Գլխաթասակները ևս


 

Ընթերցողը հիշում է երևի, որ անցյալ գարնանից Ֆրանսիայում հատուկ օրենքով արգելվել է հասարակական վայրերում և փողոցում «ամբողջական քող» կրել. այդ թվում` իրանական փարանջա, արաբական նիքաբ և բուրկա, որն ընդունված է աֆղանուհիների ու պաստանուհիների շրջանում: Մուսուլմանական այս ծածկահանդերձները գրեթե լիովին փակում են կանանց մարմինը, իսկ բուրկան` նաև դեմքը:

150 եվրո տուգանքի սպառնալիքով` կանայք իրավունք չունեն հայտնվել փողոցներում, զբոսայգիներում, լողափերին, խանութներում, ռեստորաններում, թատրոններում, կայարաններում, վարչական ու կրթական հաստատություններում, հիվանդանոցներում, թատրոններում, գրադարաններում, մարզադահլիճներում ու տրանսպորտում:

Հիմա արդեն վիճարկվում է գլխաթասակներ կրելու թույլատրելիությունը: Ֆրանսիայի ծայրահեղ աջ Ազգային ճակատի նախագահ Մարին Լե Պենն անցած շաբաթ կոչ է արել` հանրային վայրերում արգելելու հրեական ավանդական տղամարդկանց գլխաթասակը:

- Ակնհայտ է, որ եթե մենք արգելում ենք փարանջան, պետք է արգելենք և թասակը` հասարակական վայրերում,- տրամաբանել է Լե Պենը:

Այս պարագայում` ավելի սահմանափակ վայրերում` խանութներում, փողոցներում և տրանսպորտում (հաղորդել է «Գոլոս Ռոսիի»-ն):

Բոլոր տեսակի ազատություններ արտոնող երկրում, բնականաբար, չէր կարող հարց չծագել. արդյո՞ք նման արգելանքը քաղաքացիների իրավունքների սահմանափակում չէ: Քաղգործչի պատասխանն ավելի քան սպառիչ է.

- Չէ՞ որ արգելված է փողոցում մերկ քայլել: Դա ազատության սահմանափակո՞ւմ է: