ԱՍՈՒԽՈՍԻՑ ՈՉ ԱՎԵԼԻ


Օտարերկրյա կազմակերպությունների պարբերաբար հրապարակվող զեկույցներին, բարեբախտաբար, մեզանում այլևս նախկին լրջությամբ չեն վերաբերվում: Իսկ այն հարցը, թե ինչու են Հայաստանի մասին ներկայացվող գնահատականները կորցրել իրենց երբեմնի հետաքրքրությունը, մի քանի ուշագրավ հիմնավորումներ ունի: Որքան էլ թարգմանվող ու մեզ հրամցվող տեքստերը շատ լինեն, այդուհանդերձ, ցանկացած նոր զեկույցում աչքի է զարնում տվյալ հրապարակման ու նախորդների բովանդակային նույնությունն ու նմանությունը, ինչը հասկանալի է` չէր կարող տևական, շարունակական հետաքրքրություն պահպանել դրա բովանդակության ու գնահատականների հանդեպ: Պակաս կարևոր չէ, որ նման հետազոտությունների ամփոփում ներում ուսումնասիրված ոլորտ(ներ)ին տրվող թվային ու տեքստային գնահատականները կամ ընդհանրապես չեն փոխվում, կամ էլ տեղաշարժը (նշանակություն չունի` դրական թե բացասական) այնքան աննշան է լինում, որ դրա քննարկման-վերլուծելու անհրաժեշտությունն ու իմաստն է կորչում: Դժվար չէ վերհիշել, որ միջազգայինների զեկույցները դեռ մինչև վերջերս ասել-խոսելու լավ ու նոր թեմա էին դառնում նաև հայրենի քաղաքական դաշտում... Արմատականներն, օրինակ, շաբաթներով վերարտադրում էին ցանկացած նոր զեկույցի ողջ բովանդակությունը: Իսկ ներկայում նրանք այնպես են գլուխները կորցրել, որ և ոչ մի զեկույց պարզապես ի զորու չէ հայրենի ընդդիմադիրների հետաքրքրասիրությունը շարժել: Այսուհանդերձ, անդրադառնանք դրանցից ամենավերջինին: Ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության վերջին հետազոտության` կոռուպցիայի առկայության մակարդակով Հայաստանը 179 երկրների շարքում 99-րդ տեղն է զբաղեցնում: Ընդ որում, անցյալ տարվա 2.9 թվի փոխարեն այս տարվա մեր ցուցանիշը 3.0 է եղել: Այսինքն` 0.1-ի չափով առաջընթաց կա: Բայց սա էլ չարժե կարևորել: Ի վերջո, երկրի շարքային քաղաքացիներից մինչև բարձրաստիճան պաշտոնյաները չեն թաքցնում մեր երկրում կոռուպցիայի առկայության փաստը և դրա դեմ անողոքաբար ու հետևողականորեն պայքարելու անհրաժեշությունը: Այլ հարց է, որ դրա տեմպերը չեն գոհացնում, և կարևորը ոչ թե խնդրի շարունակական քննարկումներ կազմակերպելն է, այլ պայքարի ավելի դինամիկ ու տեսանելի մեխանիզմների հայտնաբերումն ու կիրառումը: Ավելին, զարմանալին այն կլիներ, որ կոռուպցիայի չափերով Հայաստանը հասած լիներ առաջատար և գերզարգացած երկրների մակարդակին: Այլապես 99-րդ, 89-րդ թե 109-րդ խիստ պայմանական հորիզոնականներն զբաղեցնելով և կամ նման ոչ այնքան պատվաբեր և ոչ էլ անպատվաբեր տեղերի «շնորհմամբ» գործնականում ըստ էության ոչինչ էլ չի կարող փոխվել: Ամբողջ խնդիրն էլ հենց այս է: Եվ իրոք, եթե գնահատականները գույները խտացնելուց բացի գործին ուրիշ ոչնչով չեն օգնում, ուրեմն օտարերկրացիների «սարսափազդու փաստերի» հանդեպ հետաքրքրության անկումը կարելի է և° բնական, և° օրինաչափ համարել: Ի վերջո, դժվար չէ նկատել, որ նախանձելի հետևողականությամբ գործող այս մարդիկ ոչ թե հիմնախնդիր ների լուծման ուղիներ են նախանշում, այլ միայն «փաստն» են արձանագրում: Իսկ տվյալ պարագայում արձանագրումների կարիք բոլորովին էլ չկա: Մեր խնդիրներին ամենաքաջատեղյակը հենց մենք ենք: