Ակների զուլալ թատերավտակը


Տարածաշրջանում թատերական արվեստը անցյալ դարասկզբին «պատվաստել» են պղնձաձուլական գործարանում աշխատելու եկած այլազգիները£ Ալավերդում ֆրանսիացիները սիրողական ներկայացումներ են կազմակերպել, ակումբ կառուցել, որտեղ հյուրախաղերով հանդես են եկել Թիֆլիսի արտիստական խմբերը£ Ամենքից ավելի թատրոնով գայթակղվել են Արցախից ու Այրարատից Ակներում (այժմ` Ալավերդու թաղամաս) վերաբնակված 8 տոհմերի ներկայացուցիչները, որոնք, 1922¬ին Հարություն, Գևորգ և Սուրեն հայրենադարձ եղբայրների թատերախաղով խանդավառված, ստեղծել են իրենց ինքնագործ խումբը£ Տերտերից ընդամենը «գիր¬կապ» անել սովորած լինելով` անգիր իմացել ու յուրովի ներկայացրել են Թումանյանի «Անուշը», հեքիաթներ, մտացածին ու զավեշտախառն պատմություններ£ Մինչ օրս էլ սերունդներին ժառանգաբար փոխանցվում է սերը դեպի թատրոն, որի «ոսկեդարը» համագյուղացի Ջհան Շավինյանի բեմադրած «Խաթաբալա»¬ով սկսվում է նույն 1934¬ին, երբ ՀԽՍՀ լուսժողկոմատի որոշմամբ` ժողովրդական արտիստ Արմեն Արմենյանի ղեկավարած փոքրիկ դերասանախումբը հիմնում է Ալավերդու բանվորական թատրոնը£ Ի տարբերություն վերջինիս, Ակների ինքնագործ թատրոնը չկազմալուծվեց նույնիսկ Մեծ Հայրենականի տարիներին, որի թոհուբոհում կորցրեց իրեն զինվորագրված 14¬ին£ Վերածնվելով 1945¬ին` ակումբի վարիչ նշանակված Կոլյա Կոնինյանի անմիջական նախաձեռնությամբ£ Հայաստանում ժամանակին գործող շուրջ 700 ինքնագործ թատերախմբերի հետ մրցակցելիս երբևէ չի հաղթվել 1983¬ից «Ժողովրդական թատրոնի» կարգավիճակի արժանացած այս ինքնատիպ թատրոնը, որի խաղացանկում դասական ու ժամանակակից տարազգի ճանաչված հեղինակների 60 անուն գործեր կան£ Ակներցիների թատերաֆանատիզմը չնահանջեց նույնիսկ ակումբի շենքի վթարային անմխիթար վիճակի պարտադրանքով£ Բացօթյա «հանդիսասրահին» ապավինեցին£ Եվ միանգամայն օրինաչափ է, որ Ակներից ինքնաբուխ հորդացող զուլալ թատերավտակը պիտի սնուցեր «Թատերական Լոռի» հանրապետական փառատոնի 33-ամյա կենսունակությունը, միախառնվեր Ալավերդին չլքած բանվորական թատրոնի դերասաններով ձևավորված և շուտով (1957 թ.) «Թումանյանի ժողովրդական թատրոն» կոչմանն արժանացած, ապա` 70-ականներին Լեռնամետալուրգիական կոմբինատի մշակույթի պալատում Հայկազ Ոսկանյանի ստեղծած ու կրկին «Ժողովրդական թատրոն» կոչմանն արժանացած (1977 թ.) համերկրացիներին£ Թումանյան ու Մաթևոսյան ծնած հողը թատրոն էլ է ծնում` ելք հուշելով ամենածանր կացությունից£ Այդպես 1990-93 թթ. Թումանյանի ժողովրդական թատրոնի հենքով, Վոլոդյա Գրիգորյանի ու Վահե Շահվերդյանի նախաձեռնությամբ, ստեղծված աբելյանցիների փոքր բեմը ծնունդ տվեց համայնքային, 97¬ից` Ալավերդու քաղաքային թատրոնին, որի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Հրաչյա Պապինյանը, ընդունելով թատերափառատոնի ջահը Վալերի Պարանյանից ու Ռուբեն Հակոբյանից, 15 տարի շարունակ տնօրինում է նրա կանոնավոր ընթացքը` համաքաղաքացիների և, ամենակարևորը, քաղաքապետի կուռ համախոհությամբ, գործարար աշխարհի (հատկապես` «Vallex» խմբի) ու 2008¬ից` նաև Մշակույթի նախարարության կայուն աջակցությամբ£ «Անկյուն+3» տեղական հեռուստաընկերության ակտիվ լուսաբանմամբ` ամենքն են իրենց հարկի տակ, լեփ¬լեցուն դահլիճներում անցկացվող թատերատոնի յուրաքանչյուր օրվա պարգևած հոգևոր լիցքերով ապրում£ «Թատերական Լոռու» տարեգրութ յունը ձևավորող 7 տասնյակ թատերախմբերի մեջ տարեցտարի բնականոն ստվարանում է պրոֆեսիոնալների շարքը£ Պետական հուսալի հովանին ոչ միայն բարձրարժեք հոգևոր¬մշակութային, այլև ամրակուռ ռազմա-ստրատեգիական, ազգապահպան զորեղ կայանատեղի նշանակությունը կամրագրի սահմանամերձ Ալավերդի քաղաքի նաև այս ամենախոշոր հանրապետական թատերատոնախմբությամբ£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