ԳՈ°ՐԾՆ Է ԱՆՄԱՀ ԴՈՒՍՏՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀՈՐ ԱՆԿԱՏԱՐ ՓԱՓԱԳԸ


Ապրում էր մետաղագործների քաղաք Ալավերդիում մի համեստ, լրջախոհ մարդ: Լավ մանկավարժ էր. նրա աշակերտներից շատերն էին հետագայում ուսուցիչ դառնում: Բայց նա առավել հայտնի էր որպես անաչառ ու համարձակ լրագրող-խմբագիր, որի «Զգույշ, առջևդ մարդ է»` ռուսամոլության ու բյուրոկրատիզմի գռեհիկ դրսևորումների դեմ գրած հոդվածն արժանացավ կուսշրջկոմի բյուրոյի քննարկմանն ու դրանից բխող որոշմանը` «Կուսակցական խիստ նկատողություն և աշխատանքից ազատում»: Նա շնորհալի արձակագիր էր: Հիմնական աշխատանքին զուգահեռ Արշալույս Գևորգյանը ղեկավարում, ավելի ճիշտ կլինի ասել` կազմակերպում էր Ալավերդու գրողների միավորման գործունեությունը: Այն տարիներին Թումանյանի անունը կրող հեռավոր շրջանի գրողների գործերը կանոնավոր պարբերականությամբ տպագրվում էին հանրապետական (այդ թվում` «Ավանգարդ») և տեղական թերթերում ու ամսագրերում, հաղորդվում ռադիոյով: Ավելի շատ անհանգստանում էր ուրիշների, քան իր գործերի համար: Արշալույս Գևորգյանը մի անգամ նույնիսկ Ուրալ էր հասել` տեղի գրական հանդեսի խմբագրություն տանելով լոռեցիների ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունները: Նա կարողանում էր շուտ նկատել գրական առողջ ծիլը և խնամքով աճեցնել: Արշալույս Գևորգյանը շատ գեղեցիկ ծրագրեր կարողացավ իրականացնել իր հարազատ քաղաքում, բայց դեռ 60-ը չբոլորած հեռացավ կյանքից` այս աշխարհում թողնելով բարի անուն և բազում անկատար գործեր: Անտիպ մնաց նաև գրաքննության մաղով անցած և տպարան իջեցնելուն պատրաստ գիրքը, որի մասին բարձր կարծիք էր գրել Մուշեղ Գալշոյանը: Եվ ահա նրա դուստր Անահիտը, նույնպես երկարամյա լրագրող և ստեղծագործող, իրականացրեց հոր իղձերից մեկը: Ոչ, ոչ նա իր հոր գործերը չի հրատարակել: Հավաքել է Թումանյանի նախկին շրջանի 33 բանաստեղծների լավագույն աշխատանքները և տպագրել գեղեցիկ ձևավորված «Լոռի, իմ սեր, իմ թախիծ» 256 էջանոց գրքում: «Նրանք այնքան տարբեր են, այնքան սիրելի»: Այստեղ ամփոփված են և° վաղամեռիկ Նորիկ Հախվերդյանի, և° երկրաշարժից զոհված Արարատ Մկրտումյանի, և° այս տարի մեր շարքերից հեռացած Գայանե Բաբայանի, և° լավ հայտնի հեղինակների բանաստեղծություններ: Այդ ստեղծագործողներից ոմանք առաջին անգամ են գրքով ներկայանում: Ալմանախի լույս ընծայման և հանրությանը ներկայացնելու հետ կապված բոլոր ծախսերը հոգացել է տիկին Անահիտի Վահագն որդին` Արշալույս Գևորգյանի այն թոռը, ում պապը չհասցրեց անձամբ առաջին դասարան տանել: Ի դեպ, Սուրեն Մուրադյանի բանաստեղծությունների շարքը նկարչական ձևավորմամբ է, որի հեղինակները Անահիտի թոռնուհիներն են: Իսկ ընտանիքի հոր` փիլիսոփայության դասախոս Էդիկ Աբգարյանի մասնակցությունն այս գործում, ինչպես ինքն է կատակով ասում, «եղել է չխանգարելը»: Մի խոսքով, ընտանիքը գրական հոյակերտ հուշարձան է կանգնեցրել Գրող, Քաղաքացի, Մարդ, Ծնող Արշալույս Գևորգյանին: Եզակի և ընդօրինակման արժանի մնայուն գործ: Ալավերդու մշակույթի պալատում օրերս կայացած գրքի շնորհանդեսն ու գինեձոնը գրականությանը, մարդուն, ծնողին նվիրված ինքնաբուխ մի հանդես էր` երաժշտությամբ, ասմունքով, ջերմ ելույթներով, հուզիչ ու թանկ հուշերով հագեցած£ Ցավոք, ո°չ քաղաքի, ո°չ էլ ՀԳՄ-ի ղեկավարները չէին բարեհաճել մասնակցել փոքրիկ բնակավայրում հազվադեպ կայացող նման հրաշալի հանդիսությանը: Ափսո¯ս. նրանք շա°տ բան կորցրեցին: Համլետ ՄՈՍԻՆՅԱՆ Ալավերդի-Գյումրի