ՍՈՖԻ ՄԻՐԶՈՅԱՆ ՋՐԱՀԱՐՍԸ


Թատերագետ Սոֆի Ռաթևոսի Միրզոյանը Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի գրական մասի վարիչն է: Ստեղծագործում է ինքնատիպ ոճով` չդավաճանելով իր սկզբունքներին, չենթարկվելով թելադրանքների£ Մանեն լսարանից դուրս եկավ ուժասպառ ու ցրված: Հարյուրերորդ անգամ էր կարդում Գյոթեի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» ու չէր հավատում ո°չ Գյոթեին, և ո°չ էլ համաշխարհային գրականություն մուտք գործած հանճարեղ տիտաններին: Գեղեցիկի, սիրո, հավատարմության ու զոհաբերության փքուն հորինվածքներով հարկ չկար խաբել դարից առաջ անցած սերունդներին: Մեր ժամանակներում սիրուց միայն չարչրկված գաղափարն է մնացել: Համոզված էր, որ քաղաքակրթությունը երբեք չի նպաստում կիսամարդ արարածի իմացության զարգացմանը: - Համբարձումյա°ն,¬ ամբիոնի գործավարուհու ճղճղան ձայնը սթափեցրեց Մանեին,¬ արվեստաբանների կուրսը ռեֆերատները բերեց: Մանեն գլխով դրական նշան արեց ու մտավ ամբիոն: Սեղանին մի խուրձ թղթեր տեսավ: Վաղուց էր, որ դրանց մեջ ոչ մի ինքնուրույն վերլուծական միտք չէր գտնում: Ինտերնետը կանխել էր մարդու անաղարտ մտքի բոլոր առկայծումները: Առաջին տետրը, որ բացեց, լեզուն դուրս գցած մեյմունի պատկեր տեսավ` չզարմացավ, բնութագրական էր` Աշոտը չէր մոռացել շնորհակալություն հայտնել ամբիոնի վարիչի միջամտությամբ ստացած բավարարի համար: Դասախոսի մեծահոգության դիմաց այս տեսակ «նորամուծությունը» կարելի էր նույնիսկ մեղմ պարսավանք համարել: Մանեն գլուխն առավ ափերի մեջ: Ուզեց փախչել փարիսեցի ուրբանիստների նամշահոտ միջավայրից: Մտքով գնաց Աևանի լեռներին շղթայված պապենական գյուղն, ու անցյալը չեղած մի բան թվաց: Մանկությունից հիշողությանը գրեթե ոչինչ պահ չէր տվել, բացի այծի ու մոր պտուկներին կպչելու խելահեղ ցանկությունից: Ինչ էլ որ հիշում էր` պապի զարմանահրաշ պատմություններից էին: Չորս տարեկանում էլ, որտեղ տեսնում էր մորը, թախանձագին խնդրում էր բացել կուրծքը: Կրծքից կտրելու հազար միջոց էին հնարել, ճար չէր եղել: Աշխարհի համար ինչքան սեր էր քամել թափանցիկ աչքեր ունեցող արևածաղիկ մորից: Հայելին սև հագավ ու տան պատը ճաք տվեց, երբ մայրը մեռավ: Քանի անգամ էր պապի թևի տակ այծի կուրծք կերել` փորձելով մոր համն ու կարոտն առնել: Սևանի փրփրաբաշ ալիքներից ծնված աղջնակը ափ էր լողում միայն այն ժամանակ, երբ փափագում էր ձկնորս պապի ու մկկացող այծի պարանոցներին փարվել: Այծին լողալ էր սովորեցնում, սանրում երկար ծիլ-ծիլ բուրդը, պոզերին էլ փումփուլ էր կապում, ժապավենները ձևել ու կտրել էր Անթառամի խնձոր երեսներով տղա թոռան փայլուն վերնաշապիկից, որը թռցրել էր լվացքի պարանից: - Պապ ու թոռ այծին ցեղակից եք,- փնթփնթում էր Անթառամն ու չանչում պապի ետևից: Նրա ատելությունը աղջիկ ժամանակներից էր. ասում էր, որ իրենից հազար պագ էր առել ու վերջն էլ ամուսնացել Ալվարդի հետ: Պապի պագերը գյուղի աղջիկներին շռայլ էր եղել, բայց համոզվել էր, որ ամենատաքը Ալվարդինն էր: Այնպես որ` քիթը վեր քշտած Անթառամի չանչերը հիմնավոր պատճառներ ունեին: ճիշտ է, չանչը` չանչ, բայց դե տաք բոքոնները թոնրից որ հանում էր, առաջինը ուղարկում էր ճմուռի սիրահար Մանեին: Տարիներն անցան. պապի խրատներով մեծացավ: Առաջին անգամ էլ խնձոր երեսներով տղի հետ ժամադրվեց` արցունքի կաթիլներից փնջված խաղողի ողկույզների տակ: Խաղողը թթու էր` համբույրների համեմատ: Օրերից մի օր էլ մուգ ապակիներով սև «Մերսեդեսը» մտել էր Անթառամենց բակն, ու ջահել սիրահարների խումբը խնձոր երեսներով տղի հետ իջել էր ջրի ափ: Մերսեդեսի շարմաղ մաշկ ունեցող օրիորդն էլ լողափին էր սիրահարվել Անթառամի թոռանը: Խաբուսիկ երջանկությունից խելքը կորցրած տղան ջուրն էր նետվել ու կորել եղեգների մեջ թաքնված Մանեի աչքից: Խեղդվողի ձայնը եղեգնուտ էր հասել: Դիվային պոլիպների ճանկերից ազատելով, Մանեն ափ էր դուրս բերել շփոթված սիրահարին: Ուշքի գալով` Անթառամի թոռը գլխավերևում ոչ ոքի չէր տեսել, բացի մոխրագույն ամպերից ու շիկամազ օրիորդից: Այդ գիշեր Մանեն չքնեց, սիրտը ճնճղուկի սիրտ դարձավ: Անթառամը թոռանն ամուսնացրեց քաղաքից եկած «Մերսեդեսով» օրիորդի հետ և վրեժը լուծեց պապից ու աշխարհից: Թոռան սիրտը կոտրվեց, ու պապը մեղա եկավ Աստծո առաջ: Ամառային ջերմ մի օր մեջքը հենեց բակի փշատենուն ու Մանեից թան խնդրեց: - Ձագ ջան, ինձնից հետո էս տան քաղցր հիշողությունները կպահես ծոցումդ, եղած-չեղածը կծախես ու քաղաք կերթաս: Ուսում կառնես, ու ինչ էլ որ լինի` հավատդ չկորցնես£ Արմատներիցդ չհեռանաս, չնմանվես բոլորին: Թանը խմեց ու բաց աչքերով կյանքը բաշխեց Աստծո ծառաներին: Մանեի զեյթունափայլ աչքերից արցունքի խոշոր կաթիլներ ընկան պապի մեղրափոշոտ ձեռքերին: Այգաբացից առաջ Մանեն պինդ-պինդ համբուրեց այծի արծաթափայլ դունչը, կապեց Անթառամենց խնձորի ծառից ու հետհայացք հեռացավ` դիմանալու աշխարհի սրված ժանիքներին: - Համբարձումյա°ն,- ձայն տվեց ամբիոնի վարիչը: Մանեն ցնցվեց ու արագ փակեց Սեմի տետրը£ - Ի՞նչ ես թաքցնում: - Ոչինչ: - Ահա, վերցրու. հոդվածդ կարդացի, համարձակ է գրված: Իսկապես, եթե ուզում են ազգը ոչնչացնել, սկսում են գիտությունից ու մշակույթից: - Հոդվածները չեն օգնում, համալսարանը ոտքի հանել է պետք,- խստաձայն պատասխանեց Մանեն: Ամբիոնի վարիչը խռպոտ հազաց` խուսափելով պատասխանից: ՈՒզում էր դուրս