Ի՞նչ պակաս ունկնդիր են կատուները


Կատուների երաժշտասիրության մասին կենդանաբանները դեռ չեն արտահայտվել: Բոլորը գիտեն, որ տաքուկ անկյուն սիրող այս չորքոտանիները մուկ բռնել են սիրում, լսում են այն ձայնը, ով իրենց համեղ պատառ է մատուցում…

Ամերիկացի երգահան, ջութակահար Դևիդ Թեյեն, սակայն, այլ կարծիք ունի կատուների արվեստասիրության մասին և բացառապես նրանց համար նախատեսված երաժշտական ալբոմ է ձայնագրել: Աշխարհում առաջինն իր տեսակի մեջ, որը հրատարակել է խոշորագույն կազմակերպություններից մեկը` UniversΖl Musiv-ը:

Շնորհանդես էլ է եղել. այն էլ ինչպիսի˜ շնորհանդես: Եվ որտե՞ղ` Արևելյան Լոնդոնի «Լեդի Դինա» կատուների սրճարանում: Ստեղծագործություններն առաջինը գնահատել են 13 փափկամազիկ ունկնդիրները: Սկզբում նրանց վերաբերմունքը զգուշավոր է թվացել արարողության մյուս մասնակիցներին, ովքեր էլ, չգիտես ինչու, եզրակացրել են, թե կատուները գոհ են մնացել:

«Կատուների համար» անվանյալ ալբոմը «մռլտացող» ու «կարկաչուն» հնչյունների կոմպոզիցիա է: Հեղինակը, փաստորեն, ոգեշնչվել է կատուներին սրտամոտ այդ հնչյուններով.

- Ես «մռլտացող» հնչյուններ արձակող շուրջ 20 տարբեր գործիքներ ունեմ,- պատմել է Մերիլենդ նահանգի համալսարանի դասախոս ԱՄՆ-ի ազգային սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթներ ունեցած Թեյեն (տեղեկացրել է AFP-ն):

60-ամյա երաժիշտն, իհարկե, մտածել է նաև կատվատերերի մասին. եթե երաժշտությունը դուր գա կենդանիներին և հաճելի լինի մարդկանց, այդ դեպքում կատու ունեցողները դժվար թե անջատեն այն: Այս նպատակով իր ստեղծագործություններում Թեյեն ավելացրել է հատվածներ մարդկային երաժշտությունից, որը հանգստացնող ազդեցություն ունի:

Ամենատարօրինակն այն է, որ Թեյեն տանել չի կարողանում կատուներին:

Նկատենք, որ երգահան-երաժշտի հաշվարկն այնքան էլ սխալ չէ` գործարարության տեսակետից. միայն Բրիտանիայում կատվատերերն իրենց փիսոների վրա ծախսում են մոտ 5 մլրդ. դոլար: