1. Ադամյանցիների հոբելյանական ընծան


Ի նշանավորումն Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 75-ամյա հոբելյանի` ադամյանցիները Վանաձորի թատերասեր հասարակայնությանը ներկայացան նորոգված կազմի ստեղծագործական վերընթացն ավետող 4 նոր գործերով, որոնցից յուրաքանչյուրը հանդիսատեսի համակրանքը նվաճեց ժանրային, բեմադրական, դերակերպավորման ուրույն արժանիքներով: Միաժամանակ` Լևոն Ուզունյանի, Ռոմա Մաթիաշվիլու և Արմեն Բայանդուրյանի հեղինակած բեմադրությունների ներկայացումներով հստակ պատկերացում ձևավորվեց հայպետդրամայի արդիաշունչ գեղագիտական դավանանքի մասին: Վալերի Ամիրաղյանի երաժշտական, Մալխազ Իոբաշվիլու և Քեթինո Խարատիշվիլու նրբահյուս նկարչական ձևավորումները վառ թատերայնություն էին հաղորդել բոլոր ներկայացումներին և առանձնակի ենթիմաստ: Հատուկ սրելով Պիեռ Շենոյի «Դուք ողջ լինեք» պիեսի ինտրիգող անցումները` բեմադրիչ Լևոն Ուզունյանը հնարամտորեն օժանդակել էր երիտասարդ դերակատարներին անհամեմատ աշխույժ դյուրությամբ կենդանացնել ընչաքաղցության մոլուցքով այս կամ այն չափով բռնված, հասարակության տարբեր շերտերին բնորոշ գծերով մարմնավորված հերոսներին: Զավեշտական իրավիճակները, որոնցում հայտնվում են կանացի գայթակղիչ հմայքով բարձր բարեկեցության ձգտող Վիվիանը (Նանո Պողոսյան), հանուն Լյուդովիգի «փրկարար» ակնկալիքների արդարացման որդիական զգացմունքների փշրանքներից հրաժարվող Լյուսին (Լյուբա Սահակյան), անսովոր դրամաշորթության «սցենարի» հեղինակ Լյուդովիգը (Ռոմեո Մուրադյան) և տիրոջ միակ ժառանգը հռչակվելու մի քանի ակնթարթում պլեբեյական պրոզայիկ ներթաքույց կրքերը ի ցույց դնող Լուիզան (Քրիստինե Մելքումյան) անսպասելի «վերակենդանացած» անվանի մեծահարուստ գրող Անրի Բուասյերի կողմից իր կտակում ի վնաս իրենց արված փոփոխությունների բերումով, բացահայտում են նաև նրանց հետ կամա-ակամա առնչվողների մարդկային արատավոր նկարագրերը: Չնայած բեմական վարքագծում երբեմն սպրդող ծիծաղ կորզելու ջանադրությանը, որ չափազանց դուր է գալիս հանդիսատեսին, ներկայացման կատակերգական ռիթմը անխաթար են պահում Էդուարդ Մուրադյանը (բժիշկ Գարոն), Նարեկ Բայանդուրյանը (բանկիր Մարեշալ) և, հատկապես, Կարեն Ղազարյանը (թաղման գրասենյակի աշխատակից): Երիտասարդացած դերասանախումբը վանաձորյան հյուրախաղերին ցուցադրեց կատարողական ավելի հղկված հմտություններ նախորդի համեմատ: Եվ ես ինձ իրավունք եմ վերապահում նրանց ավելի բարձր պահանջներ ներկայացնելու: Այս դիրքորոշմամբ էլ գնահատում եմ Յուջին Օ°Նիլի «Սերը ծփիների տակ» ներկայացումը, որում բեմադրիչ Ռոմա Մաթիաշվիլին հանդես էր գալիս Էֆրաիմ Քեբըթի դերով: Մալխազ Իոբաշվիլու նրբաճաշակ նկարչական ձևավորմամբ բեմի վրա առկա է միջավայրը, որում առաջին իսկ տեսարաններից ստեղծվում է պիեսի` ժամանակին հարիր թատերական պատրանքը: Անկախ առաջին գործողության փոքր-ինչ վհատ տեմպից, բնականոն են զարգանում հերոսների միջանձնական հարաբերությունները` ճշգրտելով