ՔԱՂԱՔԱԿԱՆ ՑԼԱՄԱՐՏ


Ամենատարօրինակն ու զարմանալին այն է, որ հայրենի քաղաքական ուժերն առաջիկա ընտրություններին պատրաստվում են մինչև անգամ իրենց «դավանած» գաղափարախոսությունները ներկայացնել: Եվ, բնականաբար, առաջին հարցը, որ հաջորդում է նման «սպառնալից» հայտարարություններին. միանգամայն անկեղծ տարակուսանքն է` «Ո՞ւմ է դա պետք»: Ու իրոք, մինչև այսօր, շնորհիվ հանրության արհամարհանքի ու լրատվամիջոցների հետևողականության, այնքան կարևորվեց գաղափարազրկության մերժելիությունը, որ քաղաքական ուժերին էլ թվաց, թե մենք իսկապես գաղափարների քաղցից տեղներս այլևս չենք կարողանալու գտնել... Ու հիմա էլ որոշել են ձեռքի հետ և քարոզարշավների շրջանակներում մեզ ինչ-որ բան հրամցնել: Միջգաղափարական հիստերիան, իհարկե, ավելի կսրի այսպես կոչված միջկուսակցական հարաբերությունները, սակայն մենք դրանից միայն ու միայն կշահենք այնքանով, որ հետաքրքիր մենամարտերի ականատեսները կլինենք: Մոտավորապես այնպես, ինչպես ցլամարտում. կենդանին որքան կատաղած լինի, այնքան ֆիեստան հետաքրքրությամբ կդիտվի: Ափսոս միայն, որ, ի տարբերություն ցլամարտի, կուսակցական պայքարում գաղափարներ կամ դրան մոտ ինչ-որ բաներ իսկապես անհրաժեշտ են: Հակառակ դեպքում գոնե ապագա քաղաքական մրցապայքարը ոչնչով չի առանձնանում երեկվա ու այսօրվա ձանձրալի հայհոյաբանությունից: Իշխանություն կոչվածը, ինչպես մեր սիրելի քաղգործիչների տարիների պայքարն ու ներկայիս վարքն է ապացուցում, շա՜տ քաղցր բան է, և մերոնք իրենք իրենց հավատացրել են, թե դրան ամեն գնով կարելի է հասնել: Իշխանությունը կորցնելու դեպքում էլ սրանք անասելիորեն վշտանում են ու իրենց պատեպատ տալիս: Ահավասիկ. թեկուզև դեպքն ավելի քան երեք տարի առաջ է տեղի ունեցել, բայց Հայկոմկուսի առաջնորդ Ռ. Թովմասյանը ոչ մի կերպ չի մոռանում այն չարաբաստիկ օրը, երբ իրենք դուրս մնացին խորհրդարանից: Նախորդ շաբաթ նա նորից հայտարարեց, թե 87 տարվա ընթացքում կոմունիստներին առաջին անգամ չհաջողվեց ներկայանալ Ազգային ժողովում: Ի՞նչ արած, ոչ մի կերպ մարդը չի ուզում համակերպվել դասագրքային այն ճշմարտության հետ, որ աշխարհում ոչինչ հավերժ չէ (այդ թվում նաև` իշխանությունը): Նույն կոմունիստները աստվածներին ժամանակին Լենինով էին փոխարինել, բայց ի՞նչ 87 տարի... Վլադիմիր Ուլյանովը դրա կեսն էլ իսկի չձգեց: Ու հիմա պնդել, թե հանուն գոյություն չունեցող ինչ-որ արժեքների ևս մի 5-6 հոգի պետք է ննջեն հաջորդ խորհրդարանում, անմտություն է: Ցավոք, գոնե համեմատաբար բարվոք վիճակում գտնվողները նույնպես քիչ են: Համենայն դեպս, հանրությունը չգիտի, թե գաղափարախո սություն կոչվածը ծովից ծով Հայաստանի հավերժորեն երազային գոյությո՞ւնն է, թե՞ նույն «հաջողությամբ» իրենից բռնազավթված խնայողական ավանդների վերադարձի ծրագիրը: Հանրությունը դարձյալ չգիտի, որ եթե մեր հայրենիքի սահմանը, ասենք, լրացուցիչ 29 հազար քառակուսի կիլոմետրով ևս ընդարձակվի, դրանից ի՞նչ կփոխվի: Նույնքան անորոշ է իր կենցաղում էլի ոչինչ չփոխող ավանդ կոչվածի վերադարձնել-չվերադարձնելու նպատակահարմարությունը: Եվ այս ամենը, որքան էլ դժվար լինի պատկերացնելը, մեզանում կոչվում է քաղաքական կուսակցությունների գաղափարախոսություն: Ահա թե ինչպիսի «գաղափարներով» են մեզ փորձելու սնել հայրենի քաղգործիչները: Իսկ գաղափարախոսություն կոչվածի հետ վերստին կարող ենք հույսեր կապել: Հետաքրքիրը միայն քաղաքական ցլամարտն է, և լավագույն դեպքում հենց դա էլ կմնա անփառունակ մեր ժամանակների հիշողություններում: