ՀԱՄԱՏԵՂ ՆԱԽԱԳԻԾ


 

Վաղը` հոկտեմբերի 4-ին, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում տեղի կունենա անչափ ուշագրավ թատերական նախագծի առաջնախաղ: Տարիներ առաջ թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» կատակերգության առաջին տարբերակի և «Բաղնըսի բոխչա» վոդևիլի հիման վրա ստեղծեց «Փուղի զորութինը» ներկայացումը: Անվանափոխելով իր բեմադրությունը` Ն. Ծատուրյանը ստեղծել է «Այ քեզ խաթաբալա» բեմադրությունը, որին մասնակցում են նաև Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան թատրոնի դերասանները:

Սա, ըստ էության, թատրոնի առաջին միջազգային նախագիծն է: Երկու հնագույն թատրոնների ստեղծագործական համագործակցությունը լուծելու է ինչպես գեղարվեստական խնդիրներ, այնպես էլ նպաստելու է Թբիլիսիի հայկական թատրոնի յուրատեսակ հանրահռչակմանը: Ադամյանցիներից ներկայացմանը մասնակցում են Վրաստանի Հանրապետութ յան ժողովրդական արտիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Էլեոնորա Օհանյանը, Սերգեյ Սաֆարյանը, Գագիկ Մելքումյանը, ուրիշներ: