ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ


- Դե, ուրեմն ասա, ո՞վ էր նա, ես պիտի ամաչե՞մ նրա համար: - Նա ոչ վիժվածք էր, ոչ էլ կեղտոտ սպեկուլյանտ. նա գիտնական էր, գյուտարար, և դու էլ ամաչելու պատճառ չունես… - Որտե՞ղ է նա: - Չգիտեմ, կարծում եմ, որ զոհվել է… - Դե, իհարկե, դուք անձնվեր սիրել եք իրար, հեքիաթային սիրով, հետո նա հերոսաբար զոհվել է, ուրիշների կյանքը փրկելիս, ինքնաթիռի փորձարկման ժամանակ, պատերազմի դաշտում, ո՞ր մեկը դրանցից… - Վերջինը… - Դու ինձ երեխայի տե՞ղ ես դրել, ի՞նչ պատերազմ… - Եթե սիրո մասին անրջելու փոխարեն ուղեղիդ մի փոքր զոռ տաիր, կհասկանայիր, որ եթե հայ է, ուրեմն ապրել է Հայաստանում, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը երկար տարիներ պատերազմում էին Ղարաբաղի համար: Նկատի ունենալով նրա անհանգիստ բնավորությունը, ամենուրեք և ամեն ինչում առաջինը լինելու ձգտումը` կարծում եմ, որ զոհվել է: Գիտես` պապիկդ պատերազմել է, նա էլ էր ասում, որ այդպիսիները, որպես կանոն, պատերազմից տուն չեն վերադառնում: Համենայն դեպս վերջին լուրը, որ իմացա նրա մասին` 92-ին էր, ստացել է կապիտանի կոչում ու պատերազմում է: Լենան շփոթված լռեց: Լռում էր նաև մայրը: Քիչ հետո Լենան ասաց. - Մայրիկ, ես գիտեմ` դու Իգորին երբեք չես սիրել, նրա հետ երջանիկ չես եղել, այս ամուսնությունը ուղղակի շահավետ ներդրում է եղել քեզ համար, գոնե նրան սիրե՞լ ես… - Դու հավատու՞մ ես սիրուն,-չարացած հարցրեց մայրը: - Այո, -անվարան պատասխանեց Լենան: - Ի՞նչ գիտես դու սիրո մասին, դեղնակտուց, դե նստիր, ես հիմա քեզ կպատմեմ մի սիրո պատմություն, իմ սիրո պատմությունը: Թող դա քեզ դաս լինի: Նստի°ր, երկար ենք խոսելու, բայց սկզբում ինձ վիսկի լցրու: Լենան մոր համար բաժակ բերեց, նրա ու իր բաժակները վիսկի լցրեց, դիմացը նստելով հայացքը մորն ուղղեց: Մայրը բաժակից մի կում արեց ու ասաց, - Սիգարետ տուր: Լենան ծխախոտի տուփը մեկնեց մորը: Ռիտան մի սիգարետ վերցրեց, կպցրեց. խորը ներքաշելով ծուխը, դառը քմծիծաղ տալով ասաց. - Հայացքդ ու աչքերդ նրանն է, երբ նա իր այդ խոշոր ու սև աչքերն ինձ էր ուղղում, ես կամազուրկ էի դառնում: Բայց սկսեմ ամեն ինչ սկզբից: Ես մոտավորապես քո տարիքում էի, երբ հանդիպեցի նրան: Այն ժամանակ լավիկն էի… - Դու հիմա էլ` ոչինչ… - Մի ընդհատիր, և այսպես` ես լավիկն էի, շրջապատված երկրպագուներով, ինքնավստահ…և հայտնվեց նա: Հանդիպեցինք ընդհանուր ծանոթի տանը: Նա միանգամից իմ ուշադրությունը գրավեց` առանձնանում էր մինչ այդ ինձ հանդիպած տղամարդկանցից` գեղեցիկ էր, կրթված, հարգալից ու… անտարբեր: Դա չարացրեց ինձ: Ոգևորված տղամարդկանց դեմ իմ տարած հեշտ հաղթանակներով, որոշեցի պատժել նրան: - Խելքահան անել,-ժպտալով ասաց Լենան: - Չգիտեի, որ կրակի հետ եմ խաղում: Շատ արագ մտերմացանք, սկսեցինք հանդիպել: Նա ինժեներ էր, աշխատում էր լուրջ գիտահետազոտական ինստիտուտում, զենքերի մասեր էր նախագծում, մասնակցում էր խորհրդային տիեզերական նախագծերին, այն ժամանակ դրանք փակ թեմաներ էին, դրանց մասին ընդունված չէր խոսել: Աշխատանքի բերումով շատ էր ճանապարհորդում, եղել էր արտասահմանում, արևելյան փակ գոտիներում, այն ժամանակներում դա քչերին էր տրված: Հետաքրքիր էր պատմում, նրա պատմությունները շաղախված էին հումորով, հաճելի էր նրան լսելը, անհնարին էր լսել նրան ու չծիծաղել: Մինչ այդ ինձ հանդիպածները շատ արագ սպառվում էին, սկսում կրկնվել, իսկ նա անսպառ էր: Խոսելու վարպետ էր` պերճախոս և հնարամիտ: Քեզ հետ կատարվածը նա կարողանում էր այնպես ներկայացնել, որ ինքդ էլ զարմանում էիր: Դիմացինին հմայելու, ենթարկելու անուրանալի տաղանդ ուներ: Եվս մի կում վիսկի խմելով` մայրը շարունակեց. - Նրա համար անհնարին բան գոյություն չուներ: Խորհրդային Միությունը հերթերի երկիր էր, ամեն ինչի համար պետք էր հերթ կանգնել, նրա հետ երբեք ոչ մի անգամ հերթ չեմ կանգնել: Բավական էր ինձ մի բան ցանկանալ` ակնթարթորեն իրականացնում էր: Հիշում եմ, Մոսկվայում Իլյա Գլազունովի նկարների ցուցահանդեսն էր, հերթը մի քանի կիլոմետր էր ձգվում, մարդիկ օրերով հերթ էին կանգնում, իսկ նա, երբ լսեց, որ ցանկանում եմ ցուցահանդես մտնել, ասաց` երեք րոպե համբերություն, իմ տիրուհի: Անհետացավ ու երեք րոպեից վերադարձավ և ինձ ծառայողական մուտքով ներս տարավ: Կարգը պաշտպանելու համար կանգնած միլիցիոներների ներողամիտ ժպիտների ուղեկցությամբ մենք ներս մտանք: - Նա, ի՞նչ է, վճարե՞լ էր նրանց: - Պատկերացրու, որ ոչ, ուղղակի խնդրել էր, գիտե՞ս ինչ էր ասել: - Ի՞նչ, - Ասել էր, որ սիրահարված է և ուզում է տպավորություն թողնել ինձ վրա, ասել էր, որ տղամարդիկ պիտի իրար օգնեն, ու եթե նրանք իսկական տղամարդիկ են` չեն մերժի: (Շարունակելի) Տնտեսության զարկերակը արդյունաբերությունն է Ցանկացած տնտեսության առողջ լինելու կարևորագույն ցուցանիշը արտադրության, բնակչության զբաղվածության, շուկայի ընդլայնման, եկամուտների աճի ապահովումն է: Անցումա յին տնտեսության երկրներում, ինչպիսին Հայաստանն է, թվարկած ոլորտներում այդ աճն առավել կայուն կլինի, եթե տնտեսական ռազմավարական նշանակության ճյուղերի և օբյեկտների նկատմամբ հաստատվի պետական մենաշնորհ: Անցումային շրջանում հայրենական արդյունաբերության խոշոր ձեռնարկությունները կաթվածահար եղան, որոնցից շատերն առ այսօր ուշքի չեն գալիս: Սակայն արդյունաբերող և առևտրական հային բնորոշ գեները ժառանգած սերունդը չերկնչեց և փորձեց ոտքի հանել արդյունաբերության կաղացող այս կամ այն ճյուղը: Ճիշտ է, մրցակցությունը «խժռեց» շատերին, սակայն ոմանց հաջողվեց թե° հայրենիքում և թե° նրա սահմաններից դուրս ամրապնդել սեփական տեղն արևի տակ: Հարկային, մաքսային, բանկային, միջազգային շուկայում հայրենական արտադրողի մրցունակությունն ապահովելու, այլ ուղղություններով օգտակար լինելու և խրախուսելու համար անհրաժեշտ է համատեղ միջոցառումների իրականացում, ինչն, անշուշտ, կառավարության խնդիրն է: Իսկ վերջինիս ուշադրությունն այս գործոնների վրա սևեռելուն նպաստում են տարաբնույթ հ/կ-ները, որոնցից է 1999 թվականին հիմնադրված Հայրենական ապրանքարտադրողների միությունը: Միության նախագահ Վազգեն Սաֆարյանի խոսքով` կազմակերպության առաքելությունը տեղական արտադրողների շահերի պաշտպանությունն է: Երկրի տնտեսության հիմնական ճյուղի` արդյունաբերության, գիտության հիմնարար ճյուղերի և տնտեսության այլ ոլորտների զարգացումն առավել արդյունավետ դարձնելու նպատակով 1999-ին Մինսկում Վազգեն Սաֆարյանի մասնակցությամբ հիմնադրվել է Ապրանքարտադրողների միջազգային միությունը, որին այսօր արդեն անդամակցում են ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի 15 երկրների համանուն միություններ: Միության նախագահն է հայ ժողովրդի լավագույն բարեկամ Նիկոլայ Ռիժկովը: - Միջազգային միության վերջին կոնֆերանսին մեր պատվիրակությանը մտահոգող խնդիրներից էր եվրասիական տնտեսական համագործակցությունն ու դրա զարգացման հեռանկար ները: Այս համատեքստում կարևորում եմ Հայաստանի կամրջող դերը ԱՊՀ, Արևելյան Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրների միջև ապրանքների, ծառայությունների և հաղորդակցման ուղիների տարանցման գործում,- ասում է Վազգեն Սաֆարյանը: - Հայրենական ապրանքարտադրողների միության մասնագետներն ակտիվորեն մասնակցում են հարկային և մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական նախագծերի քննարկմանը, մշակում և ԱԺ-ում ներկայացվում են վերոհիշյալ խնդիրների լուծման այլընտրանքային, իսկ կառավարությանը` հարկման առավել շահավետ տարբերակներ: Միության կարևորագույն խնդիրն, իհարկե, արտահանման ծավալների մեծացումն է: Պետության անբավարար քայլերն ակնհայտ են փոքր և միջին բիզնեսի զարգացման ուղղությամբ: Այս առումով միությունը նպատակ ունի մշակել Հայաստանի արդյունաբերության զարգացման նոր հայեցակարգ` ակտիվ դերակատարում վերապահելով փոքր և միջին բիզնեսին: Միության` վերջերս կայացած համագումարում, որի կարգախոսն էր «Վերականգնենք արդյունաբերությունը` կվերածնվի Հայաստանը», կազմակերպության նախագահը հույս հայտնեց, որ պետության կողմից տնտեսական քաղաքականության ճիշտ կիրառումը «կսանձի ազատ շուկայի տարերքը»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