նրանց դերը աստիճանաբար դրամատիկ հնչերանգ ստացող բեմական պատմության մեջ: Սկզբից ևեթ ուշադրությունս գրավեց Սամի (Արթուր Գրիգորյան) և Փիթի (Աշոտ Սիմոնյան) կերպարների հավաստի մեկնաբանությունը: Սկսնակ դերասանները, բեմադրիչի առաջադրած խնդիրների շրջանակներում, կարողացել էին ճանաչելի դարձնել տաժանակիր աշխատանքով ապրող այս եղբայրների մեջ իրենց ներկայացրած սոցիալական խավի ամենաբնութագրական գծերը, ինչը բացակայում էր տարիներ առաջ Արմեն Էլբակյանի արած բեմադրության մեջ, որտեղ Սամն ու Փիթը ծիծաղելիության աստիճան անհարկի հիմարացված էին: Մաթիաշվիլին անհարթ է զարգացնում Էբինի և Աբիի սիրո գիծը, որն անհամոզչականության շղարշով է պատվում Սնեժանա Յաղուբյանի` սեռական մտահոգվածության ավելորդ իմաստավորում ձեռք բերող գերզգացմունքայնությամբ: Այդուհանդերձ դերասանուհին համակրանք ու կարեկցանք է հարուցում դահլիճում իր հերոսուհու ապրած հանկարծահաս ողբերգությամբ, երբ նորածին զավակին խեղդամահ անելուց հետո, ասես հոգեկան հավասարակշռությունը կորցրած, անէանում է իրեն ակամա հանցագործության մղած Էբինի գրկում` անտարբեր սեփական մահվան դատավճռի հանդեպ: Կրակոտ ու պարզամիտ է Գագիկ Մելքումյանի Էբինը, վաղամեռիկ մոր կրած անարդարացի տանջանքների վրեժխնդրությամբ մշտազբաղ, բայց և անկեղծորեն սիրել գիտի, տառապել: Արտահայտչամիջոցների բազմազանության պակասը որոշ դրվագներում լրացնում է ներքին խռովքը մատնող անկեղծ խոսքով, սևորակ խոշոր աչքերի կրակով: Վարակիչ է նաև Ռոմա Մաթիաշվիլու Էֆրաիմի երկնառաք թվացող երջանկության խաբկանքից մահվան գնով սթափվող ծերունի ագարակատիրոջ անձնական դրաման: Եվ պատահական չէ, որ հանդիսատեսը դահլիճից հեռանում է` չկարողանալով շուտով թոթափել ավարտական տեսարանների հուսահատեցնող ճնշումը: Ազգային դրամատուրգիայի դասական արժեքները նորովի ուշագրավ դարձնելու բեմադրական իր ուրույն գեղագիտության բյուրեղացումը հավաստեց թատրոնի կառավարիչ Արմեն Բայանդուրյանը Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար» և Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալա» հանրահայտ պիեսների արդիաշունչ ընթերցումներով: Բազմիցս բեմ բարձրացված այս գործերը անսովոր հետաքրքրական մեկնաբանություն էին ստացել` զարմանալի դյուրընկալ պլաստիկ լուծումներով խտացված մատուցելով հեղինակային տեքստերի ամենանրբին ենթաշերտերի հիմնական ասելիքը: Պարային երաժշտական լուծումների (Նինա Կերվալիշվիլի) գերակայությամբ, սրընթաց տեմպոռիթմով հանդիսատեսին շատ շուտով իր ոլորտում ներգրավեց հատկապես «Պաղտասար աղբար»-ը` ստի ու կեղծիքի, քաղքենիական հոռի բարքերի դիմակահանդես-պարահանդեսում զարգացնելով «թյուրատեսության» անխուսափելի զոհ դարձող դյուրահավատ ու տգետ, նոր ժամանակների թելադրած վարքուբարքի կանոնները յուրացնելու, ի շահ իրեն ծառայեցնելու անընդունակ Պաղտասարի (Ֆելիքս Խաչատրյան) դրաման: Եվ ումի՞ց կարող է պաշտպանություն ակնկալել այս խեղճուկրակ Պաղտիկը, երբ պարահանդեսի գլխավոր կառավարիչը իր բարեկամությունն ու վստահությունը վաղուց ի վեր շահած Կիպարն է£ Ցինիկ ու ինքնավստահ է Գագիկ Մելքումյանի Կիպարը, հնարամիտ գազաններ վարԺեցնող£ Կրկեսի արենա հիշեցնող բեմում լինի, թե վերին օթյակից իր լարած որոգայթների ընթացքին հետևելիս` անվրեպ խորամանկությամբ իր կողմն է գրավում բոլորին£ Իր ամբարտավան վարքագծով այս Կիպարին միանգամայն արժանի է Նանո Պողոսյանի Անույշը, ով իր կանացի խարդավալից հրապուրանքով ամրապնդում է սիրեկանի կաշառած մարդուկների հանցավոր աջակցությունը£ Իր միամիտ ապաշնորհությամբ Ֆելիքս Խաչատրյանի Պաղտասարը չի հաջողեցնում ի նպաստ իրեն ծառայեցնել նույնիսկ վարձած փաստաբանին և վերջնականապես խճճվում է իր շուրջ հյուսված սարդոստայնի ամրակուռ ցանցում£ Փիրոսմանիշվիլու գեղանկարչական աշխարհի հստակ անդրադարձը կա «Խաթաբալա»¬ում (Բայանդուրյանը իր խոսքի տերը եղավ)£ Առաջին իսկ տեսարանից, երբ ժամանակների մրրկածուփ քամին իրար է խառնում իր բերանն ընկած ամենքին, ամեն ինչ` հնի ու նորի խառնաշփոթում բացելով դեպքերի շղթան Մասիսյանցի և Նատալյայի ճակատագրականի արժեք ձեռք բերող պատահական հանդիպմամբ£ Իրար հաջորդող տեսարաններից յուրաքանչյուրն առանձին գեղանկարչական կտավի արժեք ունի և մունջ պերճախոսությամբ արտահայտում է Սունդուկ յանի պիեսի գլխավոր բովանդակությունը ժամանակաշրջանի կենդանացած, դինամիկ հենքի վրա` վեր բարձրանալով պարզունակ կենցաղագրության մակարդակից£ Բեմական շարժման խելամիտ կազմակերպման, լույսի և խավարի իմաստավորված հերթագայությամբ, երաժշտական կոլորիտային աշխուժությամբ մանրակրկիտ մտահղացված պատկերաշարում հարկավոր չափով առանձնացվում, կարևորվում են հին Թիֆլիսին հատուկ կենսակերպի այս ու այն յուրահատուկ մանրամասնը կազմող գործող անձինք£ Մարիամ Խաչոյանի սլացիկ, չքնաղատես Նատալյան` Մասիսյանցով հրապուրված ապագա Անույշը£ Գագիկ Մելքումյանի` ազատամտական հովերով տարված, համաքաղաքացիների հնավանդ բարքերին ընդդիմացող, բայց բարեհոգի ներողամտությամբ դրանց դրսևորումներին վերաբերվող Գեորգի Մասիսյանցը, Ֆելիքս Խաչատրյանի` մանր չարչիական գործարքներում մարդկային պարզ ու ազնիվ նկարագիրը իսպառ չաղարտած Իսային£ Քրիստինե Մելքումյանի` հոգու ջութակի խզված լարերով իր ներաշխարհի բանաստեղծական հնչեղությանը շրջապատողներին հաղորդակից դարձնելու անկարող Մարգրիտը£ Որքան նուրբ է բացահայտում այս Մարգրիտի ակամա, հանիրավի առևտրի ապրանքի վերածվելու դատապարտվածությունը Բայանդուրյանը£ Ռոբերտ Հովհաննիսյանի` խարդախելու խոշոր վարպետ Զամբախովը ամենից առաջ սիրող հայր է£ Բեմի խորքում, բախտորոշ պատշգամբում (տեղին է այն օգտագործվում ողջ ընթացքում` իր պատվանդանային բարձունքից իմաստային անհրաժեշտ հավելում անելով բեմական ասպարեզում կատարվածին) աղոթում է աղջկա բախտավորության համար Մարգրիտի մայրը (Էլեոնորա Օհանյան), ինչպես որ գործողությունների կենտրոն ներքաշված, նուրբ ու քնքույշ կանացիությամբ օժտված