ՎԱՆԴԱԼԻԶՄ ԵՎ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


 

Արդեն հայտնի են անուններ, ովքեր իրականացրել են այս հանցագործությունը: Սակայն արդյո՞ք այդպես դյուրությամբ կվնասվեր այդ արձանը, եթե քանդակագործն արհեստավարժ մոտեցում հանդես բերեր և գիպսից արձանը չտեղադրեր հանրային վայրում: Կամ, արդյո՞ք ստեղծված քանդակագործական աշխատանքները արվեստի լուրջ ստեղծագործություններ են: Թե´ Չարենցի, թե´ Մհեր Մկրտչյանի արձանները հեռու են կերպարայնությունից, նրանց նկարագրերի ճշգրիտ մատուցումներից: Ընդամենը տակառիկը դնելով դերասանի էության հետ կապ չունեցող արձանի ձեռքերի մեջ` քանդակագործը չի կարողացել արտահայտել բնորդի նկարագիրը: Իսկ Եղիշե Չարենցի քանդակը որևէ աղերս չունի մեծ բանաստեղծի բնավորության ու կերպարի հետ: Այսինքն, մայրաքաղաքի կենտրոնում բազմեցվել են սխալ նյութով և արվեստի հետ որևէ աղերս չունեցող քանդակներ, որոնք հավաստում են քանդակագործի ոչ արհեստավարժությունն ու պատվիրատուի անտարբերությունը:

 

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, տեսնելով Եղիշե Չարենցի և Մհեր Մկրտչյանի արձանները` շատերն ուրախացան, հպարտության զգացում ունեցան: Տարեցները հիշեցին, որ այս հրապարակում` «Տուրիստ» սրճարանում, հաճախ էր լինում Մհեր Մկրտչյանը` շրջապատված Լևոն Ներսիսյանի, Ազատ Շերենցի, Վաղինակ Մարգունու ընկերակցությամբ: Շատ ավելի տարեցները, ովքեր 1930-ականներին դպրոցականներ էին եղել, հիշեցին նույն այս սրճարանում հաճախ հայտնվող Եղիշե Չարենցին...… Կարծես մեր մեծերը Երևան էին վերադարձել, ու Աբովյան փողոցը ստացել էր իր նախկին տեսքը:

Բայց ահա հայտնվեցին մի քանի սինլքորներ ու քստմնելի արարածներ, ովքեր սկզբում Մհեր Մկրտչյանի արձանի մատը պոկեցին, հետո էլ կոտրեցին տակառիկը: Քիչ է ասել` կոտրեցին: Ավերեցին արձանը, որը ոչ միայն դարձել էր հրապարակի զարդը, այլև արվեստի ուրույն ստեղծագործություն կարող էր լինել: Երբ առաջին հարձակումը տեղի ունեցավ մեծ դերասանի վրա` քաղաքային իշխանությունները հայտարարեցին, թե արձանների մոտ տեսախցիկներ են տեղադրելու: Մինչ տեսախցիկներ տեղադրելը` կարելի էր հսկողության այլ քայլեր ձեռնարկել: Բայց իշխանությունները հապաղեցին, իսկ բարոյականության սահմաններն անցածներն էլ իրենց նոր «խրախճանքը» սարքեցին` այժմ արդեն ջանալով ոչնչացնել արձանը:

