1. ԵՐԲ ԼՌՈՒԹՅՈՒՆՆ ԻՍԿԱՊԵՍ ՈՍԿԻ Է


Քաղաքական դաշտի համար վերջին սեպտեմբերի 21-ը երկակի իմաստով նշանավորվեց. առաջին Նախագահի տասնամյա լռության ընդհատումը, այդպես էլ խոստացված ներքաղաքական պայթյունի էֆեկտը չունենալով հանդերձ, դարձավ հաջորդող օրերի ծավալուն քննարկումների հարմար թեման: Առաջ չանցնելով` անդրադառնանք ելույթի հնարավոր ու իրական շարժառիթներին: Որքան էլ արհեստավարժ քարոզչամեքենան նախորդող ամիսներին իրապես հասունացրած լիներ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հնարավորության հանդեպ հետաքրքրությունը, սրանով հանդերձ` շուրջ 20 րոպե տևողությամբ վերջինիս խոսքը կարելի է ամփոփել «լռությունն իսկապես ոսկի է» հին ու փորձված գնահատականով: Պատառիկներ անցյալից. Անշուշտ սխալ կլինի Լ. Տեր-Պետրոսյանին մեղադրել ամնեզիայի մեջ: Թե° իշխանության տարիներին և թե° այսօր նրա քաղաքական կերպարում առանձնանում և արժանիորեն գնահատվում է բարձր ինտելեկտի առկայության փաստը, խորաթափանցությունն ու շրջահայացությունը: Հենց այս պատճառով էլ առնվազն անհասկանալի էին նրա գնահատականները ներկա իրավիճակին, որոնք համեմվում էին կտրուկ և ծանր մեղադրանքներով` վերջինիս մի պահ արդեն իսկ տեղավորելով «շարքային ընդդիմադիրների» կողքին: Հաջորդ պահին էլ տպավորություն էր ստեղծվում, թե մարդը իր իսկ իշխանավարության տարիների ուշացած քաղաքական գնահատականն է հնչեցնում: Սակայն հատկապես վերջին բնորոշումը լրջագույն քաղաքական հաշվարկների վարպետ Տեր-Պետրոսյանին պետք է հուշեր, որ ներկա իրավիճակին տրված ցանկացած բացասական գնահատական բումերանգի էֆեկտ է ունենալու: Դա նախորդ իշխանությունների գործունեությունը վերհիշելու, զուգահեռելու հարմար, բայց իր և իր թիմի համար անցանկալի առիթ է դառնալու, ինչից նախկին Նախագահը, հատկապես իր առաջադրվելու հարցը մի լավ «քննելուց» հետո, միայն և միայն կարող է տուժել: Ամեն ինչ և ամեն գնով «կազմաքանդելու», «կազմալուծելու» պատրաստակամությունն էլ վաղուց արդեն ավելի վաղ ժամանակներ է տանում: Տվյալ դեպքում կարելի էր կարծել, թե մի պահ նորից 20-րդ դարավերջի 88 թվականն է, և խոսքն էլ կոմունիստական վարչակարգի տապալման մասին է: Համաձայնեք, որ անկախ պետականության հիմնադիր Նախագահի սույն կոչը նույնպես «անմեկնելի» է: Ավելին, որքան էլ տխուր լինի արձանագրելը, այդուհանդերձ, 83 տոկոսանոց ժողովրդական քվեով Նախագահ ընտրված Տեր-Պետրոսյանը խոսեց իր իսկ հիմնադրած պետության դեմ: Ու արդեն սրանից հետո ինչ-որ հիպնոտիկ հնարքների, ներգործուն ճարտասանության մասին խոսելն ուղղակի սովորական «միամտություն» է: 21-րդ դարի Նախագահի իդեալը. Իսկ ի՞նչ է ակնկալելու առաջիկա փետրվարին ընտրատեղամաս` քվեարկելու շտապող քաղաքացին` Հանրապետության նոր նախագահից: Ամեն ինչ հիմնահատակ անելու ցանկացած գործչի թաքուն թե բացահայտ նկրտումները ժամանակակից ընտրողը չի ընդունում: Անցումային կոչվող հիրավի աղետալի շրջանի մեծ ու փոքր, կամայական թե օբյեկտիվ վայրիվերումները դեռ, մեղմ ասած, թարմ են