ՌԱՖՕՆ


Լրացավ քանդակագործ, Հայ Դատի ու հայոց Ազատամարտի նվիրյալ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանի (Խաչառ) ծննդյան 70-ամյակը: Խաչառը ծնվել է Այրարատյան աշխարհի Նիգ գավառի Հարթավան գյուղում, ուր հաստատվել էին Արևմտյան Հայաստանի Տարոն աշխարհից եկած նրա նախնիները` Սասնա Դանիել Բեկի (1770-1830թթ.) շառավիղները: Մանկուց ուսման ու արվեստի նկատմամբ սիրով լցված Ռաֆիկը ավարտեց Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը, ապա` Գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժինը` աշակերտելով հանրաճանաչ քանդակագործ Արա Սարգսյանին: Ուսանողական տարիներից սկսյալ` Ռաֆիկ Խաչատրյանի աշխատանքներն իրենց վրա են սևեռել արվեստաբանների ու այցելուների ուշադրությունը: Ռաֆիկը մոնումենտալ և դիմաքանդակային մոտ հարյուր աշխատանքների հեղինակ է, որոնցից շատերն արժանացել են ինչպես նախկին ԽՍՀՄ, այնպես էլ Հայաստանի կառավարական պարգևների: Ներկայացնում ենք քանդակագործի ընկերոջ` Ասքանազ Աբրահամյանի մտորումները Ռ.Խաչատրյանի մասին: - Անցյալ դարի 60-80-ական թվականներին Աբովյանով ճեմելիս հաճախ կարելի էր հանդիպել բարձրահասակ, սևահեր, թիկնեղ ու գեղեցկադեմ մի տղամարդու` Ռաֆիկ Խաչատրյանին, մտերիմների բնութագրմամբ` Խաչառին: Նրան հարգում, կարծիքն ընդունում ու հետն ընկերություն էին անում ժամանակի մեծերը` Պարույր Սևակն ու Յովհաննես Շիրազը, Երվանդ Քոչարն ու Արա Հարությունյանը, մյուսները: Ընկերները Ռաֆոօյին կնքել էին Միքելանջելո պատվանունով` «Հայոց Միքելանջելո»: Տարոնցու վարք ու բարքով շնչող Ռաֆօյենց օջախը հավաքատեղի ու մտերմիկ զրույցների, արվեստի ու գրականության հետ հաղորդակցվելու սիրված վայր էր: Անձամբ եմ զարմանքով արձանագրել, թե օրական քանի անգամ էր սեղան բացում ու հավաքում Ռաֆիկին չորս արու զավակ, ինչպես Ռաֆօն ինքն էր ասում` չորս «վագրիկներ» պարգևած, լռակյաց, հյուրասեր ու աշխատասեր տիկինը` Անահիտը: Ասում են` տաժանակիր աշխատանք է արվեստի նվիրյալի կին լինելը: Երիցս տաժանակիր էր Ռաֆիկի նման ընկերասեր ու հյուրասեր մարդու կողակից լինելը: Չորս տղաների, տարեց սկեսրոջ հոգսը` մի կողմից, օրական տասնյակ հյուրերին ճանապարհ դնելու դժվարությունները` մյուս: Բայց, ի պատիվ Անահիտի, նա անտրտունջ տանում էր այդ ամենը, և, պատահական չէ, որ այսօր էլ նրանց տանը, ինչպես ասում են, մեռոն է եփվում, քանզի մեկ հարկի տակ հաշտ ու համերաշխ ապրում են երեք որդիների ընտանիքները: Ռաֆիկը 1965թ. Ապրիլի 24-ի համաժողովրդական պոռթկումի մասնակիցների առաջին շարքերում էր: Եվ երբ խորհրդային պատժիչ մեքենան գործի անցավ, սկսվեցին ձերբակալություն ներն ու հետապնդումները, տղաներից շատերն, այդ թվում` իհարկե, իր գաղափարակիցները, իրենց թաքստոցը գտան Ռաֆօյենց տանը: Երբ սկսվեց Արցախյան շարժումը, Ռաֆիկն արդեն ճանաչված ու անվանի քանդակագործ էր: Նրան լավ գիտեին նաև հարթակ բարձրացող տղաներից շատերը, որոնք հետագայում կանգնեցին նորանկախ Հայաստանի Հանրապետության քաղաքական իշխանության ղեկի մոտ… Հայրենասեր ու ազատատենչ արվեստագետը հենց սկզբից իրադարձությունների հորձանուտում էր… Նրան մեկ կարելի էր տեսնել Գրողների միությունում տեղակայված Ղարաբաղ կոմիտեի շտաբում, մեկ` նախկին Տեխնիկայի տանը, ուր հնարավորինս թաքուն զենք-զինամթերք էր հավաքվում ու գաղտնի տեղափոխվում Արցախ, մեկ` բեռնված մեքենաներն Արցախ ուղարկելիս: Ռաֆիկի որդիներից վաղամեռիկ Գարեգինը հայ-ադրբեջանական հակամարտության առաջին իսկ օրերից միացավ «Ազգային լեգեոն» ջոկատին, ապա` «Արծիվ4» կամավորական գումարտակին և մինչև հրադադարի օրը զենքը վայր չդրեց: Ապա` տասնութը լրանալուց հետո ևս երկու տարի ծառայեց ՀՀ ԶՈՒ շարքերում: Արվեստի բազում հրաշալի գործեր է կերտել Ռաֆիկը, որոնցից մի շատ փոքր մասն այսօր հնարավոր եղավ ներկայացնելու այստեղ, իսկ փոքրիշատե ամբողջական կներկայացվեն տպագրության պատրաստվող Խաչառի ստեղծագործությունների կատալոգում: Բայց Ռաֆիկի ստեղծագործությունների գլուխգործոցները նրա զավակներն են` մեկը մյուսից լավ, խելացի, աշխատասեր ու հայրենասեր: Այսօր արդեն Խաչատրյանների տոհմածառը նորանոր բարեբեր ճյուղեր է տվել, և Խաչառի թոռները` Ռաֆօն, Գարեգինը, Արմանը, Գայանեն, Տաթևիկը, Աննան ու Ադանան վաղը մյուս օրը արժանի շարունակողները կհանդիսանան արմատներով Սասնա ու Տարոն գավառներից սերող Խաչատրյան գերդաստանի լավ ու բարի ավանդույթների: Բարի ու կանաչ ճանապարհ նրանց: Ավարտելով խոսքս, ուզում էի ասել` հոտնկայս հարգենք Ռաֆիկի հիշատակը, բայց քանի որ արվեստագետին հարգելու, մեծարելու ամենամեծ պարգևը ծափերն են, ծափահարենք Ռաֆիկին…