ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ` ԻՐԱՎԱԽԱԽՏ


 

2006 թվականին Գյումրիում գործարար Վահագն Հովնանյանի նախաձեռնությամբ ստեղծվեց «Գյումրու թատերական հիմնադրամ» կառույցը, որը, սակայն 2009-ից ի վեր չի գործում: Հովնանյանն իր ներդրած 25 հազար ԱՄՆ դոլարը հետ վերցրեց և նվիրաբերեց Թատերական գործիչների միությանը, իսկ հիմնադրամի հիմնադիրը` Գյումրու քաղաքապետարա նը, լուծարեց հիմնադրամը:

Սակայն օրերս նախկին հիմնադրամի նախկին տնօրեն ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանը տուգանվեց 50 հազար դրամով այն բանի համար, որ տեղեկատվություն չի ներկայացրել հիմնադրամի լուծարման մասին: Հիմնադրամից 4 անգամ հեռախոսով նախարարության պատասխանատուներին տեղեկացվել է, որ տեղեկատվությունը պետք է ներկայացնի քաղաքապետարանը, որովհետև նա է լուծարել հիմնադրամը, մինչդեռ նախարարությունում, չուզենալով նամակ ուղարկել քաղաքապետարան` որոշել են պատժել արվեստագետին: Հրայր Թովմասյանի գլխավորած կառույցում ոչ միայն գերազանցել են իրենց իրավունքները, այլև իրենց են վերապահել դատարանի գործառույթը: Ու հիմա նախկին հիմնադրամի տնօրենին խորհուրդ են տալիս դիմել դատարան և վիճարկել իրենց կայացրած որոշումը: Երևի կարծում են, թե արվեստագետներն այս դեպքում էլ կխաբվեն ու հայց կներկայացնեն դատարան, որն ամբողջապես գտնվում է նախարարի ենթակայության ներքո... Սեփական սխալներն ուղղելու և ներողություն խնդրելու փոխարեն` որոշել են մտնել արվեստագետի գրպանը: Դե, հզորներից վախենում են փողեր գանձել, իսկ թույլերին միշտ կարող են ճնշել...