Ի՞նչ վայրենի կիրք էր նստած այդ մարդկանց մեջ, ի՞նչ ազգային պատկանելություն ունեին նրանք, որ ձեռք էին բարձրացնում արվեստի ստեղծագործության և արվեստագետի հիշատակի վրա: Անկեղծ ասած` այս հարցերի պատասխանները մեզ չեն հետաքրքրում, որովհետև երևույթն ինքնին պատասխանում է շատ հարցերի, մեկ անգամ ևս վկայում, որ հասարակության մեջ ձևավորվել է մի շերտ, որի համար գոյություն չունեն ազգային սրբություններ ու արժեքներ: Արդեն իսկ մեծանում է անբարո հոգեբանությամբ ստահակների մի խումբ` օգտվելով նաև հասարակական անտարբերությունից: Այո´, անտարբերությունից, որովհետև շատ հաճախ անհոգաբար անցնում ենք փողոցում ծառեր կոտրողների, աղբամաններ ավերողների, քաղաքում տեղադրված նստարանների վրա խզբզողների կողքով ու ձայն չենք հանում: Ձայն չենք հանում այն ժամանակ, երբ աղավաղվում-այլանդակվում են շենքերի պատերը, երբ ծխախոտի քնթուկները նետում են գազոնների մեջ... Ամեն ինչ մանրուք թվացող այս երևույթներից է սկսվում, ամեն ինչ սկսվում է անուշադրությունից: Հետո այս ամենը տարածվում է ազգային արժեքների վրա: Այդպես է լինում, որովհետև հայրենասիրություն հասկացությունը դարձել է ճառային մի բառ, որովհետև անտարբեր ենք դարձել մեր ունեցածի, մեր հիշողության հանդեպ:

Կատարվածից հետո դարձյալ լռություն տիրեց, հանրությունը չըմբոստացավ, չբողոքեց: Գրանտակեր կազմակերպությունները, որոնք փքուն անվանումներով ինչ-որ շարժում ներ են ստեղծել, դատապարտող կոչերով հանդես չեկան, չուզեցին ըմբռնելի դարձնել «Քաղաքը մերն է» կարգախոսը: Չհայտնվեցին տարատեսակ մարիամսուխուդյաններ ու նմաններ, ոչ ոք չուզեց հանրային տարածքների իբր պաշտպանությունից զատ` մտածել նաև հանրային ու ազգային հարստություն հանդիսացող արձանների մասին: Սա ևս ապացուցեց, որ անգամ շատ դեպքերում հայրենասիրությունն ու հանրային ըմբոստացումը մեզանում պատվիրովի է, վճարովի:

Ցավալի է արձանագրել, որ կատարվածից հետո մեր մտավորականության շատ նշանավոր դեմքեր դատապարտող ելույթներով հանդես չեկան, չկամեցան հանրային ուշադրությունը սևեռել կատարվածին: Իհարկե, մեր կայքերից մեկը տեղադրեց «ճանաչված հայերի» կարծիքները ոչ թե կատարվածի, այլ Կասկադում տեղադրված արձանների մասին: Եվ ահա այդ «ճանաչվածներից» մեկը` հաղորդավար Ավետ Բարսեղյանն, ասել է.

- Այն բոլոր արձաններն ու քանդակները, որոնք տեղադրված են Գաֆեսճյան պարտեզում, ինձ դուր են գալիս, սկսած մոդեռն քանդակներից մինչև Թամանյանի նման մեծության արձանը: Ինձ դուր չի գալիս այն, ինչ Աբովյան փողոցում են տեղադրել վերջերս: Ինձ դուր չի գալիս այդ քանդակների թե´ ձևը և թե´ ոճը:

Գուցե ոմանք ոգեշնչվե՞լ են այս «ճանաչված հայի» գնահատականով. ու, քանի որ Ավետին դուր չեն գալիս այդ արձանները, որոշել են դրանք ոչնչացնել...

Անտարբերությունն էլ հենց ոգեշնչում ու ոգևորում է բոլոր նրանց, ովքեր արժեքներ են ոչնչացնում` նույն սառնասրտությամբ ու ցինիզմով պատրաստ լինելով ձեռք բարձրացնել նաև մարդկանց վրա: Ժողովրդական ասացվածքը վկայում է. «Ձու գողացողը ձի էլ կգողանա»: Արձան ոչնչացնողը մարդ էլ կսպանի: Ուրեմն, զգուշանա´նք. մեր շարքերում ավելանում են մարդասպանները...

Լ. Մ.