Քեթևանը (Լեյլի Մկրտչյան)£ «Խաթաբալա» պատկերաշարի ամենագունեղ տիպերից է «քամու ջաղաց, կրակի կտոր» Խամփերին` մոցիքուլի հավաքական տիպը Սնեժանա Յաղուբյանի հրայրքոդ կերպավորմամբ£ Ներկայացման ամեն մի դրվագ, դերակատարում մտորելու տեղիք է տալիս` հասունաց նելով ու վերջին տեսարանի մեջ ամփոփելով ամենևին էլ ոչ արտաքուստ տգեղության բերումով տիրող կացութաձևում միայնակության դատապարտված Մարգրիտի ողբերգությունը£ Արտառոց նշանադրության խնջույքից ճողոպրածների կոշիկների խառնիճաղանջում գլխիկոր կանգնած է հարուստ ժառանգությամբ հոգևոր սնանկության չարքաշ լուծը կրելու պարտադրված այս Մարգրիտը, ում ջութակի նվագը ողողում է հանդիսասրահը` էլեգիկ հնչյուններով փորձելով նեցուկ գտնել հանդիսատեսի մոտ£ Հանուն խոնարհման տեսարանում դեպի պատշգամբ տանող կենտրոնական աստճաններին հայտնված աղջնակի ապագա բախտավորության... 2. Կամուրջ ապագայի համար Թիֆլիսաբնակ հայկական թատերախմբի հետ բարեկամական դաշինքը հինավուրց ավանդներ ունի և իր արմատներով մխրճվում է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի վանաձորյան ստեղծագործական տարեգրության մեջ£ Այդ կենսատու ավանդների լայնամասշտաբ վերընձյուղումը մեր օրերում հանապազօրյա հացի նման անհրաժեշտ է երկուստեք£ Առաջին հերթին, վերականգնողական «թերապիայի» կարոտ աբելյանցիներին£ Ինձ համար դա միանգամայն պարզ դարձավ երկու թատերախմբերի անդամների հետ անհատական փոխշփումներում, Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտի վանաձորյան հնգամյա մասնաճյուղի ուսանողների հետ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի կազմակերպած հանդիպման ընթացքում, տեղի անդավաճան արվեստասերից անմիջական տպավորություններիս համակարգման արդյունքում, որ աննկատ ամբողջացավ Ստեփան Զորյանի տուն¬թանգարանում տիկին Թամարայի անցկացրած սրտաշարժ էքսկուրսիայով, մեկնումից մի քանի ժամ առաջ£ Վանաձորցին կարոտ է շենշող մշակութային իմպուլսների և դրանց հազվադեպ շողարձակումներից անհագորեն հոգևոր սնունդ է պաշարում իր հոգում` կենցաղային ճահճում չընկղմվելու համար£ Եվ ադամյանցիները սիրահոժար իրենց ունեցածից բաժին հանեցին նրան ոչ միայն կատարելության ձգտող թատերական ներկայացումներով, այլև բարություն ու սեր ճառագող ընտանեկան համերաշխությամբ, արարչական ազնիվ ու հայրենակարոտ մղումներով, սովորելով ու սովորեցնելով` առանց ինքնագոհ մեծամտության որևէ նշույլի£ Նույն ինքնակիզվող նվիրումով ներկայացան ադամյանցիները Գյումրիի հանդիսատեսին` հմայելով կոլեկտիվ ստեղծագործական տառապանքի վերջին ամենաքաղցր պտուղներով` «Պաղտասար աղբար»¬ով և «Խաբաթաբալա»¬ով£ Նրանց ընտանեկան միջավայրում ջերմանալով, ստեղծագործական որոնումների «խոհանոցին» ծանոթանալով` հիմա արդեն ինքս եմ կարոտում նոր թատերական հանդիպմանը` ինքնակատարելագործման ծանր խաչելությունը պատվով կրող սիրելի թատերախմբի հաջորդ աշխատանքին` առավել մեծ խանդավառություն ապրելու հույսով ու հավատով£