ԹԱՓԱՆՑԻԿ, ՓՈԽՎՍՏԱՀԵԼԻ


 

Խորհրդարանում «Հանրապետական» կուսակցության պատգամավորական խմբակցության քարտուղար Հովհաննես ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ մեր զրույցը Անկախության տոնի նախօրյակին էր, և օրվա խորհրդին չանդրադառնալ չէինք կարող:

- Անկախ պետություն, պետականություն ունենալը բարձրագույն արժեք է: Երբ ինքներս ենք որոշում մեր թե´ արտաքին, թե´ ներքին քաղաքականությունը, մի տեղ` լավ, մի տեղ` վատ, էական չի: Կարևոր է, որ մենք ունենք պետություն և պետականություն, ունենք միասնական մտածելակերպ, ունենք ինքնուրույն գործելու և´ հնարավորություն, և´ ունակություն:

Ձեր կարծիքով ո՞րն է կամ ի՞նչն է մեր ունեցած ամենալուրջ բացթողումը կամ անհաջողությունը:

- Ես բացթողում չէի ուզենա ասել. մենք նոր անկախացած պետություն ենք, և պարզ է, որ կլինեին խնդիրներ, ինչպես նաև պարզ է, որ ունե´նք խնդիրներ: Ինձ համար ցավն այն է, որ լինում են մարդիկ, ովքեր պետականություն կրողներ կամ դրա հիմքում լինելով` երբեմն չունեն պետականության զգացողությունը: Իսկ կորուստների առումով կասեի, որ Եռաբլուրն է մեր հիմնական կորստի առհավատչյան` անկախության ճանապարհին:

- Իսկ որո՞նք են պատճառները, որ այսօր ստիպված ենք խոսել օլիգոպոլիաները վերացնելու մասին, որո՞նք են պատճառները, որ մեզանում օլիգարխներ կան: Մի՞թե դա նոր անկախացող երկրի համար անխուսափելի պայման է:

- Երբ երկիրն անկախանում է, և ամեն ինչ զրոյից ես սկսում, ճանապարհին կարող են խոչընդոտներ, խնդիրներ լինել: Ձեր մատնանշած խնդրին ես կավելացնեմ նաև կոռուպցիոն տարբեր դրսևորումները: Այդ երևույթները անկախանալու պատճառով չառաջացան: Դրանք եղել են, այսօր էլ կան` ցանկացած հասարակության մեջ և վաղը նույնպես լինելու են: Այլ խնդիր է, թե ինչպիսի արմատներ են գցել հասարակության մեջ. խնդիրը դա է: Որպեսզի ավելի արդյունավետ ստացվի պայքարը նեգատիվ երևույթների դեմ` պետք է բոլորս միասին պայքարենք ու գործենք: Այս հարցում չկա իշխանություն, ընդդիմություն, ռամիկ, շինական բաժանումը: Սա բոլորիս խնդիրն է:

Մեր զրույցի թեման անկախությունն է, իսկ վերջերս խորհրդարանը վավերացրեց ԱՊՀ առևտրի ազատ գոտու մասին պայմանագիրը: Այդ պայմանագիրը չի՞ խոչընդոտի մեր երկրի եվրաինտեգրմանը :

- Ոչ, չի խոչընդոտի, որովհետև մենք բազմիցս ասել ենք, որ համագործակցում ենք և´ Եվրամիության, և´ Միացյալ Նահանգների հետ. աշխարհում ցանկացած երկրի հետ ունենք դիվանագիտական հարաբերություններ: Գիտենք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է այս տարածաշրջանում, և այդ հարցում մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում: Առավել ևս` ցանկացած կառույցի, ցանկացած պետության հետ մեր հարաբերությունները մենք կառուցում ենք պարզ, թափանցիկ և փոխվստահության հիման վրա:

Ոչ միայն իմ, այլև շատերի կարծիքն է, որ շատ ավելի լավ կլիներ, եթե Հայաստանին հաջողվեր այստեղ հավասարակշռել Ռուսաստանի և Արևմուտքի ներկայությունն ու մեր վրա ունեցած ազդեցությունը: Նկատելի է, որ երկրի առաջին դեմքը նույնպես դրա ջատագովն է ու այդ ուղղությամբ է աշխատում: Այդ առումով եմ հարցնում, թե նշված պայմանագ րի վավերացումը որքանո՞վ է համահունչ մեր նպատակներին:

- Մենք ունենք տնտեսություն, ունենք որոշակի ռեսուրս, որը պետք է իրացնել: Ռուսաստանը մեզ համար համարվում է լայն շուկա, ավելի մոտ, ավելի հեշտ: Անկեղծ լինենք, որակական առումով մեր արտադրանքն (բոլոր արտադրողների մասին չեմ ասում) իր մակարդակով դեռ չի բավարարում եվրոպական չափանիշերը: Եվ կարծում եմ` այս առումով և´ Ռուսաստանը, և´ Վրաստանը մեր արտադրանքի իրացման բավական լուրջ շուկա կարող են լինել: Այս ամենն ավելի լավ կբացատրեն տնտեսագետները: Իսկ հարցի քաղաքական կողմի` հակակշիռների առնչությամբ պետք է նորից նշեմ, որ մեր բոլոր գործընկերների` կառույցների, պետությունների հետ մենք կառուցում ենք թափանցիկ, փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