ընտրազանգվածի հիշողության մեջ, և դրա կրկնության հեռանկարն անգամ սարսափեցնում է մարդկանց: Սա արդեն իսկ լավ են հասկանում անգամ, այսպես կոչված, արմատական ընդդիմության առաջնորդները, քանի որ խորհրդարանական ընտրություններում նրանց կրած աննախադեպ պարտութ յունը, ինչու չէ, նաև չգիտակցված ծայրահեղականության հետևանք էր: Լ. Տեր-Պետրոսյանը, սակայն, վաղուց հեռացել է քաղաքականությունից, և մինչև վերջերս նրա վերադարձին որևէ մեկը չէր էլ սպասում: Հակառակ ասվածին` գործող ընդդիմությունը ինքնապահպանման խնդիր ունի: Ավելի կոնկրետ` «Լինել, թե չլինելու» դիլեման առաջին դեպքում չկա, երկրորդ դեպքում «լինելու» հարցի լուծումը կենսական նշանակություն ունի: Հարցն ընդդիմության համար ավելի է կարևորվում, քանի որ բոլորին աստիճանաբար պարզ է դառնում, թե Նախագահի ընտրութ յուններում ով է լինելու իշխանության թեկնածուն: Ավելին, գործող Վարչապետի անձի շուրջ աճող համախմբումը առաջին հերթին խոսում է իշխանության հաստատակամության և, որ ավելի կարևոր է, այդ նույն իշխանության բազմաբևեռ շրջանակներում (որոնց միջև գոյություն ունեցող հակասություններին մամուլը սիրում է անդրադառնալ) գոնե ինչ-որ չափով համահավասար այլ գործիչ չտեսնելու կարևորագույն իրողության անհերքելի առկայության մասին: Եվ սա ոչ թե իշխանության կադրային զինանոցի աղքատության, որքան, չթաքցնենք, ներկա իրավիճակում տվյալ պաշտոնում գործող վարչապետի ամենանախընտրելին անփոխարինելի լինելու մասին է վկայում: Պատրանքներ և իրականություն. Անտեսելով պնդումները, որոնց համաձայն` նախկին Նախագահի վարկանիշը մի քանի տոկոսից չի կարող անցնել, ՀՀՇ-ն Լ. Տեր-Պետրոսյանին արդեն նոր Նախագահի աթոռին է տեսնում: - Եթե Լ. Տեր-Պետրոսյանը լռի էլ, ընդհանրապես սրանից հետո չխոսի և գնա ընտրությունների, համոզված եմ, որ մեր հասարակությունը ձայն կտա նրան,- արդեն իսկ ինքն իրեն ներշնչելով` պնդում է ՀՀՇ վարչության նախագահ Ա. Զուրաբյանը: Եթե լրիվ անտեսենք այն փաստը, որ նման ինքնավստահությունը ինքնաբերաբար հարցը քննարկելու անհրաժեշտությունը պետք է վերացներ, ապա նախկինների խուճապն ու անհանգստությունն իսկապես հիմնազուրկ են: Այլ հարց է, որ սեփական հաջողությունն արդեն պարտադրող նախկինները նման համոզվածությամբ հանդերձ ձգտում են նախկին Նախագահին «միասնական թեկնածու» օպերացիայի գլխավոր հերոսի դերում տեսնել` չցանկանալով անգամ հաշվի առնել դրա անհնարինության բոլոր հիմնապատճառները: Ստացվում է, որ քաղաքական փորձառության պակաս չունեցող ՀՀՇ-ականները դեռ հավատում են ընդդիմության համախմբման հեռանկարին` արդյունքում իսկապես անհաջող անակնկալ պատրաստելով իրենց առաջնորդի համար: Անշուշտ, որոշ քաղաքական ուժեր պատրաստ են և կարող են համախմբվել վերջինիս թեկնածության շուրջ: Սակայն բոլոր դեպքերում չպետք է անտեսել, որ ընդդիմությունը համախմբվել չի ցանկանում: Ավելին, Նախագահի ընտրություններին նրանք ըստ ամենայնի մասնակցելու են մի քանի ճակատով և բազմաթիվ ուժեղ ու թույլ թեկնածուներով: (Շարունակելի)