ՎՐԱՑԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼ Է


 

Վրաստանում ավարտված խորհրդարանական ընտրություններն արձանագրել են շատերի համար անսպասելի համարվող արդյունքներ: Համամասնական ընտրակարգով հաղթել է ընդդիմությունը, մեծամասնականով` նախագահական կուսակցությունը:

Մինչև Վրաստանում բռնկված համաժողովրդական բողոքի ցույցերը, որոնք նվիրված էին բանտերում կալանավորների նկատմամբ կիրառված կտտանքներին ու բռնաբարութ յուններին` այս արդյունքն իսկապես կարող էր աներևակայելի համարվել, քանի որ ընտրազանգվածի հիմնական մասն ուղղորդված էր դեպի իշխանությունը: Շատ վրացիների համար Սահակաշվիլու կուսակցությունը համարվում էր ամենաընդունելին, վրացիներից շատերն իրենց հիացմունքն էին արտահայտում երկրում իրականացվող բարեփոխումների առթիվ: Սակայն վերջին օրերի բողոքի ցույցերը փոխեցին իրավիճակը, ամրապնդեցին ընդդիմության դիրքերը: Այժմ արդեն պարզ է, որ ընդդիմությունը խորհրդարանում մեծամասնություն կկազմի, իրավունք կնվաճի ձևավորելու կառավարություն: Իսկ սա նշանակում է, որ նախագահ Սահակաշվիլին կվերածվի «անգլիական թագուհու», գրեթե իշխանությունից զրկված նախագահի:

Վրացական ընտրություններում գրանցված արդյունքները մեզ համար հետաքրքիր են դառնում աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում: Հայտնի է, որ Իվանիշվիլին ռուսամետ քաղաքական գործիչ է, կողմ է Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների ջերմացմանը: Սա նշանակում է, որ Ռուսաստանը կարող է նորից Վրաստանում իր ազդեցության դաշտը ձևավորել, առավել ամրապնդել դիրքերը տարածաշրջանում: Այսինքն, Ռուսաստան-Վրաստան հնարավոր ալյանսը կարող է նպաստել նաև Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների սերտացումին: Բայց միայն սա չէ կարևորը:

Ի տարբերություն Սահակաշվիլու, Իվանիշվիլին սառն ու անհաղորդ վերաբերմունք ունի Ադրբեջանի և Թուրքիայի հանդեպ, դեմ է, որ Վրաստանում գերակա դառնան ադրբեջանական և թուրքական կապիտալն ու ազդեցությունները: Եվ սա է պատճառը, որ երկու երկիրն էլ բավական սառն արձագանք ունեցան վրացական ընտրությունների հանդեպ: Չի բացառվում, որ Իվանիշվիլու խորհրդարանն ու կառավարությունը վերանայեն Տրապիզոնում կնքված պայմանագիրն ու իրենց հայացքը հառեն դեպի Ռուսաստան և Հայաստան: Սա կնշանակի հատկապես ադրբեջանական դիրքերի թուլացում: Եթե Սահակաշվիլին իր տնտեսական քաղաքականությունը կառուցում էր ադրբեջանական էներգակիրների տարանցումից ստացվող եկամուտների վրա, ապա Իվանիշվիլին ամեն ինչ կանի, որպեսզի ռուսական գազն ու նավթը նպաստեն վրացական տնտեսության զարգացումին: Այդ հարցում որոշակի համախոհություն կձևավորվի նաև Հայաստանի հետ, որն իր արևմտամետ նկատելի դիրքորոշումներով հանդերձ, Ռուսաստանի համար կարևորագույն պատվար է տարածաշրջանում: Չի բացառվում, որ որոշակի անկումներ գրանցվեն վրացական տնտեսության մեջ, քանի որ ռուսամետ իշխանությունը չի արժանանա այն մեծ օգնությանը, որը ցուցաբերում է ամերիկյան իշխանությունը Վրաստանի հանդեպ: Սակայն սա կարող է լինել ժամանակավոր անկում, քանզի այժմ արդեն Ռուսաստանը մեծ ջանքեր կգործադրի Վրաստանին սիրաշահելու և իր դիրքերն այստեղ ամրապնդելու համար…