ՕՍԿԱՆՅԱՆԱԿԱՆ «ԿՐՔԵՐ»


 

ՀՀ նախկին արտգործնախարար և ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ու նրա հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի շուրջ եռացող կրքերը ներկայացնելը դուրս է մեր հետաքրքրությունից: Մեզ առավելապես զբաղեցնում է մի միտք. այդ ինչպե՞ս է պատահում, որ գլխավոր դատախազը խորհրդարան է ներկայացնում մի փաստաթուղթ և դրա հիման վրա հայտարարում Օսկանյանին որպես մեղադրյալ ընդգրկելու մասին, բայց նաև պնդում է, որ Օսկանյանը հրաժարվում է ցուցմունք տալ... Եթե Օսկանյանի դեմ չկա որևէ ցուցմունք, եթե չկա տուժող կողմ, եթե չեն հնչել բողոքներ` ինչպե՞ս է դատախազությունը նրան մեղադրյալ ճանաչում, երբ նա տակավին ցուցմունք էլ չի տվել, չի հերքել կամ հաստատել իրեն մեղսագրվողը:

Մեղադրյալ է համարվում այն մարդը, ում դեմ կան բողոքներ, մեղքը հաստատող ցուցմունքներ, կա տվյալ անձի խոստովանությունը...

Ազգային ժողովի ամբիոնից Վարդան Օսկանյանը հավաստիացրեց, որ որևէ հանցանք չի գործվել, որևէ գումար չի յուրացվել, փողերի լվացման որևէ գործընթաց չի եղել: Ի դեպ, գլխավոր դատախազը ևս չկարողացավ գեթ մեկ դրվագով հիմնավորել փողերի լվացումը: Ուրեմն, ստացվում է, որ դատախազությունը խորհրդարան էր եկել կիսատ-պռատ ինչ-որ մեղադրականո՞վ: Հենց դատախազության նման ոչ արհեստավարժ, մի շարք օրենքներ շրջանցող գործելաձևն էլ ստիպում է շատերին հայտարարություններ անել` քաղաքական հետապնդումների և հաշվեհարդարների վերաբերյալ:

Երևի ժամանակն է, որպեսզի երկրի նախագահը որոշում կայացնի նաև դատախազական համակարգում լուրջ փոփոխություններ և կադրային տեղաշարժեր կատարելու մասին, քանզի նույն մարդուն 12 տարի նույն պաշտոնում թողնելը առաջ է բերում լճացածություն: