Ո՞Վ ԿԴԱՌՆԱ ՆՈՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ


 

Թիվ 35 ընտրատարածքում դեկտեմբերի 2-ին կկայանան ԱԺ պատգամավորի ընտրություններ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Սամվել Բալասանյանի` Գյումրու քաղաքապետ ընտրվելուց հետո, այստեղ թափուր է մնացել պատգամավորական տեղը:

Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի, շատերը, ովքեր նախկինում ցանկություն ունեին պատգամավորի թեկնածու առաջադրվել, փոխել են իրենց մտադրությունը` այսպես աջակցություն հայտնելով ՀՀԿ անդամ Արման Սահակյանին, ով հանդիսանում է այս ընտրատարածքի ֆավորիտը: Որոշ տեղեկությունների համաձայն` պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև քաղաքապետի ընտրություններում ամենաքիչ ձայներ հավաքած կենսաթոշակառու Սպարտակ Պետրոսյանը, ով մինչև վերջերս բնակվում էր Միացյալ Նահանգներում:

Սակայն այս ընտրատարածքը, ինչպես պարզվում է, կունենա նաև իր գլխավոր ինտրիգը, քանի որ իր որդուն խորհրդարան ուղարկելու լուրջ մտադրություններ ունի նորընտիր քաղաքապետ Բալասանյանը: Գյումրիից մեր աղբյուրները տեղեկացնում են, որ արդեն սկսվել է յուրատեսակ ընտրարշավը, քանի որ Բալասանյանի համախոհները հայտնվում են ընտրատարածքն ընդգրկող թաղամասերում և մարդկանց կոչ անում պաշտպանել կրտսեր Բալասանյանիթեկնածությունը, քանի որ Միսակը… գյումրեցի է, մինչդեռ Արման Սահակյանը ծնունդով Ջավախքից է...