեցումները քննելով` դժվար է կանխատեսել, թե ընդդիմության մի մասի հնարավոր առաջնորդը ինչպես կարձագանքի խորհրդարանական կեղծիքներին և հաջորդելիք անխուսափելի ժողովրդական շարժմանը... Միացյալ ընդդիմության երբեմնի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը ժամանակին հանրահավաքների չէր ներկայանում` պատճառաբանելով, թե տանը հյուրերի է սպասում: Չմոռանանք նաև, որ սույն հյուրասեր գործչի (թե՞ հյուրընկալ տանտիրոջ) պարտության գլխավոր պատճառներից գլխավորը անվճռակա նությունն ու թուլությունն է համարվել, ինչի կրկնության հիմքեր Րաֆֆի Հովհաննիսյանի պարագայում նույնպես կան: Ինտելեկտուալ, փորձառու, սկզբունքային և խոստումնալից գործիչների միավորումը դեռ ոչինչ չի նշանակում: Վազգեն Մանուկյանը, Արամ Զ. Սարգսյանը և ապագա դաշինքի մյուս հնարավոր անդամ-գործիչները բոլորը միասին ոչնչի չեն կարող հասնել, եթե նոր ձևաչափով ներկայացող ընդդիմության նոր առաջնորդը դարձյալ հյուրախաղային տրամադրություններով առաջնորդվի: Բացի այդ, որքան էլ գոնե հիմնական քաղաքական ուժերի միավորումն անխուսափելի լինի, ակնհայտ է, որ ԱԺ առաջիկա ընտրություններն աչքի են ընկնելու փոքր դաշինքների և ընտրական արգելքն ինքնուրույն հաղթահարել ձգտող քաղաքական ուժերի ակտիվությամբ: Ինչ խոսք, սա թուլացնելու ու պառակտելու է ընդդիմության ընտրազանգվածը, և հենց դա էլ ենթադրել է տալիս, որ արմատականների համար անգամ «Արդարություն» դաշինքի հաջողությունը կրկնելու հնարավորություն գոնե այս պահին չկա: