Կուզենայի՞ք անկեղծանալ - «Տատիկս երազում էր ինձ հեռուստացույցով տեսնել...»


Նազիկ ԱՎԴԱԼՅԱՆ Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, սպորտի բարձրակարգ վարպետ, ակրոբատիկայի բազմակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը անկախ Հայաստանի պատմության մեջ ծանրամարտի առաջին չեմպիոնուհին է£ Երբ 2009 թ. Հարավային Կորեայի Գոյան քաղաքում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո նրա պատվին բարձրացավ հայկական Եռագույնը, ժամանակը մի քանի վայրկյան ասես կանգ առավ... Նազիկը գլխավերևում պահեց 147 կգ քաշով ծանրաձողը` հաղթանակի բերկրանք ու հպարտություն պարգևելով ողջ հայությանը` 5 տարեկանից զբաղվել է ակրոբատիկայով, 8 տարեկանից` նաև ծանրամարտով£ Ուժեղ կամքի և աշխատասիրության շնորհիվ հաջողությունները հաջորդեցին մեկը մյուսին£ 150 և ավելի կիլոգրամներ գլխավերևում պահող հայուհին նուրբ ու քնքուշ սիրտ ունի, մեղմ ու ամաչկոտ բնավորություն£ Անմիջական է ու հաճելի զրուցակից է£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Այնպիսի դժվարություններ չեմ ունեցել, որոնք ինձնից մեծ ջանքեր պահանջեին կամ անհնար լիներ դրանք հաղթահարել, բայց եղել են բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կոփել են ինձ, փոխել բնավորությունս£ Շատ դժվար պահ էր ինձ համար, երբ վիրահատությունից հետո բժիշկը հայտնեց, որ 6 ամիս ժամանակ է պահանջվում առողջությունս վերականգնելու համար£ Այդ պահին գիտակցեցի, որ չեմ մասնակցելու Թուրքիայում կայանալիք աշխարհի առաջնությանը£ Դա շատ ծանր էր ինձ համար£ Այդ ամենի հաղթահարումը փոքրիկ հերոսություն էր£ Այս պահին ամենադժվարն այն է, որ պետք է մի կողմ դնեմ իմ պրոֆեսիոնալիզմը և զրոյից սկսեմ պատրաստվել գալիք մրցումներին£ Իմ գերագույն նպատակը օլիմպիական խաղերին լավ արդյունք ցուցաբերելն է£ Դրա համար ջանք չպիտի խնայեմ, պետք է հասնեմ պատրաստվածության նախկին մակարդակին£ Դա պրոֆեսիոնալ մարզիկի համար լուրջ փորձություն է£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ Հայի տեսակը` ըստ Ձեզ£ - Ես հպարտ եմ, որ հայ եմ և ապրում եմ Հայաստանում£ Երբ հիշում եմ մեր պատմությունը, հպարտության շունչ է արթնանում, որը խթան է դառնում նոր բարձունքներ նվաճելու£ Մենք, լինելով փոքրաթիվ ժողովուրդ, կարողացել ենք հաղթահարել բազմաթիվ ծանր փորձություններ, մինչդեռ ավելի հզոր տերություններ կործանվել են£ Բավական է հիշել Վ. Տերյանի «Մի° խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերին» բանաստեղծությունը, դա մեր անցած ուղու բնութագիրն է£ Հայը, ինչպես յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ, որպես մարդ ունի թե° դրական, թե° բացասական գծեր£ Չկա այնպիսի երևույթ կամ անձ, որ իր մեջ բացասական տարրեր չկրի£ Կատարյալ ոչինչ չկա£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Այս մասին առաջին անգամ պիտի խոսեմ£ Ես չեմ ցանկացել ծանրամարտիկ դառնալ£ Չեմ սիրել այդ սպորտաձևը, բացի այդ` ինձ զարմացրել են աղջիկ ծանրամարտիկները, նույնիսկ քննադատել եմ£ Շատերը գտնում են, որ ծանրամարտը կոպիտ մարզաձև է£ Ես էլ էի այդպես կարծում£ Հիմա ամեն ինչ փոխվել է£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Ամենամեծ առեղծվածը մարդն է, նրա հոգեբանությունը, հնարավորությունները£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը£ - Ես իրականում ավելի փոքրամարմին եմ, քան հեռուստացույցով երևում է£ Օրեր առաջ հագուստ պետք է գնեի£ Երբ փորձում էի, մի տեսակ գեր ցույց տվեց£ Կատակի տալով ասացի, որ գեղեցիկ չէ, ծանրամարտիկի տեսք ունեմ£ Վաճառողուհին, որ չէր ճանաչել, սկսեց համոզել, որ բոլորովին էլ այդպես չէ£ Ես շարունակեցի` ասելով, որ նմանվել եմ Նազիկ Ավդալյանին£ Վաճառողուհին ավելի ոգևորված սկսեց համոզել, որ ես ավելի գեղեցիկ եմ, քան Նազիկը£ Իսկ երբ իմացավ իրականությունը, իրեն շատ վատ զգաց£ - Մանկության այդ հուշը, որն ուղեկցում է Ձեզ£ - Մանկությունս անմիջականորեն կապված է տատիկիս հետ£ Ցավում եմ, որ այսօր նա կողքիս չէ£ Տատիկս երազում էր, որ գոնե մի անգամ ինձ հեռուստացույցով տեսնի£ Դժբախտաբար չհասցրեց, մահացավ մինչև իմ` ծանրամարտիկ դառնալը£ Տատիկս 5 տարեկանից ամեն օր ձեռքս բռնած տանում էր ակրոբատիկայի£ Եթե նա չլիներ, երբեք սպորտով չէի զբաղվի£

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