13-14 տարի անց


Սեպտեմբերի 29-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել էր ՀՅԴ գրասենյակ: Ի՞նչ խնդիրներ են քննարկվել հանդիպման ժամանակ, և կարելի՞ է հետևություն անել, որ ՀՅԴ-ն կհամագործակցի ՀՀՇ-ի հետ. «Ավանգարդի» հարցերին պատասխանում է ԱԺ փոխնախագահ Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. - Համագործակցության մասին խոսելով, երևի նկատի ունեք` մենք իր թեկնածությունը պաշտպանելո՞ւ ենք, թե՞ ոչ: Ինչպե՞ս կարող ենք որևէ մեկի թեկնածությունը պաշտպանել, եթե մենք ունենք մեր թեկնածուն: Այդ հարցը չենք էլ քննարկել, որովհետև եթե երկրորդ փուլ եղավ` մենք ենք անցնելու: - Ձեզ համար սպասվա՞ծ էր նրա այցը: - Այս հանդիպման մեջ, կարծում եմ, ամենակարևորը փաստն է, ոչ թե բովանդակությունը: Նաև` մենք պայման էինք դրել, որ եթե հանդիպելու ենք, ապա միայն մեր գրասենյակում: Հանդիպման ընթացքում խոսվել է քաղաքակիրթ մրցապայքարի, քաղաքակիրթ կանոնների և ընտրարշավի մասին: Մենք հիմա շատ կուսակցությունների հետ ենք հանդիպում, և ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանի հետ ենք հանդիպել, այլև շատ ուրիշների: Եվ հետո դա ունիկալ երևույթ չէ, ունիկալն այն է, որ մենք չենք տեսնվել 13-14 տարի: Ինքը եկավ մեր գրասենյակ, որն ինչ-որ բան նշանակում է: - Իսկ ի՞նչ է նշանակում: - Այդ հարցը պետք է ուղղել նրան: Զղջման հարց չկար, իհարկե, թեև որոշ էլեմենտներ պարունակում էր, բայց ավելի շատ ապագային էր վերաբերում:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