Ի՞ՆՉ ԿԱՍԻ ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ


 

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի առաջին նիստի օրակարգում ընդգրկված է նաև Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանի նախագահի կողմից նրան ներում շնորհելու մասին հարցը: Այն քննարկվելու է վաղը` հոկտեմբերի 4-ին: Հասկանալի է, որ այդ հարցի քննարկման ժամանակ Ադրբեջանն ու Հունգարիան` դուետ կազմած, ամեն ինչ կանեն արդարացնելու համար քաղաքակրթության դեմքին ապտակ դարձած որոշումը:

Չնայած Թուրքիան Սաֆարովի հարցում գրեթե լոյալություն պահպանեց, իսկ մի շարք թուրքական թերթեր էլ դատապարտեցին Հունգարիային և Ադրբեջանին, այնուհանդերձ, նիստում, հավանաբար, կկանգնի Ադրբեջանի կողքին: Իսկ ի՞նչ դիրքորոշում կունենան ԵԽ անդամ մյուս երկրները: Գիտենք, որ մի շարք պետություններ հանդես եկան դատապարտող հայտարարություններով, սուր քննադատության ենթարկեցին հատկապես Ալիևի հրամանագիրը: Բայց, միաժամանակ, այս հեղինակավոր կառույցի անդամ շատ երկրներ էլ որդեգրեցին լռությունն ու պասիվությունը: Մասնավորաբար, այդպես էլ իրենց դիրքորոշումը չներկայացրեցին Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Հունաստանի, Գերմանիայի և այլ երկրների իշխանությունները: Արդյո՞ք ԵԽԽՎ նիստի ժամանակ նրանք նույն անտարբեր վերաբերմունքը կունենան, արդյո՞ք կպաշտպանեն Ադրբեջանի նախագահին և Հունգարիայի վարչապետին: Այս հարցի պատասխանն ինչ-որ չափով պարզ է մեզ համար, որովհետև անգամ այս ցնցող ու հակամարդկային արարքը, երբ պետական մակարդակով քաջալերվեց հանցագործությունը, եվրոպական արժեքներ կրող շատ երկրների չստիպեց սթափվել և դատապարտող կոչեր հնչեցնել: Որոշ պետություններ էլ, ցավոք, կատարվածը դիտարկեցին սոսկ Հայաստան-Ադրբեջան հակամարտության շրջագծերում` այդպես էլ չհասկանալով, որ թե´ Ռամիլ Սաֆարովը, թե´ նրան արտահանձնած Հունգարիան, թե´ արդարացրած Ալիևը մարդկության դեմ հանցանք են գործել: Չհասկացան, որովհետև առաջնորդվեցին բոլորովին այլ շահերով…

Սակայն գոնե այս անգամ համոզմունքի նշույլներ ենք տեսնում, հավատում ենք, որ ԵԽԽՎ-ն կընդունի համապատասխան որոշում և Սաֆարովին կվերադարձնի հունգարական բանտ…