գալ, երբ Հակոբը մտավ ամբիոն: Մանեն հուզմունքից շփոթվեց ու հոգին դեմ առավ կոկորդին: Նրանց սիրային կապի մասին ոչ ոք չգիտեր: Կարևոր էլ չէր. կյանքը խորհուրդ ուներ, կինը` գաղտնիք: Երդումներ տվեցին... Գիժ ժամանակներում կրքերը թեժացան, երկիրը փքվեց սիրո առատությունից ու ծաղկի ծով դարձավ: Մանեն խենթացավ, հալվեց խելառ սիրո թանձրությունից ու ... վախեցավ: ժամանակ անցավ: Հակոբը տղեկի պահվածքով չհասկացավ էլ, թե ինչպես դավաճանեց հին ու նոր կանանց, ինքն իրեն, Մանեին ու ձուլվեց գորշ ու անդեմ ամբոխին: Ոչ ոք ոչինչ չասաց, չմեղադրեց ու չարդարացավ: Ամեն ինչ կորավ ակնթարթի մեջ, փոշիացավ երազն ու հանձնվեց քամու երախին: Հղիացավ անցյալն ու ցավ ծնեց: Երկար ժամանակ չէին տեսնվել: - Համբարձումյան, արվեստաբանների 4-րդ կուրսի ավագը քեզ է հարցնում,- ներս մտնելով` ցուցադրաբար հայտարարեց գործավարուհին: Մանեն մտքում օրհնեց ավագին ու դուրս եկավ ամբիոնից` բաց պարանոցին զգալով Հակոբի կարոտած հայացքի ջերմ ալիքները: Ճակատագրական օրից Մանեն նրա համար արգելված պտուղ դարձավ: - Ի՞նչ կա, Տիգրան,- հենվեց պատին` չընկնելու համար: - Վա՞տ եք զգում Ձեզ,- բռնելով Մանեի ձեռքը, բնական ձայնը կորցրեց Տիգրանը: Մոմե մատներից եռացող արյունը հասավ այտերին ու պատանին շիկնեց: - Դո¯ւք, դո¯ւք..., - նորից կմկմաց Տիգրանը,- Ձեր վերջին դասախոսության ժամանակ ժխտեցիք սիրո գաղափարը և¯...ես... Ես-ը հալվեց թուլացող շնչից ու խլացավ: Տիգրանը ողջ գիշեր սիրո խոստովանության այլ ձև էր մշակել, բայց գլխից ամեն ինչ դուրս թռավ: Մեղավոր հոգին մարմնի ո՞ր մասում էր, որ միանգամից դեմ առավ Մանեի կոկորդին: Դժոխքը նրա համար քանի՞ դուռ ուներ պահած: Քառասունամյա կինը ձեռքն ամոթխած դուրս քաշեց Տիգրանի ափից, հավաքեց իրեն, կենտրոնացավ ու մեղավոր ժպտաց. - Սերն եմ ժխտել Տիգրան, ոչ գաղափարը: - Ինձ Ձեր տուն կհրավիրե°ք,- վճռական դիմեց Տիգրանը: - Ահա թե ուր է հասցրել ձեզ վարքի ազատությունը: - Վարքի ազատությունը արդարացնում է արարքը, եթե զգացմունքներն անկեղծ են. Դո°ւք եք ապացուցել: _ճիշտ է, բայց մոռանում ես անկառավարելի բնազդների մասին: - Միշտ չէ, որ մարդը գերի է կրքերին,- Տիգրանի ձայնը թափ առավ,- էդ դեպքում ինչի՞ համար է քաղաքակրթությունը: - Հոգու փրկության,- տրտմաձայն ասաց Մանեն,- մարդը բնության հետ ներդաշնակ չէ: Ամբիոնի դուռը բացվեց: Հակոբը վավաշոտ մի համբույր դրոշմեց իրեն սեղմված ուսանողուհուն, հայացքը ուղղեց ավագի կողմը և մտավ ընթերցարան: Մանեն քանդեց պարանոցը սեղմող վերնաշապիկի կոճակը ու գնաց դեպի ելքի դուռը: Հեռանալ էր պետք, փախչել մեղապարտ աշխարհից, փախչել ու մերձենալ ծովի կաթնափրփուր ալիքներին: